HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը: «Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով՝ իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Այվազյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:

Նիստի օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային իրադրության և անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել և հավանության են արժանացրել տարբեր ուղղություններով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում են ունեցել Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնի հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատար Այվազյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter