HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում «օրգանիկ» սննդամթերքի սերտիֆիկացումը չի կարգավորվում. ի՞նչ տարբերություն «օրգանիկ» և սովորական սննդի միջև

Այսօր Հայաստանի տարբեր խանութներում վաճառվում է «օրգանական» կամ «էկո» անունը կրող սննդամթերք, սակայն այդ ոլորտը մինչ օրս դեռ կանոնակարգված չէ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով, ինչն էլ դժվարացնում է ապրանքի նույնականացումը։

Հետք Մեդիա Գործարանը որոշեց ուսումնասիրել թեման, հասկանալու, թե ինչ «օրգանիկ» սննդամթերք կա հայկական շուկայում, որոնք են իրավական և վերահսկողական ոլորտում եղած բացերը, արդյո՞ք Հայաստանում տարածված ավանդական գյուղատնտեսության պարագայում հնարավոր է օրգանիկ մթերքի արտադրություն, և կա՞ արդյոք տարբերություն «էկո» ու սովորական մթերքի միջև։ 

Հայաստանում օրգանիկ սննդամթերքին առնչվող հարցերը կարգավորվում են 2008 թվականին ընդունված «Օրգանական գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքով։» Օրգանական գյուղատնտեսական սննդամթերք ստանալու համար կարևորագույն նախապայման է օրգանական գյուղատնտեսության վարումը, որը պետք է ամբողջությամբ ներդաշնակ լինի ագրոէկոհամակարգին և համապատասխանի պահանջվող կանոնակարգերին։ Մյուս կարևորագույն պայմաններից մեկը հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև՝ կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումն է։ Կարևոր է նաև, որ սննդամթերքն արտադրելու ընթացքում այն չաղտոտի շրջակա միջավայրը։

Օրգանական սննդամթերք արտադրելու և սպառելու համար արտադրողը պետք է ստանա սննդամթերքի օրգանիկ լինելը հավաստող սերտիֆիկացում։ Սակայն դա կամավոր բնույթ է կրում, քանի որ մինչ օրս դեռ հստակեցված չեն ԵԱՏՄ այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք կարգավորելու են օրգանիկ սննդամթերքի արտադրությունը, իրացումն ու վերահսկողությունը։

«Օրգանիկ», «Էկո» մակնշված սննդամթերքը Հայաստանում կարգավորվում է այլ սննդատեսակներին վերաբերող՝ ՄՄ ՏԿ 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգով։

 Օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք ու հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները։

«Էկո սնունդ օգտագործելով՝ ես ինձ ավելի լավ եմ զգում և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր, սա ավելի հոգեբանական է, երբ գիտեմ, որ մաքուր սնունդ եմ օգտագործում իմ և ընտանիքիս անդամների համար»,- այս մասին Հետք Մեդիա Գործարանի հետ զրույցում ասաց բիզնես կառավարման մասնագետ, «Լուսին օրգանիքա»-ի հիմնադիր Սոնա Մանուկյանը, ով տարիներ շարունակ նախապատվություն է տալիս օրգանիկ սննդին:

Սոնան ապրում է Հայաստանում, սակայն ժամանակ առ ժամանակ գործի բերումով լինում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հենց այնտեղից էլ ձեռք է բերում օրգանիկ սնունդը, որովհետև լիովին վստահում է: Իսկ Հայաստանում չի օգտվում օրգանիկ սննդից, քանի որ վստահ չէ, որ պահպանվում են ստանդարտները. 

«Հայաստանում չեմ հանդիպել այնպիսի արտադրանք, որ «made in Armenia» է ու ստացել է օրգանիկ սերտիֆիկացում, կամ USDA Օրգանիկի (US Department of Agriculture) կողմից բիո սերտիֆիկացում, որն ավելի հայտնի է Եվրոպայում: Մի քանի կազմակերպություններ կան, որոնք սերտիֆիկացնում են, բայց ես չգիտեմ այդպիսի ոչ մի արտադրանք Հայաստանում, այդ պատճառով հիմնականում ինչը որ կարողանում եմ բերել դրսից, բերում եմ դրսից»,- պատմեց Սոնան։

Հայաստանյան շուկայում, իհարկե, կարելի է այսօր հանդիպել «էկո», «բիո» կամ «օրգանիկ» մակնշումներով հավկիթներ ու թռչնամիս։

Օրինակ, «X group» ընկերությունը («Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ) վաճառում է  հավկիթներ, որոնց փաթեթավորման վրա արտադրողը մակնշել է որպես «Eco»/«էկո»։ Մակնշման մեջ կա տեղեկատվություն սննդային և էներգետիկ արժեքի, նաև արտադրողի մասին, առկա է EAC մակնշումը։ Մակնշումն արված է հայերեն և ռուսերեն։ 

Տուփի վրա բացակայում է արտադրման ամսաթիվը, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի և ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին», ՄՄ ՏԿ 022/2011 («Սննդամթերքի մակնշման մասին») տեխնիկական կանոնակարգի խախտում է։

Բացի այդ, պահպանման պայմանները նշված են 2 տեսակի ձվի համար՝ դիետիկ և սեղանի, սակայն տուփի վրա նշված չէ, թե կոնկրետ այդ ապրանքը որ տեսակն է։

Տարան պլաստիկից է, հավկիթի գինը համարժեք է առկա այլ՝ ոչ էկո մակնշմամբ հավկիթների արժեքին` 10 հատը 840 դրամ։

Նույն ընկերությունը վաճառում է նաև թռչնամիս (հավի միս, հավի ֆիլե, հավի բուդ), որը նույնպես մակնշված է «Էկո» նշումով։ Մակնշումն արված է միայն հայերենով, առկա է EAC մակնշումը։ Այստեղ մակնշման խախտումներ չկան:

Ապրանքի գինը «ոչ էկո» մակնշմամբ թռչնամսից էականորեն չի տարբերվում, գրեթե նույնն է (մոտ 20-30 դրամով «էկոն» թանկ է)։

Էկո հավկիթներ է վաճառում նաև նույն՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ին պատկանող «Nature Food» ընկերությունը։ Ապրանքի տարան փայտից է, մակնշված՝ «էկո»։ Առկա է տեղեկատվություն, թե ինչ կերերով են սնվել հավերը, նշված են սննդային արժեքը, արտադրման օրը, իսկ ձվի կարգի ու պահպանման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չկա. տուփի վրա առկա է նշում, որ ժամկետը կարելի է տեսնել ձվի վրա, սակայն փաթեթավորումը թույլ չի տալիս դա պարզ տեսնել նախքան գնումը։ Սա նույնպես ՄՄ ՏԿ 022/2011-ի խախտում է, քանի որ մակնշումը թերի է։

Այստեղ դարձյալ նշում կա 2 տեսակի ձվի պահպանման պայմանների մասին՝ դիետիկ և սեղանի, սակայն մակնշման վրա հստակ նշված չէ, թե տուփի մեջ որ տեսակի հավկիթներն են: Մակնշումն արված է հայերեն և ռուսերեն։ Առկա է անհրաժեշտ EAC մակնշումը։ Ուշագրավ է, որ նույն ընկերությունը միևնույն մակնշմամբ ներկայացնում է այլ հավկիթներ՝ նաև պլաստիկե տարայով, նույն գնով՝ 1050 դրամով, սակայն արդեն առանց «էկո» մակնշման։

Մեկ այլ՝ «Արարատ» ընկերությունը, վաճառում է «Ֆերմայի ձու» անունով հավկիթներ, որոնք ներկայացվում են՝ որպես «օրգանիկ»՝ «առանց հակաբիոտիկների» և «պարունակում են օմեգա 3»։ 

Կա տեղեկատվություն հավերի պահպանման վայրի և սնվելու կարգի մասին։ Տարան թղթից է։ Այստեղ ևս փաթեթավորման վրա մակնշված չէ ձվի կարգը, այսինքն՝ մակնշումը թերի է, ինչը ևս «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ՄՄ ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 022/2012 կանոնակարգերի խախտում է։ Առկա է EAC մակնշումը։

Հավկիթի գինը կրկնակի բարձր է այլ՝ «ոչ էկո» մակնշմամբ հավկիթների արժեքից. 10 հատը՝ 2200 դրամ։

Մենք փորձեցինք կապ հաստատել այս արտադրողների հետ՝ հասկանալու, թե ինչպես են իրականացնում օրգանիկ սննդի արտադրությունը, ունե՞ն արդյոք «էկո»-ն հավաստող սերտիֆիկատ, թե վաճառում են գործող՝ ոչ պարտադիր սերտիֆիկացման կարգին համապատասխանող արտադրանք։

«X Group» ընկերությունից հայտնեցին, որ տնօրենը երկրում չէ և չի կարող հարցազրույց տալ, իսկ որևէ այլ պատասխանատու անձ այդ հարցով չկա։

«Արարատ» ընկերության ադմինիստրատիվ աշխատակիցը նույնպես հայտնեց, որ տնօրենը երկրում չէ, և որևէ այլ մասնագետ չի կարող պատասխանել մեր հարցերին, քանի որ նման բոլոր հարցերով տնօրենն է զբաղվում, սակայն նշեց, որ իրենք ունեն օրգանիկ ձու արտադրելու և իրացնելու սերտիֆիկացում։

Ինչպես արդեն նշեցինք, օրգանիկ սննդամթերքի սերտիֆիկացումը պարտադիր չէ, կարգավորող տեխնիկական կանոնակարգեր էլ դեռ չկան, այդ պատճառով ՄՄ ՏԿ 021/2011-ի առկայությունը բավարար է, որ ապրանքները հայտնվեն շուկայում և իրացվեն։ 

Վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, մեզ հայտնել է, որ էկո կամ օրգանիկ սննդամթերք արտադրող ընկերությունների մասին տեղեկություն առանձին չի հավաքում.

 ՍԱՏՄ-ն «չի տիրապետում էկո-օրգանիկ սննդամթերք արտադրելու թույլտվություն ունեցող, մինչ օրս ՀՀ-ում գրանցված և լիցենզավորված կազմակերպությունների թվաքանակի մասին տեղեկատվության, և էկո-օրգանիկ սննդամթերք արտադրող կազմակերպությունների մասին վերլուծողական տեղեկատվություն այս պահին չկա»։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին փոխարինող Գայանե Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քանի որ չկա նման պահանջ, հետևաբար «էկո» կամ «օրգանիկ» սնունդ արտադրողներն առանձնացված չեն։

«Առանձին, որպես այդպիսին, «էկո», «օրգանիկ» չենք ստուգում, մենք ընդհանուր սննդի անվտանգության ոլորտն ենք վերահսկում, քանի որ այդ «էկո»-ն և «օրգանիկը» «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքով է, եթե սերտիֆիկատ են տալիս, իսկ եթե չէ, մեր վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխան,- ասաց Գ. Վարդանյանը՝ ավելացնելով, որ հատուկ «էկոյի» համար նախատեսված ստուգաթերթ չունեն։

Օրգանիկ սննդի պետական վերահսկողություն իրականացնելիս՝ ՍԱՏՄ-ն առաջնորդվում է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով՝ համապատասխան ստուգաթերթերով, որտեղ դեռևս չկա օրգանական կամ էկո մթերքների ստուգման հարցաթերթ, որտեղ ներառված լինեն հենց այդ մթերքների հատուկ մի շարք դրույթներ։

Էկոնոմիկայի նախարարության՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ իրենց կողմից հավատարմագրված օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության գնահատման մարմիններ չկան։

Թեև կա ոլորտը կարգավորելու և վերահսկելու գործիքակազմը՝ սկսած հետագծելիության գործիքից, շուկայահանման, շուկայի տեղափոխման, սերտիֆիկացման կանոններից, վերջացրած՝ մակնշման և դրանց նկատմամբ վերահսկողությունից, այնուամենայնիվ, իրավական ակտերն ավելի շատ են, քան իրավական գործիքներն ու գործիքակազմը։ 

Սննդագետ. «Մեզ մոտ ներկայացվող ապրանքներն ավելի շատ մարկետինգի արդյունք են, որովհետև մարդիկ չգիտեն էկոն ինչ է»

ԳԱԱ «Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն»-ի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանն ասում է, որ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելիս պարտադիր է պահպանել բնական միջավայրը, կենսաբազմազանությունը, կիրառել բնական միջոցներ՝ բացառելով ինչպես ԳՄՕ-ներով սերմերի կիրառությունը, այնպես էլ սինթետիկ թունաքիմիկատները, հակաբիոտիկները, հորմոններն ու այլ արհեստական միջամտությունները։

Այսինքն, «էկո» և «ոչ էկո» սննդամթերքի տարբերությունը հենց գյուղատնտեսությունների վարման մեջ է, մինչդեռ Հայաստանում ավանդական գյուղատնտեսությունը ենթադրում է թունաքիմիկատների կիրառում, ինչը  բացառվում է օրգանականի ընթացքում։

«Այստեղ մենք շատ կարևոր խնդիր ունենք. թունաքիմիկատները, պարարտանյութերը, որոնք մենք կիրառում ենք, ազդում են նաև կենսաբազմազանության, բնապահպանության վրա: Ավանդական կամ, ինչու չէ, նաև ինտենսիվ գյուղատնտեսության արդյունքում ստացած մթերքը ևս պետք է անցնի համապատասխան լաբորատոր փորձաքննություն, և բոլոր անցանկալի, վնասակար նյութերը պետք է լինեն թույլատրելի շեմում, այսինքն՝ սա չի ենթադրում, որ ավանդական գյուղատնտեսության արդյունքում պետք է վտանգավոր սննդամթերք շուկա մտնի»,- ասում է սննդագետը։

Ըստ նրա՝ շատ մարդիկ թյուր պատկերացումներ ունեն օրգանիկի մասին և շատերը կարծում են, որ միայն պարարտանյութ տալով են տարբերվում օրգանիկ և ոչ օրգանիկ մթերքները, և բոլոր այն ապրանքները, որոնք մարդիկ իրենց տանն են արտադրում, օրգանիկ են, քանի որ պարարտանյութ չեն օգտագործում։

Այնինչ օրգանական գյուղատնտեսության բոլոր փուլերը՝ ներառյալ փաթեթավորումն ու վերամշակումը, պետք է համապատասխանեն «օրգանիկ» լինելու պահանջներին։

Օրինակ՝ տեղափոխումը ևս պետք է իրականացնել հատուկ տարաներով, որոնք նույնպես բնական են, այսինքն՝ համապատասխանում են օրենսդրական պահանջներին։

«Մարդկանց մոտ սխալ պատկերացումներ կան և՛ օրգանիկ մթերքների, և՛ օրգանիկ գյուղատնտեսության վերաբերյալ, որովհետև դեպքեր են եղել, երբ մարդիկ լրիվ աղտոտված վայրերում կանաչի են հավաքել և ասել՝ սա լրիվ մաքուր է, առանց գիտակցելու, որ այդ հատվածը կարող է լինել աղտոտված։ Հայաստանում կան պատմականորեն աղտոտված հողեր, որոնք աղտոտված են մետաղներով, պոչամբարների կողքին են, բնականաբար, անկախ նրանից՝ դու արհեստական կամ լրացուցիչ եղանակով ես ապրանք ստանում, թե չէ, եթե մեղուն այդ հատվածներից նեկտար բերի, բնականաբար, այստեղ ևս կպարունակվի այս տարրերը»,- նշում է Պիպոյանը՝ հավելելով, որ միայն մարդկային գործոնով չէ սննդամթերքի օրգանիկ լինելը պայմանավորված, այլև՝ ընտրած միջավայրով։

«Երբ մենք զանգահարում ենք արտադրողին, հարցնում, թե ինչու են այդպես նշել, բացատրում, ասում են, որ իրենք շատ մաքուր են աշխատում։ Հայաստանում մասնավոր սննդի արտադրությունը, ցավոք սրտի, դեռ զարգացած չէ, ինչը շատ բացասական է անդրադառնում սննդամթերքի անվտանգության վրա, մինչդեռ ողջ աշխարհում մասնավոր սննդի արտադրությունը լոկոմոտիվ է։ Օրինակ՝ սուպերմարկետներն ունեն իրենց ստանդարտները, և եթե դու չես համապատասխանում, դու չես կարող մուտք գործել այնտեղ։ Այս առումով նաև շատ կարևոր է մարկետինգը, զարգացած երկրներում կան օրգանիկ խանութներ, օրգանիկ հատվածներ սուպերմարկետներում, որտեղ մարդիկ կարող են գնալ և ձեռք բերել: Այս առումով պետք է ասեմ, որ ՀՀ-ում շատ հաճախ լինում են սպառողներին մոլորության մեջ գցող մակնշումներ»,- ասում է Դավիթ Պիպոյանը:

Ըստ սննդագետի՝ այլ երկրներում, երբ սննդամթերքն իսկապես օրգանիկ է, այն առավել բարձր արժեք ունի, քանի որ օրգանական գյուղատնտեսությունը ենթադրում է վերամշակման բարձր տեխնոլոգիաներ։

«Հաճախ ասում են, որ մասնավորն էլ կարող է ակտիվ լինել այդ հարցում, բայց պետությունը պետք է երբեք հույսը չդնի մասնավորի վրա։ Սպառողները պետք է վստահ լինեն, որ շուկայում չսերտիֆիկացված արտադրողներ չկան»,- ասում է Դ. Պիպոյանը։

Կա՞ տարբերություն «էկո» և սովորական սննդի միջև. պարզաբանում է դիետոլոգը

Annals of internal medicine բժշկական ամսագրում հետազոտություն էր հրապարակվել, որտեղ ուսումնասիրվել էին 220-ից ավելի գիտական աշխատություններ, որոնք վերաբերում էին բիո մթերքների և սովորական մթերքների քիմիական կազմին ու դրանց ազդեցությանը մարդու առողջության վրա։

Գիտնականները պարզել էին, որ չկա որևէ տարբերություն բիո և սովորական մթերքների միջև. ո՛չ էներգետիկ արժեքը, ո՛չ սննդային արժեքը, ո՛չ ազդեցությունը չեն տարբերվում:

Այս հետազոտության մասին է հիշատակում «Դելտա» կլինիկայի բժիշկ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը՝ խոսելով «էկո», «օրգանիկ» սննդի մասին։

«Եթե ենթադրենք, որ «էկո» մթերքները օգտակար են, և պետք է դրանք օգտագործել, պետք է համոզված լինենք որ էկո է, այսինքն՝ այն պետք է համապատասխանի չափանիշների։ Մթերքի կազմում չպետք է լինի ոչ մի պեստիցիդ, ոչ մի քիմիական ավելացված նյութ, բայց իրականում հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ նյութերն ընդամենը 50 տոկոսով են պակաս լինում մթերքում, բայց կան: Այսինքն, մենք այստեղ խաբեության հետ գործ ունենք, որովհետև եթե ի սկզբանե այդ նյութերը կան մթերքի մեջ, արդեն իրավունք չունեն կոչվել էկո»,- ասում է դիտելոգը։

Աբովյանի գնահատմամբ՝ «էկո» կամ «օրգանական» սննդի առկայությունն արտադրողների մարկետինգային քայլն է: Ավելին, նա կարծում է, որ «էկո» ապրանքները, հնարավոր է նաև վնաս են հասցնում էկոլոգիային։

«Նախքան «էկո» մթերքի արտադրանքը, հողը առնվազն 5 տարի պետք է քիմիական պարարտանյութ չստանա: Հողը, 5 տարի չմշակելով, աղքատանում է, որովհետև պարարտանյութը հարստացնում է հողը՝ տարբեր էլեմենտներով և վիտամիններով: Հողը աղքատանում է, և բերքատվությունը շատ ցածր է լինում, քանի որ չի էլ օգտագործվում աճի ստիմուլյատորներ, չեն օգտագործվում պեստիցիդներ, հերբիցիդներ, որ վերացնում են պարազիտներին, որոնք էլ և վնասում են բերքը։ Որպեսզի արտադրողին այս արտադրանքն օգուտ բերի, նրան պետք են քանակներ, իսկ բերքի քանակ ստանալու համար մեծ տարածքներ են պետք, և հիմնականում այդ մեծ տարածքները երկիր մոլորակի վրա ազատվում են անտառների հաշվին, ինչը խոշորագույն վնաս է հասցնում էկոլոգիային»,- ասում է դիետոլոգը՝ ընդգծելով, որ սրանով քանդվում է այն միֆը, թե «էկո» արտադրանքն ընդհանրապես օգուտ է բերում երկիր մոլորակին:

Հ. Աբովյանի խոսքով՝ աշխարհում ընդամենը մի քանի կազմակերպություն կա, որոնց «էկո» կամ «բիո» մակնշումը հավատի արժանի է: Դրանք են՝ ճապոնական Jas-ը, ֆրանսիական AB-ն, գերմանական Bio-Siegel-ը և Եվրոպական organic EU-ն, իսկ մեծ մասամբ կանաչ գույնով ուղեկցվող «բիո», «էկո» բառերն ընդամենը մարդկանց մոլորեցնելու, ենթագիտակցության վրա ազդելու և ներշնչելու համար են.

«Այնուամենայնիվ, մարդն ունի իրավունք ընտրելու, սակայն տարբերությունը միայն գնային է: Ավանդական մթերքը «բիո»-ից տարբերվում է միայն գնով, և 9-10 անգամ ավելի թանկ է։ Այսինքն, անգամ եթե մարդը խաբվում է, խաբվում է միայն ֆինանսապես, որովհետև մթերքը, սովորաբար, վնասակար չի լինում»,-ասում է դիետոլոգը՝ նշելով, որ ինքն իր պացիենտներին խորհուրդ չի տալիս «էկո» սնունդ գնել։

Հասմիկ Աբովյանը նաև ընդգծում է, որ այն, ինչ բնական է, դեռևս չի նշանակում, որ դա օգտակար է, և հակառակը՝ ինչը քիմիական է, վնասակար է:

«Նյութը՝ լինի քիմիական ճանապարհով գիտնականների կողմից սինթեզված, թե բնական, կազմված է Մենդելեևի աղյուսակի քիմիական էլեմենտներից, կամ նրանց խմբերից: Եվ նյութի ազդեցությունը մեր առողջության վրա որոշվում է այդ էլեմենտների դասավորությամբ և դրանց խմբերի ազդեցությամբ»: 

«Էկո»-ն և «օրգանիկ»-ը լուծում են ուշադրություն գրավելու հարցը. մարկետոլոգ

Հայաստանի հողագործության և գինեգործության հիմնադրամի մարկետինգի և հանրային կապերի ղեկավար Արտակ Օրդյանի խոսքով՝ ինչքան հասարակությունները, տնտեսությունները ավելի սոցիալապես բարվոք են, հասարակությունն այնքան շատ է սկսում իր եկամտից հատկացնել իր առողջությանը և որոշ մարդկանց մոտ ձևավորվում են առողջ սննդի և առողջ ապրելակերպի պահանջմունքներ։

«Եթե մարկետինգային տեսանկյունից նայենք, այդ տեքստը ուշադրություն է գրավում, և հաճախորդը ձեռք բերելուց ուշադրություն է դարձնում դրա վրա, օրինակ՝ կաթնամթերքի ոլորտում նոր տենդենց կա՝ «բիոկաթնամթերք» գրառումը»,- ասում է նա։

PR մասնագետ Նվարդ Մելքոնյանը ևս կարծում է, որ սպառողների մեծ մասն այդ ապրանքները գնում է մարկետինգի և տարբեր տեխնոլոգիաների ազդեցությամբ, քանի որ շատերս «էմոցիոնալ սպառողներ» ենք և ոչ թե ռացիոնալ ընտրություն կատարողներ։

Ըստ նրա՝ դրան մյուս կողմից էլ նպաստում է նաև առողջ ապրելակերպի հանրայնացումը և դրա շուրջ հանրային իրազեկումը, որը նախորդ դարի ութսունականներից սկսել է, իննսունականներում ուժգնացել ու այժմ համատարած է։

«Դա բնական գործընթաց է, քանի որ մարդիկ ավելի շատ գրասենյակներում են պարփակված, ապրում են ավելի աղտոտված միջավայրում, քաղաքներում, ավելի քիչ են շարժվում, գիպոդինամիան դարձել է դարի հիվանդություն, և գումարած աճող տոկոսներն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք քաղցկեղի տարբեր տեսակներն են։ Առողջ ապրելակերպը կարծես հանրության պահանջ էր»,- ասում է Ն. Մելքոնյանը։

Այդ պատճառով էլ մարդիկ ստեղծեցին մի ոլորտ՝ առողջ ապրելակերպը, դարձնելով մի մեծ խոշոր «ինդուստրիա», առաջարկ ձևավորվեց, որի շնորհիվ ակտիվ սկսեց զարգանալ «էկո սնունդն» ու դրա արտադրությունը։

 

Հեղինակներ՝ Նաիրուհի Սաֆարյան, Էլեն Թևոսյան

Համակարգող՝ Տաթև Խաչատրյան

Մեկնաբանություններ (3)

Ruzanna
Լավ կլիներ հարցազրույցները վերցնեիք ոլորտի էքսպերտներից: Ինֆոն թերի էր: ՀՀում կա ստանդարտներին համապատասխանող սերտիֆակացնող մարմին և Համապատասխան սերտիֆիկատներ ունեցող արտադրանք
Դավիթ
Ժողովուրդ ջան բար, ձեր հոդվածում սխալներ կան՝ մարՔեԹինգ է, այլ ոչ թե մարկետինգ։ Իսկ միգուցե ճիշտ կլիներ նաև հարցազրույց վերցնեիք օրգնակական սերտիֆիկացում անցկացնող մարմնից? Կամ էլ սերտիֆիկացված օրգանական սնունդ արտադրող ընկերություններից? Որոնք Հայաստանում երկու տասնյակից ավել են... Եվ վերջին տարբերակ՝ՀՀում օրգանական սննդամթերքի ասոցացիա գոյություն ունի։ Իրենք բոլորը շատ ավելի լավ և որ կարևորը ճիշտ կպատասխանեին ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։
Լուսինե
Հոդվածը շատ խառն էր ու ոչ համակարգված։ Հարցազրույց վերցված էր Հիմնականում ոլորտից քիչ տեղյակ մարդկանցից։ Որ մի խոսք չի նշված հայկական օրգանական արտադրողների մասին, սերտիֆիկացնող մարմնի մասին ընդհանրապես ինֆո չկա։ Օրգանական արտադրողների ասոցիացիայի մասին նույնպես ոչինչ չկա։ Կարելի էր գոնե մեկ օրգանական արտադրողից վերցնել հարցազրույց, ոչ թե ֆիթնես մարզչից, ով "օրգանական կոսմետիա է" արտադրում, բայց չգիտի որ Հայաստանում շատ օրգանական արտադրողներ կան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter