Ողջ տարվա ընթացքում Ժնևում կցուցադրվի «Հայաստան` մշակույթի և զգացմունքների երկիր» ֆիլմը
Երեկ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի միջոցառումների շրջանակում Ժնևի Դելիս համայնքային կինոդահլիճում շվեյցարացի հանդիսատեսին ցուցադրվեց ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի «Հայաստան` մշակույթի և զգացմունքների երկիր» ֆիլմը, և ներկայացվեց համանուն գիրքը:
Միջոցառման ընթացքում հեղինակը նշեց, որ իր ֆիլմով և գրքով փորձել է ներկայացնել իր ընկալած Հայաստանը` աշխատասեր, կենսունակ, իր ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը:
Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երևանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթևում, Մեղրիում, Գյումրիում, Իջևանում, Սևանում, Արցախում կատարված նկարահանումները:
Թե ֆիլմը և թե գիրքը ներկայացնում են դարերի ընթացքում Հայաստանի պատմական կարևոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, պատմական և մշակութային ժառանգությունը` կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ճարտարապետական հնագույն հուշարձանները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում ցուցադրել ֆիլմը և ներկայացնել գիրքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել