Արտերկրում մեկնարկում են հայ գրատպությանն ու հնատիպ գրքին նվիրված մի շարք միջոցառումներ
Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարության համատեքստում Գուտենբերգի հայրենիք Գերմանիան արձագանքում է հայ հնատիպ գրքի հոբելյանին՝ կազմակերպելով «Տառարվեստ և պատկերի հրաշք. հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսը, որը հանդիսավոր բացվեց ապրիլի 15-ին Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանից՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության և Կոպենհագենի Թագավորական գրադարանի (The Black Diamond) հետ համատեղ, հայ գրատպության 500-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ, ապրիլի 17-ին կբացի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով հայկական հնագույն գրքերի ցուցահանդես, որը կուղեկցվի կամերային երաժշտության համերգով:
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) ապրիլի 18-ին կկայանա «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդես-ընդունելությունը:
Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ արտերկրում անցկացվող այս նախաձեռնություններին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի գլխավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել