HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մերաբյանի, այսօր որոշել է ազատ արձակել Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանին:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ քիչ առաջ արդեն դատարանի որոշումն ի կատար է ածվել, Գալստյանն ազատության մեջ է:

Այս պահին պաշտպանները դեռևս չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, ուստի տեղյակ չեն դրա հիմնավորումներից: Մեր հարցին՝ արդյոք Դավիթ Գալստյանը իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնե՞լ է, պաշտպանն ասաց, որ Գալստյանը որևէ գումար չի փոխհատուցել:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։

Հաղորդագրության մեջ նշված Դ. Գ.-ն Դավիթ Գալսյանն է, Ա. Բ.-ն՝ Արմեն Բաղդասարյանը, ով Գալստյանի ազգականն է: Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter