
ԱԽ քարտուղար` Կառավարությունն իր գործողություններում հնարավորինս թափանցիկ է հանրության հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը ընդգծված հրապարակային քաղաքականություն է վարում հայ-ադրբեջանական սահմանի` մայիսի 12-ից սկսած միջադեպերի առնչությամբ:
«Երբ ՌԴ ԱԳ նախարարը երեկ շեշտեց, որ փաստաթուղթ են շրջանառել, մենք ի պատասխան հայտարարել ենք, որ նման փաստաթուղթ ստացել ենք, սակայն այն քննարկելու համար կա մի կարևոր նախապայման` Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց Գրիգորյանը:
Ըստ Արմեն Գրիգորյանի` դեռևս ԱԽ առաջին նիստում ռազմավարական որոշում է կայացվել, որ բոլոր գործողությունները հնարավորինս հրապարակային պետք է իրականացվեն: Գրիգորյանի խոսքով` հայկական կողմն իր գործողությունների ընթացքում ամբողջովին այդ տրամաբանությունը պահպանել է: Ինչ վերաբերում է փաստաթղթին, որի մասին միայն Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակումից հետո վարչապետի պաշտոնակատարը խոսեց, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրա վերաբերյալ կոնկրետ քննարկումներ չեն եղել:
«Մինչ այս փաստաթղթի մասին քննարկումներ սկսելը կարևոր է, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ է պատճառը, որ հաղորդակցություն ավելի կոնկրետ հանրության հետ չի եղել»,- ասաց նա:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց այն, որ միջազգային հանրությունը կոնսենսուս է ձևավորել այն հարցի շուրջ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի տարածքը: Այս հարցում ԱԽ քարտուղարը կարևորեց կառավարության թափանցիկ գործելաոճը:
«Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս հնարավոր հաջողությունը, մարդիկ երևի ցայտնոտի մեջ են ընկնում, որ հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծել»,- ասաց նա:
Ըստ Գրիգորյանի` Ադրբեջանի նախահարձակ գործողությունները նպատակ են ունեցել մարտահրավեր նետել ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Գրիգորյանը համոզմունք հայտնեց` Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, սակայն եթե դա չստացվի, ապա ՀՀ-ն իրավունք է վերապահելու գործարկել այլ մեխանիզմներ, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները լքեն ՀՀ սուվերեն տարածքը:
Մեկնաբանել