
ԱՁ-ների դրոշմանիշային վճարները կարող են նվազել. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվորում չուներ, հանձնաժողովի անդամների մեծամասնությունը նիստին ներկա չէր: Նիստի աշխատանքները սկսվեց շուրջ 40 րոպե անց: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն ընդհանրապես չէին ներկայացել, ինչպես փոխանցեցին հանձնաժողովի աշխատակազմից՝ վերջիններս մարզերում են:
Ներկա չէին նաև հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, ինչպես` Սասուն Միքայելյանը, Սիփան Փաշինյանը, Արմեն Խաչատրյանը, Արեն Մկրտչյանը: Քվորումն ապահովվեց երեք հանձնաժողովականների` հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Քրիստինե Պողոսյանի և Հայկ Կոնջորյանի գրանցմամբ:
Հանձնաժողովն իր նիստում դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը նախկինում երկու ամիս ժամկետով հետաձգվել էր լրամշակման նպատակով:
Պատգամավորներն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրույքաչափերում փոփոխություններ կատարել:
Ըստ փոփոխությունների` առաջարկվում է մինչև 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում` 1500 դրամ, 101 հազարից մինչև 150 հազարի դեպքում` 2000 դրամ, 150 հազարից մինչև 300 հազար դրամի դեպքում`3000 դրամ, 300 հազարից մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 5000 դրամ, 500 հազարից մինչև 750 հազարի դեպքում` 7500 դրամ, 750 հազարից մինչև 1 միլիոն 500 հազար դրամի դեպքում` 15000 դրամ, 1 միլիոն 500 հազար դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 20000 դրամ դրոշմանիշային վճար սահմանել:
Հիմնական փոփոխությունները վերաբերում են անհատ ձեռնարկատերերին վերաբերող դրոշմանիշային վճարների դրույքաչափերին:
Մինչև 2 400 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում ԱՁ-երի համար դրոշմանիշային վճարն առաջարկվում է դարձնել 18 հազար դրամ, 2 401 հազարից մինչև 6 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում` 24 հազար դրամ, 6 միլիոնը գերազանցելուց մինչև 12 միլւոն դրամ հաշվարկման բազայի դեպքում` 48 հազար դրամ, 12 միլիոնը գերազանցելու դեպքում և ավելի հաշվարկման բազայի դեպքում` 120 հազար դրամ դրոշմանիշային վճար:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանն իր խոսքում նշեց, թե այս փոփոխությունները որևէ կերպ չեն ազդի հիմնադրամի վճարունակության, ֆինանսական կայունության վրա, հիմնադրամը կատարել ու կատարելու է իր առջև դրված բոլոր պարտավորությունները: Պապոյանի խոսքով` փոփոխությունների արդյունքում ԱՁ-ների վրա դրվող ֆինանսական պարտավորության չափը կնվազի: Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:
Մեկնաբանել