HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Համբարյանը ամերիկյան օրենսդիրներին հորդորել է օրենքի ուժով ապահովել «907-րդ բանաձևի» կատարումը, դադարեցնել որևէ տեսակի ռազմական օժանդակությունն Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով, փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբին` Բայդենի վարչակազմին ներկայացնելով Հայաստանին, Արցախին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող քաղաքական առաջնահերթությունների շրջանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Առաջնահերթությունների շրջանակ ներառում է՝

  • հայ ռազմագերիների հարցը,
  • Թուրքիային և Ադրբեջանին իբրև ագրեսոր պետությունների ճանաչում,
  • Հայաստանին և Արցախին խոշոր ֆինանսական օժանդակության տրամադրում,
  • «907-րդ բանաձևի» պահանջների կատարում,
  • Թուրքական անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման բացառում,
  • Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների տեղափոխման և ռազմական գործողություններում նրանց օգտագործմանն անդրադարձ։

Պետդեպարտամենտը 2021 թվականի մայիսի 6-ին խիստ թերի պատասխան գրություն է ուղարկել կոնգրեսականներին, ինչին մայիսի 19-ին արձագանքել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան հարյուր ներկայացուցիչներին ուղարկած նամակով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ներկայացնում է ԱՄՆ հայ համայնքի խորը հիասթափությունը Պետքարտուղարության կողմից Կոնգրեսի անդամներին ուղղված պատասխանի կապակցությամբ:

Հայ դատի հանձնախմբի նախագահն իր նամակում ընդգծում է. «Միացյալ Նահանգները պետք է արգելանք դնի Բաքվի ռազմատենչությանը, այլ ոչ թե խրախուսի ադրբեջանական ագրեսիան: Ամերիկյան ռազմական օգնություն տրամադրումը նավթով հարուստ Ալիևի վարչակարգին, որն ուղղակիորեն սպառնում է հայերին իրենց բնիկ հայրենիքում, հակասում է Նախագահ Բայդենի նախընտրական հայտարարություններին և նրա կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ճանաչումը լուրջ պատասխանատվություն է ենթադրում՝ չզինել այն երկրներին, որոնք բացահայտ ձգտում են ավարտին հասցնել հենց այդ հանցագործությունը»։

Շնորհակալություն հայտնելով շուրջ 100 կոնգրեսականներին՝ Համբարյանը վերջիններիս կոչ է անում ստիպել Պետքարտուղարությանը՝ բովանդակային անդրադարձ կատարել դեռևս փետրվարին բարձրացված հարցերին, ինչպես նաև Սպիտակ տնից հետ կանչել «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու հնարավորությունը և օրենքի ուժով արգելել Արդբեջանին ԱՄՆ կողմից ռազմական կամ անվտանգային նշանակության օգնության տրամադրումը։

Նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter