HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ

ՀՅԴ Բյուրոn հանդես է եկել հայտարարությամբ:  Այն ներկայացնում ենք ստորև. 

Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել, այլեւ բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։

Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին եւ այլ պահվող անձնանց, այլեւ Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաեւ կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որեւէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։

2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման եւ պատերազմի իրական վտանգ։

Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից, Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։

Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
16 Մայիս, 2021 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter