
Պաշտպանության փոխնախարարը հորդորեց հետևել ՊՆ-ի հաղորդագրություններին
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հրաժարվեց պատասխանել սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին: Փոխնախարարը խորհրդարան էր եկել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել սահմանային իրավիճակի մասին որևէ հարց` կոչ անելով հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին:
«Հետևեք պաշտոնական լրահոսին: Իմ դիտարկմամբ՝ ՊՆ-ն պարտադիր կերպով ամեն օր ներկայացնում է իրավիճակը, կխնդրեմ բավարարվել այդքանով: Որքան էլ համառեք, նույն պատասխանն եմ տալու` հետևեք պաշտոնական լրահոսին»,- ասաց փոխնախարարը` հեռանալով խորհրդարանից:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ի երեկոյան ՊՆ-ն հայտնել էր, որ ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Սարգսյանը այդպես էլ չմանրամասնեց ողջամիտ ժամկետն ինչ է ենթադրում:
Մեկնաբանել