Ինչպես զրկվեցի աշխատանքից տրանսպորտի պատճառով
Երբ ստացա աշխատանքի առաջարկ Եղեգնաձոր քաղաքում, արդեն պլանավորում էի, թե ինչի վրա եմ ծախսելու առաջին աշխատավարձս։ Մի մասով կմարեի ուսմանս վարձը, իսկ մյուսով կօգնեի ծնողներիս։ Մերժեցի աշխատանքի առաջարկը։
Ապրում եմ Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում, որը 17 կմ հեռու է Եղեգնաձորից։ Ես մեկն եմ Արտաբույնքի երիտասարդ բնակիչներից, ով զրկված է անձնական և մասնագիտական աճի հնարավորությունից տրանսպորտի խնդրի պատճառով։
Եղեգիս-Եղեգնաձոր «գազելն» անցնում է 12 բնակավայրերից 4-ով՝ Շատին, Արտաբույնք, Եղեգիս, Հերմոն։ Առավոտյան 7։30 տրանսպորտը կատարում է առաջին երթը՝ շարժվելով Եղեգնաձորից։ Վերջին երթը Եղեգնաձոր քաղաքից իրականացվում է 16։30-ին։
Հայաստանում աշխատանքային օրը սովորաբար բաղկացած է 8 ժամից. սկսվում է 09։00-ին և ավարտվում 18։00-ին։ Եթե 10։30 լինեմ Եղեգնաձորում, իսկ 16։30-ին վերադառնամ վերջին տրանսպորտով, իմ աշխատանքային ժամերը կսահմանափակվեն 6 ժամով։ Տրանսպորտի անտրամաբանական չվացուցակի պատճառով ես զրկված եմ լրիվ դրույքով աշխատելու հնարավորությունից։
Մասնագիտությամբ կենսաբան եմ, սովորում եմ Մանկավարժական համալսարանի հեռակա չորրորդ կուրսում։ Չեմ ուզում ապրել իմ ծննդավայրից դուրս, բայց ունեմ կրթվելու, աշխատելու և մասնագիտական աճ ունենալու նույն պահանջները։
Ես այն «երջանիկներից» եմ, ով ունի «գազելով» երթևեկելու հնարավորություն։ Եղեգիս համայնքի 8 բնակավայրի բնակիչներ նույնիսկ այդ «գազելից» չեն օգտվում։ Մարզկենտրոն հասնելու համար նրանք ստիպված են «պատահական» մեքենաներ նստել, ինչը ոչ շատ ցանկալի է երիտասարդ աղջիկների համար։
Համայնքի բնակիչները հաճախ են հարցը բարձրացրել տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումներում։ Գրեթե բոլոր համայնքի ղեկավարները տվել են նույն և մշտական պատասխանը՝ «կկարգավորենք»։
Տրանսպորտի անհարմար ժամանակացույցը և ոչ բոլոր բնակավայրերը սպասարկելը խոչընդոտ է Եղեգիսի երիտասարդների կրթության, աշխատանքային և մասնագիտական աճի համար։ Համայնքային իշխանության կողմից հարցն առկախ թողնելը հուսահատություն է առաջացնում։ Իմ տարեկիցներից շատերն արդեն լքել են համայնքը։ Ես որոշել եմ ևս մեկ անգամ խոսել այս մասին՝ որպես վերջին փորձ՝ իմ ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնելու։
Սյուզի Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել