HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Ֆրանսիա

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջը՝ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին: Երկուստեք գոհունակություն են հայտնվել բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության,  իրավապայմանագրային լայն հենքի, միջխորհրդարանական ամուր կապերի, ապակենտրոնացված ինտենսիվ համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների աճող ներկայության կապակցությամբ:

Ալեն Ժյուպեն ընդգծել է, որ հիրավի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ բարեկամական  փոխհարաբերություններ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Նախարարներ Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:

Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:

Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել են այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Մայիսի 18-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter