HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի օրենսդրական առաջարկին: Պատգամավորներն առաջարկում էին օրենքով ամրագրել, որ Հայաստանի սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ Կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

Ըստ նախագծի` երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև երաշխավորված գնման ենթակա արտադրանքի միավորի գինը, յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը, սահմանում է Կառավարությունը:

Նախագծի համահեղինակ Սոֆիա Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ այս փոփոխություններով նախատեսել են կանխել սահմանամերձ համայնքներից արտահոսքն այլ բնակավայրեր: Պատգամավորի խոսքով` վերջին պատերազմից հետո նման համայնքների թիվն ավելացել է:

«Որպեսզի կանխենք այն արտահոսքը սահմանամերձ համայնքներից, որոնք ունեցել ենք 90-ականների պատերազմից հետո, նախատեսում ենք հնարավորություն տալ բնակիչներին զբաղվելու գոնե իրենց մինիմալ հնարավորությունների սահմանում` առավելագույն արդյունք ունենալու առումով: Այս հարցում առաջին երաշխավորը պետք է լինի պետությունը»,- ասաց Հովսեփյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ օրենքով չեն սահմանել, թե ինչ տեսակ բույսեր պետք է աճեցվեն կամ ինչ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, քանի որ սահմանամերձ համայնքները խիստ տարբերվում են կլիմայական բնութագրերով:

Նախագծի վերաբերյալ Կառավարության բացասական դիրքորոշումը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ում խոսքով՝ նախագծի հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել ներկայացված կարգավորումների արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագա­վառում իրականացվող քաղաքականության, առաջարկվող իրավակար­գա­վորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլու­ծու­թյունները:

Ըստ փոխնախարարի` հստակեցման կարիք ունի պետության կողմից ստանձնված երաշխավորության բնույթը, նաև պարզ չէ, թե պետության կողմից նախագծով նախատեսված ապրանքների գնման ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է նշված ապրանքն իրացվելու:

Կառավարության համար խնդրահարույց է պետական գնումների նպատակով գնվող բուսաբուծական արտադրանքների գնման գների սահմանումը, քանի որ փոխնախարարի խոսքով, դրանց իրացման գները ձևավորվում են շուկայական մեխանիզմներով՝ առա­ջարկի և պահանջարկի հիման վրա։

Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter