HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Գևորգյան․ «Ես ՀՔԾ-ն այլևս որպես պետական մարմին չեմ ընդունում, այն քաղաքական պատվեր կատարող է»

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարվել է որևէ կերպ առնչվել Հատուկ քննչական ծառայության հետ, մեղադրանքին չի ծանոթացել, որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել։ Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո այսօր նա լրագրողներին ասաց, որ ՀՔԾ-ն այլևս չի ընդունում որպես պետական մարմին։

«Ես հրաժարվել եմ իրենց հետ որևէ ձևով առնչվել, աշխատել, ես ՀՔԾ-ն այլևս որպես պետական մարմին չեմ ընդունում, այն քաղաքական պատվեր կատարող մարմին է։ Իրենց սարքած խաղի մեջ ես ցանկություն չունեմ խաղալու»,- հայտարարեց Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Գևորգյանը ՀՔԾ-ում է եղել, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)։ Քիչ առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։

Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը դիտարկում է, որ, փաստորեն, Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ նա ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները։ Պաշտպանն ընդգծեց, որ քրեական գործը, որի շրջանակներում Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է դեռևս 2020 թվականի ապրիլին, Գևորգյանը դրանով կարգավիճակ չի ունեցել։

Պաշտպանը նշեց, որ այդ քրեական գործի շրջանակերում բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել, մասնավորապես, ըստ Ալեքսանյանի, թեև Գևորգյանը մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել՝ նրա և հարազատների, ընդհուպ կնոջ գույքի վրա կալանք է դրվել։ Հետագայում գույքի վրա կալանք դնելու որոշումները բողոքարկվել են և բավարարվել, և ՀՔԾ-ն վերացրել է իրավունքի խախտումը։

Ալեքսանյանը կանխատեսում է, որ այժմ, երբ Գևորգյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ նորից հարկադրանքի միջոց կկիրառվի՝ գույքի վրա կալանք դնելու տեսքով։ Պաշտպանը հայտարարում է, որ եթե ՀՔԾ-ն նման գործողության դիմի, դա կլինի ապօրինի։

Գևորգյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ դիտարկում է․ ըստ մեղադրանքի, փաստորեն, քննության առարկա գույքը ձեռք է բերվել Արմեն Գևորգյանի կողմից։

«Խոսքն ընդհուպ այնպիսի գույքի մասին է, որն առկա է եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը, այնպես որ հասարակությանը պետք է պարզ լինի, թե ինչ աբսուրդի է հասել Հատուկ քննչական ծառայությունը»,-ասաց Լուսինե Սահակյանը։ Պաշտպանը նշեց, որ անձին Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու համար պետք է նախ առկա լինի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, որը հետո օրինականացվի, իսկ այս դեպքում Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերվելու մասին խոսք չկա։

Արմենը Գևորգյանը ևս լրագրողների հետ զրույցում իրեն մեղադրանք առաջադրելու հանգամանքը կապեց իր քաղաքական գործունեության հետ։

«Ես առավոտվանից կարող էի ինչ-որ գործերով զբաղվել, բայց իմ գործընկերների հետ ՀՔԾ-ում եմ»,- ասաց Գևորգյանը և նշեց, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն, անհասկանալի բացատրական աշխատանքների, նյութերի նախապատրաստման, տարիներով քննվող քրեսկան գործերով պարզաբանումներ տալու պատրվակով։ Նախկին փոխվարչապետի համար ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մեջ իրենց դեմ պայքարելու ցանկությունն ու վճռականությունը կոտրվի, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աշխատանքները  դրված են շատ ճիշտ հունի և ռելսերի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter