
Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու առիթով հարուցվել է քրեական գործ
Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող պետական սահմանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին:
Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախքաննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:
Բացի այդ, զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև ապօրինի կերպով ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության և դրա հետ կապված գործողությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքները, որին հետագայում միացվել է նաև սոցիալական ցանցերում 19.05.2021թ. տարածված տեսանյութը:
Ստուգման արդյունքում նախապատրաստված նութերով պարզվել է, որ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով 17.05.2021թ.-ին Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել զինծառայողների նկատմամբ՝ ստիպել նրանց թողնել մատական դիրքը: ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:
Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել