
Բելառուսի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Բաքու
Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Բելառուսական ներկայացուցչական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով։
Ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցությունը գնալով խորանում է։ Հետաքրքրականն այն է, որ վերջերս Բաքվում Բելառուսի դեսպան է նշանակվել Անդրեյ Ռավկովը, որը մինչև 2020 թվականը զբաղեցրել է Բելառուսի պաշտպանության նախարարի պաշտոնը։
Համաձայն բաց աղբյուրների, միայն 2002-2012 թվականներին, Մինսկն ադրբեջանական կողմին մատակարարել է 153 միավոր T-72 տանկ, 122 միլիմետր տրամաչափով 120 հատ Դ-30 հրետանային միջոց, 203 միլիմետր տրամաչափով 12 միավոր 2C7 «Պիոն» ինքնագնաց հրետանային միավոր, 60 միավոր ԲՏՌ-70 և 11 միավոր ՍՈւ-25 գրոհային։ Երկու երկրների միջև համագործակցության ամենավառ օրինակն Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ համակարգի ձեռքբերումն է։
Բաքվում Բելառուսի պաշտպանության նախարարը արդեն իսկ հանդիպել է Իլհամ Ալիևի և Զաքիր Հասանովի հետ։
Այս տարվա ապրիլի կեսերին Բաքու էր ժամանել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկու երկրների նախագահներն ունեցել էին նեղ և ընդլայնված կազմերով բանակցություններ։ Կողմերը քննարկել էին համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում։
Բելառուսը ՀԱՊԿ անդամ է։ Հիշեցնենք, որ Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Բաքու կայանում է Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելուն զուգահեռ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել