Կորնելիա Պիպերը ժամանում է Հարավային Կովկաս
Հարավային Կովկաս կատարելիք իր այցից առաջ Գերմանիայի պետնախարար Կորնելիա Պիպերը ապրլիլի 14-ին Բեռլինում ասաց հետևյալը. «Հայաստանի և Վրաստանի հետ Գերմանիայի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն: Այս գարնանը լրանում է այս պետությունների հետ արտգործնախարար Գենշերի կողմից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակը: Իմ այցով ես ցանկանում եմ պատվել այդ առիթը:
Գերմանիան սկզբից ևեթ հանդես է եկել որպես երկկողմ կարևորագույն գործընկեր: Զարգացման քաղաքականության երկկողմ համագործակցության մեջ մենք եղել ենք երկրորդ խոշոր դոնոր գործընկերը: Մշակութային հարաբերությունները հրաշալի կամրջող դեր են խաղացել մեր երկրների միջև: Այդ պատճառով էլ առանձնահատուկ կարևորություն եմ տալիս Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնին, որը բացելու պատիվն ունեմ Երևանում: Ներկայում Հայաստանից և Վրաստանից շուրջ 3000 երիտասարդ է ուսանում Գերմանիայում:
Գերմանիան իր արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրում նաև Եվրամիության շրջանակում: Ցավոք, հարավկովկասյան պետությունները կրում են տարածքային ցայսօր չլուծված հակամարտությունների կնիքը: Մինչդեռ բոլոր կողմերը մեծապես կշահեին խաղաղ կարգավորումից:
Մենք ցանկանում ենք նպաստել փոխվստահության ձևավորմանը: Առավել ակտիվ տարածաշրջանային համագործակցությունը կարող է բանալի դառնալ հետագա դրական զարգացումների համար: Իմ հանդիպումներում ես հստակեցնելու եմ՝ Հայաստանի և Վրաստանի առաջիկա ընտրությունները կարևոր չափանիշ են ժողովրդավարական զարգացման և դեպի Եվրոպա այս երկրների ուղղության համար:
Աշխույժ և կենսունակ ժողովրդավարությունը ենթադրում է խաղի միևնույն կանոններ բոլոր և անկախ լրատվամիջոցների համար: Այս թեմաների շուրջ Երևանում և Թբիլիսիում ես զրուցելու եմ նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:
Պետնախարար Պիպերն ապրիլի 16-ին հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նա կհանդիպի նաև ուսանողության հետ Երևանի պետական համալսարանում, որտեղ ժամը 14:00-ին ուսանողների համար զեկույցով հանդես կգա, իսկ այնուհետև հանդիպում կունենա լրագրողների հետ:
Ապրիլի 17-ին պետնախարար Պիպերը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին հանդիսավորապես կբացի Լեզվի ուսուցման գերմանական կենտրոնը:
Պետնախարար Պիպերն ապրիլի 16-ին կբացի նաև «Call out Art - գոբելեններ Զաալեի Հալլեից» ցուցահանդեսը: «Թալշտրասե» արվեստի միության այս ցուցադրությունը նոր փուլ է նախանշում Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև երկար տարիների սերտ հարաբերություններում:
Լուս.՝ www.mz-web.de կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել