HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մովսես Հակոբյան. «Բանակցություններ պետք է վարել, բայց դա չպիտի խանգարի, որ մեր զինված ուժերն իրենց պարտականությունները կատարեն»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ իրեն հասկանալի չէ այն, ինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են Սյունիքում եւ Գեղարքունիքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ:

Նախկին բարձրաստիճան զինվորականը նկատում է, որ իշխանությունների ասածի մեջ չկա տրամաբանություն, քանի որ խնդիրը չի կարող լուծվել այնպես, ինչպես փորձում է անել ներկա կառավարությունը: Ըստ Հակոբյանի՝ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիների դրսեւորած ագրեսիային չի կարելի արձագանքել զուտ բանակցություններով:

«Բանակցություններ պետք է վարել, բայց դա չպիտի խանգարի, որ մեր զինված ուժերն իրենց պարտականությունները կատարեն: Գալու է ժամանակը, եւ պատասխան են տալու, թե ում հրամանով են արգելել մեր զինվորներին կրակել»,- ասում է գեներալ-գնդապետը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան շեշտում է, որ հենց առաջին օրից՝ մայիսի 12-ից, հայկական կողմը պետք է միանշանակ ուժ կիրառեր. «Ուրիշ ձեւ չի ստացվելու: Բանակցելով հասնելու ենք Երեւանի Աբովյան փողոց»:

Հակոբյանին հատկապես զայրացրել է այսօր սոցցանցերում շրջանառվող տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են թշնամու զինվորականները (դատելով համազգեստից՝ դրանք Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ են) հայհոյանքներով ու հրմշտելով բարձունքից հեռացնում հայ զինվորականներին:

Գեներալ-գնդապետը կոչ է անում ՀՀ իշխանություններին, որպեսզի վերջիններս չարգելեն զինվորներին կատարել իրենց պարտականությունները (այդ թվում՝ զենք կիրառել), որոնք սահմանված են զինված ուժերի համապատասխան կանոնագրքերով: Իսկ զինված ուժերի ներկայացուցիչներին կոչ է անում առաջնարհերթ պահել մեր զինվորի ու բանակի պատիվը:

Իր հերթին ՊՆ-ն վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել է, թե այդ տեսանյութն առնչություն չունի Սյունիքի եւ Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ՝ հավելելով, որ ուսումնասիրություն է կատարվում՝ դրա իրական տեղի եւ ժամանակի վերհանման նպատակով:  

Հակոբյանը չի հավատում պաշտոնական հաղորդագրություններին այն մասին, որ թշնամու ուժերը գտնվում են մեր զինվորականների լիարժեք վերահսկողության տակ: «Ադրբեջանը մեծ ուժերով եկել, դիրքերը դրել է, ինչքան պետք է, մարդ է թողել, մնացած ուժերը հետ են քաշվել: Տեսել է, որ դիմադրություն չկա, մնացած ուժերը հետ է տարել: Բայց որտեղ եկել են, էնտեղ մնացել են»,- ասում է գեներալ-գնդապետը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը՝ Մ. Հակոբյանն ասում է. «Բոլոր դեպքերում դաշնակցային գործիքներն աշխատում են այն ժամանակ, երբ դու ինչ-որ բան անում ես: Դա հաջորդ փուլն է, բայց առաջին փուլը քո գործողություններն են, որոնք պետք է անես: Նույն բանն է, որ քո ընտանիքում մի պրոբլեմ լինի, գնաս քո ընկերոջն ասես՝ արի զբաղվի, իսկ դու գնաս ուրիշ բանով զբաղվես, կոնկրետ մեր պարագայում՝ ընտրություններով»:

Հ.Գ. Ավելի ուշ ՊՆ-ն հերքել է իր իսկ հերքումը՝ հայտարարելով, որ տարածված տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում (ըստ շրջանառվող լուրերի՝ Գեղարքունիքում - «Հետք»): Միջադեպի վերաբերյալ, ըստ ՊՆ-ի, նշանակվել է ծառայողական քննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter