HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Յոթ երեխայի հետ՝ Քաշաթաղից Որոտան (ֆոտոպատմություն)

Գյուղում խաղալու տեղ շատ չկա, երեխաները մագլցում են ընտանիքի միակ գույքի՝ դարն ապրած բեռնատարի՝ «Գազիկի» վրայով։

Հնամաշ այս բեռնատարով 44-օրյա պատերազմի ժամանակ Վանուշ Իսունցը կնոջ՝ Թամարա Ալավերդյանի և յոթ անչափահաս երեխաների հետ փախել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ գյուղից․ կարճ ժամանակ անց, ադրբեջանցիները մտել են գյուղ։

Այժմ էլ բեռնատարը՝ քիթը դեպի ճանապարհը, կանգնած է Սյունիքի Որոտան գյուղում, որտեղ ապաստանել է ընտանիքը։

Ընտանիքը մեծ է՝ ինը հոգանոց․ հայրը՝ Վանուշ Իսունցը, մայրը՝ Թամարա Ալավերդյանը, երեխաները՝ Սենոն` 15 տարեկան, Արամեն՝ 13, Էները՝ 11, Լիանան՝ 8, Ամանդան՝ 5, Ռազմիկը՝ 4, Վիկան՝ 2:

«Ժողովուրդը սաղ գնացել էին, փախել էին, ամեն մեկն իր հերթին, բայց մենք դեռ մնում էինք։ Հլը որ բան չկար, մեկ էլ գիշերը ժամը տասնմեկն էր, երկու ջահել եկան, ասին մինչև հինգ րոպեն դուրս եկեք։ Նույն օրը, երբ Զանգելանը գրավեցին, մենք դուրս եկանք, հասանք Կապան, լսեցինք, որ մեր գյուղը՝ Ալաշկերտը, արդեն գրավել էին ու անցել առաջ։ Հոկտեմբերի կեսերն էր։

Մենք մեր «Գազիկով» դուրս եկանք, մի հոգի էլ կար՝ մեր հարևանը, իրան էլ ասի արի, չեկավ, հիմա ինքը չկա, մնացել ա էնտեղ, թուրքերի ձեռքին,- պատմում է Վանուշը,- եթե «Գազիկը» չլիներ, մենք էլ էինք մնալու, կամ եթե էտ ջահելը չգար, ասեր, չգիտեմ․․․ Էնքան որ լցվեցինք մեջը, նույնիսկ փաստաթղթերից ոչ բոլորը հասցրինք վերցնել»։

Փախստական դարձած բազմազավակ ընտանիքը սկզբնական շրջանում ժամանակավոր բնակվել է Գորիսում, այժմ տեղափոխվել են սահմանամերձ դարձած Որոտան գյուղ։

«Եկել ենք էստեղ, սա էլ իմ հորական տունն ա։ Հայր ու մայրս գյուղում են, էստեղ՝ Որոտանում։ Միասին ենք, ուղղակի իրենց տունը փոքր է, մենք էլ ինը հոգով այս տանն ենք, տեղը փոքր ա, իրար ծոց են քնում էրեխեքը։ Շատ են եկել, ասել են կօգնեն, տուն կառնեն, բայց դեռ խաբար չկա․ մի հատ տուն կա Որոտանում, 3 միլիոն արժի, ավելի մեծ ա, գոնե որ տունը լիներ, մի բան կանեինք, կաշխատեինք, կապրեինք, ուրիշ բան չենք ուզում»,- ասում է Վանուշը։

Երեխաները կիսատ մնացած ուսումը շարունակում են Որոտանի դպրոցում․ փոքրերը հետ են մնացել ծրագրից, ուսուցիչների ջանքերով լրացնում են բաց թողածը։

Մեծ տղան՝ Սենոն, տատի՝ Լեռնուհու հետ սկսել են գյուղում այգի մշակել հարևանի տարածքում, փորձում են նաև օղի թորել։

Թամարան, ով խնամում է յոթ երեխաներին, զրույցին քիչ է մասնակցում, շատ պահանջներ չի ներկայացնում, միայն ասում է, որ երեխաների հագուստն արագ մաշվում է, հիգիենայի պարագաները հաճախ չեն բավականացնում։

Փոքրերը՝ Ամանդան ու Լիանան, շատ են վազվզում գյուղում, ընկերացել են գյուղի երեխաների հետ․ երբ իրենց հանդիպեցինք, ժենգյալով հացի համար կանաչիներ էին հավաքում բակում։

Ալաշկերտում ընտանիքը տուն է ունեցել, երկու հեկտար էլ հող, բանջարեղեն են աճեցրել։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետությունը տուն էր կառուցել իրենց համար, բայց չեն հասցրել տեղափոխվել պատերազմի պատճառով։

Վանուշ Իսունցը ծագումով Սյունիքի մարզի Տեղ գյուղից է․ ընտանիքի հետ 13 տարի առաջ տեղափոխվել էին ապրելու Ալաշկերտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter