HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ հանձնակատար Հելենա Դալլիի եզրափակիչ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով ռազմագերիների վերաբերյալ

Այսօր Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին ելույթ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության հետևանքով ռազմագերիների թեմայով քննարկման շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Տիկին նախագահ,
Եվրոպական խորհրդարանի անդամներ, 

Շնորհակալություն 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ռազմագերիների և անազատության մեջ պահվող անձանց հարցի վերաբերյալ  քննարկում հրավիրելու համար։

Մենք ի գիտություն ենք ընդունել այս պալատի շուրջ 120 անդամների կողմից ներկայացված նամակը նույն հարցի վերաբերյալ։

Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում. մենք բազմիցս հորդորել ենք երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և՝ կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Մենք ողջունել ենք հունվարի 29-ին և մայիսի 4-ին՝ հինգ և երեք պահվող հայերի վերադարձի փաստը: Մենք պնդում ենք բոլոր մյուս անազատության մեջ պահվող անձանց անհապաղ ազատ արձակում:

Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցություն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:  Անհայտ կորած անձնաց աճյունների հայտնաբերումը և հայրենադարձությունը պետք է շարունակվի։ Անհետաձգելի և վճռական քայլեր են հարկավոր մարդասիրական ականազերծման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ՝ ականապատված տարածքների ցանկացած հասանելի քարտեզների տրամադրումը՝ հակամարտության արդյունքում ավերված տարածքներ վերադարձի հնարավորություն ընձեռելու նպատակով: Լարվածությունը մեղմելու, ինչպես նաև հասարակությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար կարևոր է նաև զերծ մնալ հանրային բորբոքիչ հռետորաբանությունից:

Եվրոպական միությունը կոչ է արել ապահովել հաշվետվողականությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ցանկացած խախտումների համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի,  մահապատժի ենթարկելու կամ ցանկացած այլ՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին մեղադրանք, որոնք հնարավոր է կատարված լինեին վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ կերպով քննության առնվեն: Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ դատական մեխանիզմներին՝ աջակցելու նման հայցերի վերաբերյալ անկախ քննության անցկացմանը:

Ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական խնդիրների անհապաղ հասցեագրումը միայն առաջին քայլերն են` Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ձեռք բերմանը հարկավոր են լրացուցիչ ջանքեր։ Եվրոպական միությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին`  համանախագահների գլխավորությամբ․ մենք պատրաստ ենք նպաստել հարատև և համապարփակ խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, այդ թվում` կայունացմանն և փոխվստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին աջակցելու միջոցով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter