HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Պատերազմը ստիպեց աշխատել ավելի շատ, քան երբևէ»

Պատերազմից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոր հուշատախտակ է ավելացել՝ զոհված ուսանողների անուններով՝ Գոռ Թումանյան, Տիգրան Սահակյան, Գագիկ Խաչատուրյան, Մհեր Փոթոյան, Տիգրան Հարությունյան, Հենրիկ Ասատրյան: «Լուսավոր, տաղանդավոր ուսանողներ էին՝ մեծ հեռանկարով» - ասում է կոնսերվատորիայի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արմեն Բաղդասարյանը:

Հուշատախտակից բացի՝ մի նոր պաստառ ևս ավելացել է: Այն ազդարարում է, որ 2021-ը կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակն է: Պատերազմից հետո ամենաբարդը, թերևս, աշխատելու մոտիվացիա ունենալն է: Կոնսերվատորիայում աշխատում են:

Արմեն Բաղդասարյանը կոնսերվատորիայում պրոռեկտորի պաշտոնը ստանձնել էր 2020-ի սեպտեմբերի 1-ին: Աշխատանքի 27-րդ օրը, որը նաև իր ծննդյան օրն էր, սկսվեց պատերազմը:

Երևի հենց պատերազմն էր, որ ստիպեց աշխատել ավելի շատ, քան երբևէ աշխատել ենք: Եթե ամեն մեկն իր տեղում է և անում է իր գործը, նշանակում է պետությունը կա: Պատերազմի օրերին մեր ուսանողներն օպերատիվ շտաբ ձևավորեցին. օգնություն էին հավաքում, փոխանցում ռազմաճակատին: Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմը վերածվել էր ցանցեր գործող արհեստանոցի. գիշեր-ցերեկ, հերթափոխով, աշխատակիցները, ուսանողները ցանցեր էին գործում: Պատերազմից հետո, դեկտեմբերի  22-ին, կոնսերվատորիան բարեգործական համերգ կազմակերպեց՝ «Համերգ երախտիքի» խորագրով: Մոտ մեկ միլիոն դրամ հավաքվեց, փոխանցեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Սա սովորական համերգ չէր, մարդիկ ոչ թե դրամ էին վճարում, որ ներկա գտնվեն համերգին, այլ գումար էին վճարում, որը փոխանցվելու էր Զինծառայողների հիմնադրամին, իսկ նրանց փոխարեն համերգի ունկնդիրը լինելու էին պատերազմի մասնակից զինծառայողները և կամավորները: Պարադոքսալ բան եմ ասելու՝ երանի հիմա լիներ այն համերաշխությունը, որ կար պատերազմի օրերին: Ափսոսում եմ, որ այդ համերաշխությունը փշրվեց հաղթանակի հույսի, սպասումների հետ: Հասարակությունը ծայրահեղ պառակտված է, ագրեսիայի մի անհանդուրժելի չափաբաժին կա:

Աշխարհի պատմությունը պատերազմների պատմություն է: Հին աշխարհից այսօր ստեղծված մշակույթը՝ գրականություն, երաժշտություն, նկարչություն…, մի տեսակ անզոր չի՞ թվում. մարդը, կարծես, նախնական բնազդային մակարդակում է:

Ժամանակակից աշխարհում հոգևորը զիջել է դիրքերը:  Տեխնիկայի և սպառողականության դար է: Մարդը մի ակնթարթում ուզում է ստանալ առավելագույն արդյունք, առավելագույն հաճույք: Սովորել ենք մեկ քլիքով մեծ ծավալի ինֆորմացիա ստանալ: Արվեստն այսօր, ցավոք, իր առջև չի դնում խնդիրներ, որոնք կլուծեր: Արվեստի, մշակույթի բուհերը առավելապես մեծ անելիք ունեն, որ արվեստը վերադարձնի իրեն վերապահվող առաքելությունը:

Ինչ վերաբերում է կոնսերվատորիային, ապա վերջին երկու-երեք տարիներին բովանդակային առումով ահռելի աշխատանք է կատարվել ուսումնական ծրագրերի արդիականացման, թարմացման ուղղությամբ: 2021 թվականը բուհի համար շատ խորհրդանշական տարի է՝  նշում ենք հիմնադրման հարյուրամյակը: Կրթական հաստատության համար սա պատկառելի տարիք է, պատմություն: Մենք ունեցանք նոր վիզուալ ինքնություն՝ նոր տարբերանշան՝ նոր ասելիքով: Կոմիտասի գրաֆիկական պատկերն է, որը նաև մետրոնոմ է հիշեցնում․ Կոմիտասի ողջ ժառանգությունն է, այդ ժառանգության ժամանակագրությունը՝ մեկ խորհրդանշական պատկերում: Հաշվետու տարի է. գրեթե բոլոր ամբիոնները համերգներ են կազմակերպում՝ նվիրված հարյուրամյակին:

Հարյուր տարին տպավորիչ թիվ է: Այսօր ինչո՞վ է չափվում այդ թիվը, ի՞նչ արդյունքով:  

Կոնսերվատորիայի տարիքը երևում է այն սերունդներով, որոնք կրթվել են, այն անուններով, որոնք տվել է, այն ազգային դպրոցով, որը մշակվել է այստեղ: Մի խոսքով՝ այն ամենով, ինչն ամրագրել է Հայաստանի տեղը համաշխարհային մշակութային քարտեզին։

Մշակույթը ոչ միայն համակարգված գործընթաց է, այլև անընդհատ պրոցես՝ արվեստի բոլոր տեսակների համար: Առանց պետության չի կարող լինել ամբողջական, պրոֆեսիոնալ արվեստ: Պետության բացակայության կամ ժողովրդի ընդհանուր իմունիտետի բացակայության պայմաններում արվեստի շատ տեսակներ, ամբողջ ժանրեր անհետանում են: Օրինակ՝ առանց պետության՝ դժվար է պատկերացնել օպերային թատրոն: Պետական համակարգն այսօր այնքան էլ գործունակ չէ: Ինչպե՞ս է դա ազդում կոնսերվատորիայի, օպերային ստուդիայի գործունեության վրա:

Ենթադրում եմ, որ պետության համար մեր ոլորտը կարևոր է: Իհարկե, ունենալով ՊՈԱԿ-ի կազմաիրավական ձև՝ կոնսերվատորիան բազմաթիվ բարդությունների և սահմանափակումների է հանդիպում, այդ թվում՝ ֆինանսական, և ունենալով, օրինակ, այնպիսի էական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ժամանակակից ձայնագրման ստուդիան, օպերային ստուդիայի դահլիճը, այլ դահլիճներ՝ մենք չենք կարող դրանք օգտագործել առևտրային նպատակներով, որը թույլ կտար լուծել ինչ-ինչ խնդիրներ: Այդ պակասը փորձում ենք այլընտրանքային ռեսուրսով լրացնել: Շուրջ երկու տարի գործում է Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը, որը զգալի աջակցություն է ցուցաբերում կոնսերվատորիային: Անցած տարի, համավարակով պայմանավորված, շատերը  պարտադրված պարապուրդի մատնվեցին, և  շատ ուսանողներ վճարի խնդիրներ ունեցան: Հիմնադրամն իր վրա վերցրեց որոշ ուսանողների վարձը, նաև պլանշետներ գնեց այն ուսանողների համար, որոնք դրա կարիքն ունեին ու չէին կարողանում մասնակցել հեռավար դասերին: Օպերային ստուդիայում այսօր բավականին աշխույժ տնօրինություն է գործում՝ ի դեմս տնօրեն Հայկ Վարդանյանի և գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի: Տիկին Պապյանի շնորհիվ զգալի գումար հավաքվեց, որը ծառայեց օպերային ստուդիայի առաջնային կարիքներին: Եթե մնայինք միայն պետության աջակցության հույսին, գուցե չկարողանայինք իրագործել այն բոլոր նախագծերը, որոնք մասամբ իրագործում ենք: Հասկանում ենք՝ պատերազմից հետո պետությունն ինքն էլ բազմաթիվ խնդիրներ ունի:

Կոնսերվատորիան ջանք է թափում, կրթում է ուսանողներին, սակայն Հայաստանում, կարծես, չկա այն միջավայրը, որն ավելի տեսանելի դարձնի այդ ջանքերի արդյունքը: Ուսանողներն ավարտում են ու մեկնում Հայաստանից՝ մասնագիտական ոլորտում աշխատանք փնտրելու:

Այո, շրջանավարտների ինչ-որ տոկոս դրսում է՝ մասնագիտական աշխատանքով զբաղվել կարողանալու համար: Բայց նաև կան արհեստավարժ մասնագետներ, որոնք արտերկրում ունեցած բավականին մեծ հաջողություններից հետո հաստատվել են հայրենիքում և այսօր նպաստում են կոնսերվատորիայի զարգացմանը։ Այդ մարդկանց թվում են ուսումնական գծով պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, ով Շվեյցարիայում 15 տարի ապրելուց և ստեղծագործելուց հետո վերադարձավ և միացավ ղեկավար կազմին, Հասմիկ Պապյանը, որի համաշխարհային կարիերային ծանոթ են բոլորը, կոմպոզիտոր Արթուր Ակշելյանը, որը նույնպես Շվեյցարիայից է վերադարձել և այսօր դասավանդում է բուհում։ Իհարկե, մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեր երկրում ստեղծել աշխատանքային հեռանկարներ մեր ուսանողների համար: Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը առիթ էր՝ համագործակցելու մայրաքաղաքի խոշորագույն՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան համերգասրահների, Կոմիտասի, Բաբաջանյանի թանգարաների հետ: Անում ենք այնպես, որ մեր ուսանողներն ուսման ընթացքում կարողանան հանդես գալ նշածս բեմերում: Փորձում ենք համախմբել բոլոր տարիների մեր շրջանավարտներին և հեռանկարում ցանկանում ենք ստեղծել կարիերայի կենտրոն: Մայիսի 7-ին, առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ, Շրջանավարտի օրը նշեցինք: Օրը պատահական չէր ընտրված, խորհրդանշական էր՝ մայիսը տարվա 5-րդ ամիսն է, հնգագծի գաղափարն է, 7-ն էլ՝ նոտաների թվի: Ամեն տարի, այդ օրը նշելու ենք որպես Շրջանավարտի օր, և դա հաշվետվության մի հանգրվան կլինի՝ հավաքելու բոլոր շրջանավարտներին, ներառելու նրանց մեր զարգացման գործընթացներին՝ դասավանդման, գիտական աշխատանքի, հովանավորության իմաստով:

Պատերազմում մեր պարտությունը նաև այն պատճառով էր, որ իրականությունը տեսնել չէինք ուզում կամ փախչում էինք իրականությունից: Փոքրացնենք մասշտաբները. տեսնու՞մ եք կոնսերվատորիայի իրական խնդիրները, թե՞ այս դեպքում ևս բարդ է առերեսվել իրականությանը:

Փորձում ենք իրատեսական դիրքերից նայել, շտկել թերությունները: Անձամբ ինձ օգնում է այն, որ երաժիշտ չեմ և շատ խնդիրների նայում եմ արտաքին աչքով: Ունենք խնդիրներ, իհա՛րկե: Ամենամեծ խնդիրն այն է, որ կոնսերվատորիայի շենքը 1970-ականների սկզբին կառուցվելուց ի վեր երբևէ չի հիմնանորոգվել։ Ունենք գործիքային կազմը թարմացնելու խնդիր։ Այսօր այս երկու ուղղություններով ակտիվ աշխատանք է տանում երկու ծրագրերի պատասխանատու Գևորգ Մնացականյանը։ Պատրաստ է շենքի հիմնանորոգման նախագծահաշվարկային փաթեթը, աշխատանքներ են ընթանում դոնոր կազմակերպություններ գտնելու ուղղությամբ։ Գործիքների մասով ունենք յոթ տասնյակը գերազանցող գործիքների և աքսեսուարների ցանկ, դիմելու ենք Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրին։ Իսկ բովանդակային մասով՝ փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ մեր ուսանողներն օտար լեզուների տիրապետման խնդիր ունեն: Նույն խնդիրն ունի նաև աշխատակիցների մի զգալի տոկոսը։ Կա մտայնություն, որ եթե երաժիշտ ես և տիրապետում ես «երաժշտության լեզվին», այլ լեզուներ իմանալու անհրաժեշտություն չկա: Եթե ուզում ենք, որ մեր կրթությունը արտահանվի կամ մեր կրթական ծրագրերը միջազգայնացվեն, որ մեր ուսանողները մասնակցեն շարժունակության ծրագրերի, լեզուների տիրապետումը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի: Լուծումներ ենք փնտրում, քանի որ առարկայական ծրագրերը հագեցած են, ինչը բարդացնում է օտար լեզուների ժամերի ավելացումը: Եվս մեկ լուրջ խնդիր՝ եվրոպական որոշ բուհեր հետաքրքրված չեն մեր տարածաշրջանով, մեր երկրով՝ մեր երկրի բուհերի հետ գործընկերություն զարգացնելու համար: Ջանքեր ենք գործադրում ՝ կոտրելու  կարծրատիպերը: Նաև անելիք ունենք երկրի ներքին կյանքում։ Մենք ոչ միայն պիտի վերցնենք, այլև տանք: Ներքին՝ հասարակական կյանքում հանրային գործընկերության գաղափարն ենք փորձում զարգացնել: Կոնսերվատորիան՝ որպես բուհ, միայն վայր չէ, որտեղ կրթություն են տալիս կամ ստանում, այլ պիտի լինի վայր, որտեղ լուծվեն հանրային կարևորության հարցեր՝  կրթություն ստացողների և փոխանցողների ջանքերով: Քիչ առաջ նշածս «Համերգ երախտիքի» նախաձեռնությունն այդպիսի հանրային գործընկերության փայլուն օրինակ էր․ կարողացանք օգտակար լինել այն ձևով, որով կարող ենք։

Հայաստանում այսօր ամեն հաջորդ օրն անկանխատեսելի է, հեռանկարի առումով մեծ լավատեսություն չկա, կոտրված ենք բարոյապես, ֆիզիկապես: Այս տրամադրությամբ արդյունավետ աշխատելը բարդ է: Այդպե՞ս է

Կարո՞ղ են շտապօգնության աշխատակիցները, ուսուցիչներն իրենց թույլ տալ հարցնել՝ եթե երկրում հեռանկար չկա, ինչու՞ եմ անում այս գործը: Եթե ամեն մարդ դադարի անել այն, ինչ անում է, երկիրը կդադարի գոյություն ունենալ, կանգ կառնի: Այդպես պետք չէ նայել իրերի զարգացմանը: Շատ ծանր շրջան է, բայց չի նշանակում, թե պետք է թևաթափ լինենք կամ սպասենք՝ է՞լ ինչ արհավիրքներ պիտի մեզ պատուհասեն, որ  վերջնականապես դադարենք գոյություն ունենալուց: Չէ՛, էդպես չի՛ լինի, դիմադրողականություն պիտի լինի. պետությունն էլ օրգանիզմ է, որ բնական դիմադրողականություն պիտի ունենա: Եթե պետական ինստիտուտները, կրթական հաստատություններն այդ դիմադրողականությունը չկարողացան ապահովել, ուրեմն ի՞նչ պետության, պետականության մասին ենք խոսում: Հակառակը, գուցե պիտի բազմապատկենք մեր ջանքերը՝ յուրաքանչյուրս՝ մեր տեղում, որպեսզի եղած խնդիրները կարողանանք լուծել, որ չափով մեզնից են կախված: Պետությունը, պետականությունը միայն այդպես կպահենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter