HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Էս սարն իմն է, էս ծառն իմն է կամ ինչպես «Բանկային գաղտնիքով» «առողջացվեց» «Ադանա» բանկը - 2

Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք «Ադանա» բանկի, այսպես կոչված, «անվճարունակությանը»: «Արդշինբանկի» անվճարունակությունը նույնպես, ընթերցողի համար արդեն դժվար չէ կռահել, բգ (բանկային գաղտնիք) է, ուստի մասնակիորեն քննարկենք այդ թեման «Ադանա» բանկի համատեքստում:

«Ադանա» բանկը, ըստ ԿԲ-ի, անվճարունակ էր, որովհետև զգալի միջոցներ ուներ «Արդշինբանկում»՝ վերջինիս տրամադրած վարկի տեսքով և իր՝ «Արդշինբանկում» ունեցած ՆՈՍՏՐՈ թղթակցային հաշվին ունեցած մնացորդի տեսքով: Անդրադառնանք այս հարցերին:

Վարկը, ինչպես նախորդ հոդվածում էինք նշել, ապահովված էր «Արդշինբանկի» սեփականությունը հանդիսացող Գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերով (ռիսկայնությունը, ըստ ԿԲ նորմատիվների, 0 տոկոս է). ԿԲ-ն պարզապես անտեսում է այդ գրավադրված ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ:

Վարկը ԿԲ-ն գնահատում է անհուսալի և համապատասխանորեն դասակարգում 100 տոկոս ռիսկային, այսինքն՝ 172,570,000.00 դրամ գումարի չափով, որի արդյունքում «Ադանա» բանկի հիմնական կապիտալը նվազում է գրեթե կես միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով: ԿԲ-ին հենց դա էր պետք՝ հնարավորինս նվազեցնել բանկի հիմնական կապիտալը, հոգ չէ, թեկուզև կեղծ թվերով:

172 մլն դրամի վարկի ռիսկայնությունը 0 տոկոսից կեղծիքի հիմքով 100 տոկոս դարձնելու պայմաններում անգամ, ըստ նորմատիվների, «Ադանայի» մոտ որևէ խնդիր չէր առաջանում, և բանկն անվճարունակ հայտարարելու համար էլի ինչ-որ բան էր պետք հնարել, ինչն էլ արվեց:

«Ադանա» բանկը «Արդշինբանկի» ՆՈՍՏՐՈ թղթակցային հաշվին գումար ուներ, որն առաջին իսկ պահանջով 1 բանկային օրվա ընթացքում «Արդշինբանկը» պետք է վերադարձներ:

Ի՞նչ արեց ԿԲ-ն: 2002 թվականի փետրվարի 27-ին «Արդշինբանկին» ճանաչելով անվճարունակ՝ այնուհետև ՆՈՍՏՐՈ թղթակցային հաշվին «Ադանայի» ունեցած միջոցները ևս դասակարգեց անհուսալի, և այս երկուսը միասին «հիմք» տվեց «Ադանային» անվճարունակ ճանաչելու համար:

Սակայն այս հիմքն էլ էր կեղծ, քանի որ ԿԲ-ն թեև «Արդշինբանկին» ճանաչեց անվճարունակ, սակայն այն ի վիճակի էր կատարելու իր պարտավորությունները, և ԿԲ-ն անգամ «Արդշինբանկի» պարտավորությունների կատարման վրա օրենքով նախատեսված մորատորիում չհայտարարեց: Չկա մորատորիում, ուրեմն «Ադանա» բանկի՝ «Արդշինբանկում» ունեցած ՆՈՍՏՐՈ թղթակցային հաշվի գումարը «Արդշինբանկը» պարտավոր էր վերադարձնել «Ադանա» բանկի առաջին իսկ պահանջի դեպքում:

Արդյոք «Արդշինբանկը» ի վիճակի՞ էր դա կատարել: Պատասխանը դրական է՝ այո, բանկը կարող էր վերադարձնել այդ գումարը. այդ մասին են վկայում «Արդշինբանկի» ստորև ներկայացվող հաշվեկշռային տվյալները. բանկի բարձր իրացվելի ակտիվները (դրամ, դոլար և այլն) կազմել են 11.03.2002 թվականին՝ 1.756.100.000 դրամ, 01.04.2002 թվականին՝ 1.556.107.000 դրամ, 30.05.2002 թվականին՝ 1.416.459.000 դրամ, 30.06.2002 թվականին՝ 3.637.884.000 դրամ և այլն («Ադանային» վերադարձնելիք գումարը միանգամայն ընդունելի էր՝ նման հաշվեկշռային տվյալների առկայության պայմաններում):

Հենց այն բանի համար, որ «Ադանա» բանկը չպահանջի իր գումարները, որոնք «Արդշինբանկը» պարտավոր էր և կարող էր վերադարձնել, ԿԲ-ն, անվճարունակ ճանաչելով «Ադանա» բանկին, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար նշանակեց իր աշխատակցին՝ վերացնելով բանկի կառավարման մարմինները, որն էլ, բնականաբար, պետք է աներ այն, ինչ ԿԲ-ն էր նախապես ծրագրել. ոչ թե գումարը պահանջեց «Արդշինից», այլ արդեն իսկ գրված «առողջացման ծրագրի» համաձայն՝ «Արդշինբանկի» հետ միացման պայմանագիր ստորագրեց:

Դե, օրենքն էլ արգելում էր բողոքարկել ԿԲ որոշումները (տես՝ ՀՀ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» տվյալ ժամանակ գործող օրենք, 2-րդ հոդված): Ամեն ինչ շատ սահուն ու լավ էր ստացվում… մինչ «Ադանա» բանկի նախկին բաժնետերերի գրանցումը ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում:

ԿԲ-ն խճճվել էր իր իսկ հյուսած գորդյան հանգույցում: Դեպոզիտարիան ուղղակի չէր գրանցում նորահայտ բաժնետերերին. իբրև թե «Արդշինբանկը» գրանցման համար նախատեսված սակագնային գումարը չի փոխանցում: Ի վերջո, այդ հարցը լուծվեց հետևյալ կերպ. միացումից կես տարի անց անվճարունակ «Արդշինբանկը» թողարկեց լրացուցիչ բաժնետոմսեր՝ մեկ բաժնետոմսը 2500 դրամ անվանական արժեքով (բանկի բաժնետոմսերը այդքան արժեին նաև բանկերի միացումից առաջ, միացումից հետո… իսկ մի՞թե անվճարունակ բանկի արժեթղթերը չպետք է արժեզրկվեին), տեղաբաշխումն իրականացրեց փակ բաժանորդագրությամբ, երկու բանկերի բաժնետերերի միջև: «Արդշինբանկի» բաժնետերերը թողարկված 320.000 բաժնետոմսերից ոչ մի բաժնետոմս չգնեցին, իսկ 278200 բաժնետոմսերի երջանիկ սեփականատերեր դարձվեցին «Ադանա» բանկի մասնակիցները՝ «միացման պայմանագրի դրույթներն ապահովելու նպատակով»:

2002 թվականի օգոստոսի 27-ին «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիան կայացած համարեց «բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը՝ 695500000 ՀՀ դրամի չափով, որը ներառում է 278200 հատ սովորական բաժնետոմսեր… որոնք կբաշխվեն նախկին «Ադանա» բանկ ՍՊԸ մասնակիցների միջև՝ համաձայն… միացման պայմանագրի» («Արդշինբանկ» ԲԲԸ ժամանակավոր ադմինիստրացիայի որոշում թիվ 93, ընդունված 27. 08. 2002 ):

Հետաքրքիր է՝ միացման պայմանագիրը նման դրույթներ իսկապես ունի՞, նախատեսո՞ւմ է արժեթղթերի թողարկում... Գրեթե համոզված ենք՝ չունի, դա անհնար է, մեկ օրում բանկերը գլխապատառ միացնելիս որտեղից իմանային, որ դեպոզիտարիան չի գրանցի նոր բաժնետերերին, սակայն ԿԲ-ի համար՝ ի դեմ «Արդշինբանկի» ժ/ա ադմինիստրացիայի, դա էլ խնդիր չէր. թողարկեցին բաժնետոմսեր ու բաշխեցին «Ադանա» բանկի մասնակիցների միջև:

Մի կարևոր հանգամանք ևս: ՄԻԱՑՄԱՆ պայմանագիրը գործել է 2002 թվականի մարտի 11-ից հետո՝ առավելագույնը 8 օր, և այդ ընթացքում «Ադանա» բանկի մասնակիցները պետք է դառնային «Արդշինբանկի» բաժնետերեր, բայց չեն դարձել: Համաձայն ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի տվյալների՝ «Ադանա» բանկի մասնակիցների բաժնետոմսերի տեղաբաշխումը իրականացվել է վերոնշյալ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումից հետո՝ 2002 թվականի սեպտեմբերի 3-ին:

Այս ամենն արվել է «Ադանա» բանկի «առողջացման» համար, որի մասնակիցները 2003 թվականի հուլիսի 4-ից հանդիսանում են լուծարման գործընթացում գտնվող «Արդշինբանկի» բաժնետերերը (40 տոկոս): Այլ բաժնետերեր գրեթե չկան, նրանց բախտը բերել է. հարցեր են լուծել, կարողացել են իրենց բաժնեմասերով ընկեր-տղերքի վարկեր փակել (անշուշտ, «Արդշինբանկի» և Կենտրոնական բանկի համաձայնությամբ) և այլն: Իսկ «Ադանա» բանկի սեփականատերերը շարունակում են իրենց ոդիսականը՝ որոնելով ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, որը… «ծիծեռնակի կաթ է դարձել»:

«Վերոնշյալ փաստերը, թվում է, բավարար են ցանկացած դատական ատյանի համար՝ արդարացի որոշումներ կայացնելու առումով, սակայն այս տարիների ընթացքում մենք նման մոտեցում չտեսանք. դատական գործերն էլի ընթացքի մեջ են և ամենայն հավանականությամբ, դեռ երկար են լինելու: Այսպիսին է մեր իրականությունը»,- ասում է «Ադանա» բանկի այն ժամանակվա գործադիր տնօրենի տեղակալ Նունե Մկրտումյանը:

Հ.Գ. Բանկերի միացումից հետո ԿԲ-ն «Արդշինբանկին» 5,5 մլն ԱՄՆ դոլարի կառուցվածքային վարկ տվեց: Նման վարկ կարող էր տրվել միայն բանկերի միացման դեպքում: «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն էլ, այսինքն՝ վարկը տնօրինողը, ԿԲ-ի կողմից նշանակված, ԿԲ-ի վերահսկողության վարչության պետն էր: Ի՞նչ եղավ այդ 5.5 մլն ԱՄՆ դոլարը: Այժմ պա՞րզ է, թե ինչու ԿԲ-ն կատարեց «Ադանա» բանկը անվճարունակ ճանաչելու և «Արդշինբանկին» միացնելու օպերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter