
Դատարանը մերժեց Նարեկ Հարթունյանի փաստաբանների ներկայացրած բացարկները
Ապրիլի 14-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի քրեական գործի երկրորդ դատական նիստը: Գործը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը:
Դատական նիստի ժամանակ Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց դատախազ Բագրատ Պետրոսյանին: Հայկ Ալումյանը շեշտեց, որ դատախազը դեռևս նախաքննության ժամանակ կանխակալ վերաբերմունք է ունեցել իր պաշտպանյալի հանդեպ և դիտավորյալ սխալ հաշվարկելով քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի ներկայացման ժամկետը՝ այդ հիմքով բողոքը մերժել է:
Դատավորը մերժեց միջնորդությունը՝ համարելով, որ դրա համար չկան բավարար հիմքեր:
Փաստաբան Անի Թորոսյանը ներկայացրեց դատախազին ուղղված բացարկի մեկ այլ միջնորդություն՝ այն հիմնավորմամբ, որ դատախազ Բ. Պետրոսյանն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել իր պաշտպանյալների նկատմամբ, քանի որ բողոքներից մեկի քննության ժամանակ դատախազը վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություն, որպիսի հանգամանքը կասկածի տակ է դնում հետագում էլ դատարանին վերջինիս հայտնելիք տեղեկությունների հավաստիությունը:
Դատախազն ընդունեց, որ, իրոք, վերաքննիչ դատարանին ոչ հավաստի տեղեկություն է հայտնել, սակայն դա շփոթմունքի արդյունք է եղել: Այդուհանդերձ, դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց:
Փաստաբան Հայկ Ալումյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց դատարան. հանել «Ջի էյջ սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերության դրամական միջոցների և գույքի վրա քննիչ Ռաֆայել Մկրտչյանի դրված կալանքը, քանի որ քննիչի կողմից որոշում կայացվելու ժամանակ քաղաքացիական հայց ներկայացված չի եղել: Բացի դրանից՝ խախտվել են նաև մի շարք իրավունքներ, ներառյալ ընկերության սեփականության իրավունքը: Ընկերության գույքը կալանքի տակ գտնվելու պատճառով՝ կաթվածահար է լինում ընկերության բնականոն գործունեությունը:
Այդ կապակցությամբ դատավորը որոշում կայացրեց, որ դատական նիստը հետաձգում է՝ միջնորդությանը և համապատասխան փաստաթղթերին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 23-ին:
Ի դեպ, Նարեկ Հարթունյանին աջակվելու նպատակով դատական նիստին ներկա էին երգահան Ռուբեն Հախվերդյանը, կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Դատական նիստին ներկա էր նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ադելաիդա Բաղդասարյանը:
Մեկնաբանել