HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կրեմլում անդրադարձել են Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը թուլացնելու համար, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ եռակողմ հայտարարությունների կատարումը այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։ Լրագրողների հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Պեսկովը հետևյալ պատասխանն է տվել․

«Ես հստակ չեմ կարող ասել, բայց բոլոր այդ հարցերը, բնականաբար, ոչ մեկ անգամ քննարկվել են երկկողմանի շփումների ժամանակ»։

Մայիսի 14-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե այդ օրը՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Նույն օրը՝ ուշ երեկոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը:

Մայիսի 13-ին էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն հայտնեց այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Այս հայտարարությանը հետևել է ՀՀ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու համար Հայաստանը դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

Այսօր՝ մայիսի 17-ին էլ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։

Լուսանկարը՝ արխիվային / © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter