HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավ ա՝ գերի չի ընկել»,- հորեղբոր մահվան մասին ասել է 5-ամյա Էրիկան

Ռուզաննա Գալստյանը ցույց է տալիս զոհված որդու՝ Էդգարի նարդին: Նրան նարդի խաղալ սովորեցրել էր գումարտակի հրամանատարը: 

«Բանակից եկավ նարդի գնեցինք: Ով մտնում էր մեր տուն, առաջինը հարցնում էր՝ նարդի խաղալ գիտե՞ս, դե նստի:»,- պատմում է Ռուզաննան, հետո նարդին նորից խնամքով դնում իր տեղը:

15 տարի առաջ Ռուզաննան իր երկու զավակների՝ Դավիթի և Էդգարի հետ Երևանից տեղափոխվել է Քարվաճառ: Այժմ նա Դավիթի հետ Երևանում վարձով է բնակվում: Ասում է՝ հատուկ է Եռաբլուրին մոտ տուն ընտրել, որ հաճախ կարողանա Էդգարի մոտ գնալ: Քարվաճառից իրերը տեղափոխելիս մայրն առաջինը որդու նարդին է վերցրել: 

Էդգար Գալստյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին Քարվաճառի զորամասի Աղդակ դիրքում: Հաջորդ օրը նրան հուղարկավորել են Եռաբլուրում: 2019-ի հուլիսին նա զորացրվել էր ու սեպտեմբերին անցել պայմանագրային ծառայության: Բանակում Էդգարը հետախույզ էր, որպես պայմանագրային զինծառայող՝ նույնպես հետախույզ է եղել, հետո ոտքի խնդրի պատճառով դարձել է ինժեներասակրավորային ստորաբաժանման զինծառայող: 

Սեպտեմբերի 28-ին մի քանի անգամ խոսել է մոր հետ, երեկոյան նույնիսկ տեսակապով է զանգել.

«Միշտ որ դիրքեր էր բարձրանում, ոչ մի անգամ կամերա չէր միացնում, ասում էի՝ զգույշ, Էդգար, հա,՛ մամա, արխային, ես զգույշ եմ: Խոսելուց անընդհատ վերև էր նայում, ես էլ ասում էի՝ անջատի, անջատի, ինձ թվացել էր՝ անօդաչուներն էին: Եղբորս աղջիկն ասեց՝ աղոթում ենք քեզ համար, Էդգարն ասեց՝ ձեր աղոթքներն ա, որ ինձ 9 անգամ փրկել ա»: 21-ամյա Էդգարն ականանետի արկից է զոհվել:

Էդգարը ֆուտբոլ շատ էր սիրում, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ։ Երբ 10-րդ դասարանում էր սովորում, նրան առաջարկել էին Ֆուտբոլի ակադեմիա ընդունվել, բայց մայրը որոշել էր՝ որդին դեռ պետք է ավարտի դպրոցը։

«Ասում էր՝ խաչ քաշեցիր ֆուտբոլային կարիերայիս վրա»,-վերհիշում է Ռուզաննան։

Էդգարը երկու անգամ ճանաչվել է Արցախի լավագույն դարպասապահ: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին էր երկրպագում: Մայրն ասում է՝ «Բարսելոնայի» դրոշն էր սարքել, հենց ֆուտբոլ էր լինում, պահում էր ձեռքին, գլխարկն էլ հագնում ու նստում էր: Ռուզաննայի խոսքով՝ այնքան նվիրված էր ֆուտբոլ խաղում, որ մի անգամ ֆուտբոլի ժամանակ ոտքը վնասվել է, այդպես 90 րոպե շարունակել է խաղը. «Բանակում ոտքը դուրս էր ընկնում, արդեն սովորել էր, ինքն էր տեղը գցում: Ասում էր՝ մամ, էնքան լավ ա դիրքերում, մենակ գամ քեզ տեսնեմ, կարամ մի քանի ամիս մնամ»:

Էդգարն ուզում էր ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: 

«Արդեն ինքն էր աշխատում, ասում էր՝ կընդունվեմ, ես իմ համար կվճարեմ»,- նշում է Ռուզաննան:

Տան մի անկյունում` եռագույնի վրա նրա նկարներն են, պատի վրա էլ՝ ֆուտբոլի, վազքի ու սեղանի թենիսի մրցումներից ստացած պատվոգրերը:

Ռուզաննան ցույց է տալիս նրա ու եղբոր՝ Դավիթի երեխաների հետ լուսանկարներն ու ասում, որ եղբոր երեխաների համար Էդգարը խելագարվում էր: 

«Լավ ա՝ գերի չի ընկել»,- իմանալով հորեղբոր մահվան մասին՝ ասել է 5-ամյա Էրիկան: 

«Սպորտ էր շատ սիրում ու… ինձ, իր համար ես ուրիշ էի: Ուզում էր աշխատեր՝ ինձ լավ պահեր, ասում էր՝ էդքան դու մենակ չարչարվեցիր, մեզ պահեցիր, հիմա էլ իմ հերթն ա: Պատրաստվում էր տունը վերանորոգել: Ուզում էր անասուն առնել, հողագործությամբ զբաղվել: Ես հողի հետ սեր չունեի, ինքն էր փորում, ինչ-որ բաներ ցանում, մշակում»,- պատմում է մայրը:

Ռուզաննան Քարվաճառում ռուսաց լեզվի ուսուցիչ է աշխատել, հիմա էլ աշխատանքի է անցել Կ. Դեմիրճյանի անվան 139 դպրոցում՝ որպես ֆրանսերենի և ռուսերենի ուսուցիչ: 

«Գոնե դուրս եմ գալիս, ինչ-որ պահ ցրվում եմ»,- ասում է նա:

Ավագ որդին՝ Դավիթը, 24 տարեկան է: Նա ևս զինծառայող է եղել, կրտսեր սերժանտ էր: Ծառայությունից դուրս է եկել, որպեսզի մայրը միայնակ չմնա: Այժմ ոստիկանության ակադեմիայում վարորդ է աշխատում: 

Ռուզաննան պատմում է, որ Էդգարն ուզում էր սմարթֆոն գնել իր համար, բայց քանի որ ինքը չէր սիրում սենսորային հեռախոսներ, որդին գնել էր դեղին հասարակ հեռախոս: Ռուզաննայենց հարևանը աքսեսուարների և հագուստի վաճառքով էր զբաղվում, ամեն անգամ նրան հանդիպելիս Էդգարը հարցնում էր, թե ինչ կարող է գնել մոր համար: 

«Տեսավ, որ դեղին ժամացույց կա, դա էլ գնեց»,-նշում է Ռուզաննան ու կողք կողքի դնում դեղին հեռախոսն ու ժամացույցն՝ ասելով, որ դեղինը որդու սիրելի գույնն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter