
Գերավճարները կվերադարձվեն հարկ վճարողներին՝ առանց դիմումի ներկայացման
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման, որը հնարավորություն կտա հարկ վճարողին հետ ստանալ միասնական հաշվին մուտքագրված գումարները կամ դրանք ուղղել միասնական հաշվից մարվող հարկային պարտավորությունների կատարմանը։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 20-ի նիստում:
Նախկինում՝ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում, առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում էր երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում էր նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում էր հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը:
ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ 2021թ․ դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35 935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4 մլրդ 549.3 մլն դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89%-ը (մոտ 32 000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1 մլրդ 800 մլն դրամ։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կտարածվի 2021 թվականի հունիսի 1-ից ծագող հարաբերություննների նկատմամբ։
«Ըստ էության, կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ զրոյացնում ենք»,- արձանագրեց Նիկոլ Փաշինյանը և առաջարկեց տնտեսվարողներին առաջիկա օրերին ստուգել իրենց բանկային հաշիվները:
Մեկնաբանել