Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈւ ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ. ՄԻՊ
2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Այսպիսի գնահատական է տվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմանե Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:
«Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը»,- ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ ասել է Թաթոյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
«Պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:
Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել