HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին քաղաքական որոշում էր Թուրքիայի դեմ». Սուրեն Մանուկյան

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին քաղաքական որոշում էր Թուրքիայի դեմ։ Նման պնդում է անում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«Հետք»-ը Սուրեն Մանուկյանի հետ խոսել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական ուղերձների, Սփյուռքի հայկական կառույցների հետագա գործունեության, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ 

Պարո'ն Մանուկյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված իր ուղերձում, կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը։ Մինչ այս միայն Ռոնալդ Ռեյգանն էր կիրառել այն, իսկ ամերիկյան մյուս նախագահները բավարարվել էին «մեծ եղեռն» եզրույթով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ի՞նչ գործընթացներ կարող են սկսվել հայտարարությունից հետո։

Այո՛, ճանաչում է, բայց ես ունեմ հանրային ընկալումներից տարբերվող մոտեցում և կարծում եմ, որ ճանաչումն արդեն իսկ տեղի էր ունեցել 2019 թվականին՝ Կոնգրեսի երկու պալատների բանաձևերով։ Եթե մենք նայենք այլ երկրների պարագան, ապա կտեսնենք, որ տվյալ երկրի կողմից Հայոց ցեղասպանության հիմնական ճանաչման գործընթացը կապվում է այդ երկրների օրենսդիր մարմնի որոշումների հետ։ Կարծում եմ այս պարագայում ևս չպետք է բացառություններ լինեն։ Բայց Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր էր քաղաքական տեսանկյունից, սա քաղաքական որոշում էր։ Կարևոր էր նաև հոգեբանական տեսանկյունից, որովհետև բավարարվեց մեր հանրային պահանջը, իսկ հասարակությունը կվերադառնա առավել պրագմատիկ դաշտ՝ զգայական մակարդակից անցնելով առավել ռացիոնալի։

Պետք է հասկանալ, որ առաջին հերթին այս քաղաքական որոշումն ուղղված էր Թուրքիայի դեմ։ Դա չէր արվում Հայաստանի Հանրապետության համար, այլ այն պատճառով, որ լարվել էին թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Բացի այդ, Էրդողանի քաղաքական կերպարը չի բավարարում Միացյալ Նահանգներին և, ի վերջո, սա արվեց նաև այն պատճառով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Բայդենը խոստում էր տրվել հայ համայնքին։

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր փաստարկ է այն առումով, որ ինչ-որ մի պահի այն կարող ենք օգտագործել, երբ որոշենք գնալ միջազգային դատարան։ Կարևոր է նաև թեման միշտ տաք պահելու տեսանկյունից, որովհետև այն ինչ-որ չափով լուծում է մեր ազգային անվտանգության ապահովման հարցը։ Մշտապես խոսվում է 21-րդ դարում ցեղասպանությունների կրկնության բացառման մասին, բայց մենք տեսնում ենք, որ հենց այսօր էլ ընթանում են գործողություններ, որոնք շատ շուտով կորակվեն որպես ցեղասպանություններ։ Իսկ Թուրքիան չի խորշում նմանատիպ գործողություններից. ներխուժում է հարևան երկրի տարածք, ահաբեկիչներին ֆինանսավորում` իրականացնելու ցեղասպանական գործողություններ Հյուսիսային Իրաքում՝ եզդիների հետ կապված։ Արցախյան վերջին պատերազմը ևս դրա վառ դրսևորումն է։ Եվ միջազգային մակարդակում հետապնդելով Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ մենք որոշակիորեն փորձում ենք նաև այս խնդիրը լուծել։

Նախագահ Բայդենի և Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել դաշնային մակարդակով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը կամ էլ ապահովագրական ընկերություններից ու ամերիկյան բանկերից սառեցված գումարների հետ ստանալու գործընթացին։ Բացի այդ, վերին մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր փաստարկ կարող է լինել նաև դատարաններում։

Խոսենք Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թուրքական արձագանքից։ Այն խիստ էմոցիոնալ չէր, ավելին թուրքական ընդդիմությունը Էրդողանին մեղադրեց անհամաչափ արձագանքի մեջ։ Թուրքիան արձագանքել էր հայտարարությունների մակարդակով և Անկարայում ԱՄՆ դեսպանին ԱԳՆ հրավիրելով։ Ինչ եք կարծում պաշտոնական Անկարան վաղու՞ ց էր տեղյակ Բայդենի մտադրության մասին, և ինչու՞ Անկարայի արձագանքը համաչափ չէր։

Բնականաբար, թուրքական կողմը տեղեկացված էր։ Դա երևում է բոլոր գործողություններից։ Կարծում եմ, որ նորմալ է։ Այն արվում է լրացուցիչ ցնցումներից խուսափելու համար։ Նախապես աշխարհի առաջատար լրատվամիջոցներով Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին լուրը տարածվելը ևս դրան էր ուղղված։ Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները դաշնակիցներ են, և այս պարագայում, երբ դու ուզում ես դաշնակցիդ ոչ հաճելի իրավիճակում դնել, նախօրոք զգուշացնելը և հարցը որոշակիորեն մեղմելը, կարևոր է միջազգային քաղաքականության մեջ։

Դեմոկրատները միշտ հայտնի են եղել արտաքին քաղաքականության գաղափարախոսական հիմնավորումներով։ Այս առումով Թրամփը և իր վարչակազմը շատ ավելի պրագմատիկ էին։ Դեմոկրատական կուսակցությանը հարող լրատվամիջոցները պարբերաբար գրում են, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ լինի Թուրքիայի ներքաղաքական դաշտում և օգնի թուրքական ընդդիմությանը։ Եվ միգուցե սա հենց թուրքական ընդդիմությանը օգնելու քայլերից մեկն էր։

Ճիշտ եք նկատել, որ արձագանքը խիստ չափավոր էր, որովհետև նույնիսկ այլ ավելի փոքր երկրների պարագայում, որոնց դերը միջազգային քաղաքականության մեջ մեծ չէր, Թուրքիան հետ էր կանչում իր դեսպանին, ինչը մենք չտեսանք Միացյալ Նահանգների պարագայում։ Սա խոսում է այն մասին, որ թուրքական կողմը նախօրոք իմացել է այս մասին, և կար պայմանավորվածություն։ Կամ էլ Թուրքիան դա չարեց՝ ուղղակի փորձելով լուրը շատ ավելի աննշան դարձնել ու թեման շատ չշրջանառել։

Արդեն մի քանի տասնամյակ է` պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքին կոնսոլիդացնող հիմնական գործոնը։ Կարելի է ասել` հիմա Ցեղասպանությունը ճանաչված է, և ստացվում է, որ Հայ դատի ու հայկական սփյուռքի համար այլևս «անելիք չկա»։ Հետևաբար, ի՞նչը պետք է դառնա Սփյուռքի կառույցների համար առաջնային առաջիկա տարիների համար։

Մի քանի տասնամյակ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման եղել է Սփյուռքի հայկական գաղթօջախների և կառույցների գլխավոր կոնսոլիդացիոն թեման։ Գաղթօջախներում, Սփյուռքի հայկական կուսակցություններում տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ լինել, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման, ոգեկոչման թեման թերևս այն եզակին է, որը միավորում է բոլորին։ Ես տարիներ շարունակ իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայից զատ, ոչ պակաս ջանքեր պետք է ներդրվեն այլ հարցերի շուրջ, մասնավորապես` Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ։ Եվ հիմա թերևս լավագույն պահն է այդ անցումը կատարելու։ Հանուն արդարության պետք է նշեմ, որ այն կատարվում է։ Պարզ է նաև պատերազմի արձագանքը և այսօրվա ծանր հումանիտար իրավիճակը, ուստի Սփյուռքի հայկական կառույցների կոնսոլիդացնող թեման առաջին հերթին պետք է լինի Արցախը և նրա միջազգայնորեն ճանաչումը։

Սփյուռքի լոբբիստական կառույցների համար, հատկապես Միացյալ Նահանգներում, առաջնային պետք է լինի նաև Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին օգնության չտրամադրման հարցը և Հայաստանին օժանդակության տրամադրումը։ Այդուհանդերձ, կոնսոլիդացնող հարցերից չեմ ուզում հանել Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե ճանաչումը եղավ, բայց դա վերջը չէ, այլ սկիզբն է։ Երբ ինչ-որ մեկը ճանաչում է ցեղասպանությունը, նա ստանձնում է որոշակի պարտականություններ։ Ուստի Սփյուռքի հայկական համայնքները պետք է վերահսկեն այդ պարտավորությունների իրագործումը, որոնք նշված են ճանաչման փաստաթղթի մեջ։ Օրինակ` Գերմանիայի Բունդեսթագի կամ ԱՄՆ Կոնգրեսի պալատների ընդունած բանաձևերում նշվում է, որ պետք է օժանդակել կամ դպրոցական ծրագրերում պարտադիր մտցնել Հայոց ցեղասպանության թեման։ Արդյո՞ք մեր դեսպանատները վերահսկում են այս գործընթացը։ Արդյո՞ք մեր դեսպանատները կամ համայնքը փորձում են պարզել, թե արդյոք այս կետերը կատարվում են, իսկ Հայոց ցեղասպանության թանգարանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է անցնել այդ ճանապարհը մեր դեսպանատների և համայնքների հետ։

Վերադառնալով Թուրքիայի թեմային` 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտից հետո Թուրքիան պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական հարցը։ Ըստ ձեզ, առաջիկայում ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ այս ուղղությամբ։

Ճիշտն ասած` ես հույս ունեմ, որ այսօր այս առումով որևէ զարգացում չկա, թեև չեմ կարող համոզված լինել։ Ինչու եմ ասում, որ չեմ ցանկանա հիմա լինեն այդպիսի բանակցություններ, որովհետև մենք քաղաքականապես բավականին թույլ ենք, իսկ Թուրքիան գիշատիչ պետություն է։ Սա պետք է միշտ հիշենք, և մեր քաղաքականությունը կառուցենք այս առումով։ Ինքը շատ լավ զգում է մեր թուլությունը և կօգտվի դրանից։ Ուստի կարծում եմ, որ հիմա լավագույն ժամանակը չէ խոսելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։

Թուրքիայի հետ խոսելը պահանջում է շատ բարձր պրոֆեսիոնալիզմ և շատ բարձր գիտելիքներ ու հմտություններ, ինչը ես այսօր քաղաքական իշխանության մեջ չեմ տեսնում։

Շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների թեման` թուրքական կողմը բազմիցս առաջարկել է նաև ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կզբաղվի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրմամբ։ Հայկական կողմի համար ինչու՞ մշտապես ընդունելի չի եղել այդ ձևաչափը և ի՞նչ վտանգներ կան դրանում։

Պատմաբանների հանձնաժողովի թեման բարձրացվել է Թուրքիայի կողմից, իսկ Հայաստանը մշտապես հրաժարվել է և ճիշտ է արել։ Ստացվում է, որ թուրքերն առաջարկում են քննարկել Հայոց ցեղասպանության եղելիության փաստը, եղելությունը։ Մենք կհամաձայնեինք քննարկումներին, եթե թուրքական կողմը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, և մենք փորձեինք ճշտել ինչ-ինչ մասնավոր դրվագներ։ Հակառակ պարագայում, պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի Հայոց ցեղասպանության եղելիության հանգամանքը, բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ, որովհետև մեր հանրային ընկալման մեջ նման երևույթ գոյություն չունի։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության թեման բացարձակ ընդունելի է գիտական աշխարհում։ Դուք չեք գտնի քիչ թե շատ հեղինակություն վայելող ցեղասպանագետի, որ կասկածի տակ կդնի այս հարցը։ Կան առանձին մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, բայց դրանք մարգինալ գիտությամբ զբաղվող կամ գործընթացից դուրս մղված, միջազգային գիտաժողովներին չմասնակցող մարդիկ են։

Իհարկե ես հասկանում եմ, որ Թուրքիան փորձում է կասկած առաջացնել միջազգային հանրության մոտ, իսկ բանավեճի մեջ սա ընդունված մեթոդ է, երբ դու դիմացինիդ մոտ ինչ-որ հարցեր ես առաջացնում, կասկած ես գցում և դա փորձում ես օգտագործել։ Բայց եկեք այդ ծուղակի մեջ չընկնենք։ Սա բացահայտ ծուղակ է, որով թուրքերը փորձում են լեգիտիմացնել այն, ինչ իրենք անվանում են վիճելի հարցեր։ Այնինչ գիտական հանրության շրջանում չկա բանավեճ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Ես ցանկանում եմ մի բան հիշեցնել։ Պատերազմի օրերին, օբյեկտիվ պատճառներով այս թեման լավ չլուսաբանվեց, բայց Կոնգրեսի գրադարանը երկար տարիներ խուսափում էր Հայոց ցեղասպանություն եզրույթից։ Եթե Կոնգրեսի գրադարանի կատալոգներում փնտրեիր Հայոց ցեղասպանություն բառը, ոչինչ չէիր գտնի, որովհետև կատալոգներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը գտնվում էին հայկական ջարդեր անվան տակ։ 2020 թվականի հոկտեմբերին Կոնգրեսի գրադարանի գիտական խորհուրդը որոշում կայացրեց, որ այսուհետ կատալոգներում նշվելու է Հայոց ցեղասպանություն։

Ուստի թուրքերի հետ, պատմաբանների հանձնաժողովում, գնալ, քննարկել, նշանակում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։

Թուրքերը նաև մեկ այլ թեզ են առաջ քաշում հայերի կողմից արխիվների չբացման հետ կապված։ Արդյո՞ք բաց են հենց թուրքական արխիվները։

Արխիվների բացման թեմայի քննարկումն ու շահարկումն անիմաստ է, որովհետև մեր երկրում չկա փակ արխիվ։ Հայաստանում դու չես կարող գնալ ինչ-որ արխիվ, փորձես հետազոտություն անել, և դա հնարավոր չլինի։ Եվ առնվազն թուրք մի շարք հեղինակներ եկել են Հայաստան ու աշխատել այնտեղ։ Միգուցե կան ինչ-որ մասնավոր արխիվներ, որոնք փակ են, բայց դրանք մասնավոր են։

Ինչ վերաբերում է թուրքական արխիվներին, ապա դրանք հասանելի չեն ոչ միայն հայ գիտնականներին, այլև որոշ թուրք գիտնականների։ Թուրքերի կողմից արխիվները բացելու կոչերը մենք դիտարկում ենք որպես քարոզչական կեղծ թեմա։ Թուրքական արխիվների մասին խոսելիս կա 2 խնդիր։ Առաջինն այն է, որ փակ է թուրքական ռազմական արխիվը, այն, ինչը մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Այո’, Թուրքիան վերջին տարիներին, պետք է ընդունենք, որ բացել է մի շարք արխիվներ, օրինակ, վարչապետի արխիվում շատ գիտնականներ սկսեցին աշխատել վերջին տարիներին։ Խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Թուրքիան ևս պատերազմի մասնակից էր, երկրում ռազմական դրություն էր, իսկ ամբողջ փաստաթղթերը գնում էին ռազմական արխիվ։ Դրանցից շատերը նաև գաղտնագրված էին։ Եվ այսօր հույս չկա, որ Թուրքիան երբևիցե կբացի դրանք։ Եթե լինի ինչ-որ տեղեկատվություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ապա դա կլինի հենց ռազմական արխիվում։ Ինչի եմ ասում եթե լինի, որովհետև թուրքական արխիվները բազմիցս մաքրազերծվել են, ռազմական բոլոր հեղաշրջումներից հետո խումբ էր մտնում արխիվներ և վերացնում ինֆորմացիան, ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլ Թուրքիայի ներքաղաքական այլ հարցերի։ Թուրքական արխիվներում կա փաստաթղթային ընդհատություն։ Երբ նայում ես փաստաթղթերի հերթականությունը՝ 1, 2, 3, մեկ էլ տեսնում ես հաջորդը 7-րդն է, իսկ դա նշանակում է, որ 4, 5, 6-ն ուղղակի ոչնչացված են։

Հաջորդ խնդիրն էլ այն է, որ թուրքական արխիվները կատալոգիզացված չեն։ Որպեսզի հասկանանք բարդությունը, պատկերացրեք Օսմանյան կայսրությունը ահռելի տարածքով 600-ամյա կայսրություն է եղել, որտեղ փաստաթղթեր են ստացվել` սկսած Եմենից մինչև Բուլղարիա և Ռումինիա։ Եվ այս ամբողջ փաստաթղթերը լցվել են ինչ-որ մի արխիվ, որը չի կատալոգիզացվել։ Այդուհանդերձ, վերջին տարիներին այդ գործընթացը ևս սկսվել է։

Ցանկանում եմ ևս մեկ խնդիր առանձնացնել։ Հայոց ցեղասպանության ժամանակ բազմաթիվ հրամաններ տրվել են բանավոր։ Դրանց մասին փաստում են նաև հենց թուրքական աղբյուրները։ Դուք կարող եք հանդիպել, օրինակ, փաստաթղթի, որտեղ գրված է, որ «Х օրը Х ժամին ձեզ տված բանավոր հրամանը, արդյոք կատարվել է, թե՝ ոչ»։ Երիտթուրքերը շատ լավ հասկանում էին, թե ինչ են անում, ուստի մշտապես փորձել են իրենց հետևից վերացնել հետքերը։ Կան նաև պահպանված մի քանի փաստաթղթեր, որտեղ գրված է` կարդալուց հետո այն այրել։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ մեր ազգը փորձում է հնարավորինս խուսափել Հայոց ցեղասպանության թեմայից՝ հաճախ չուզենալով կրել այդ «զոհի բեռը»։ Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Ի՞նչ եք կարծում դա որոշակիորեն չի խանգարում մեզ ավելի ճկուն լինել արտաքին հարաբերություններում։

Ինչքան էլ մենք խուսափենք սրանից, չփորձենք վերլուծել այն, «զոհի բեռը» կա։ Հայաստանում կան մի շարք հոգեբանական վերլուծություններ և հետազոտություններ, որոնք փաստում են, որ այդ զոհի բեռը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եվ նույնիսկ երրորդ, չորրորդ սերունդը կրում է վերապրածի վիշտը, ցավը։ Հիմա մենք ունենք մի սերունդ, որը երբևիցե չի առնչվել Ցեղասպանության վերապրածի հետ։ Օրինակ, ես առնչվել եմ, իմ տատիկը Ցեղասպանությունը վերապրած էր։ Իմ համար հասկանալ, թե ինչ է ցեղասպանությունը, բավականին հեշտ է։ Իմ երեխաների կամ այսօրվա սերնդի համար դա բավականին բարդ է։ Հենց դա է պատճառը, որ նոր սերնդի ներկայացուցիչների մի մասը փորձում է խուսափել այդ բեռից։ Ծանր թեմա է, նրանք չեն ուզում խորանալ այդ թեմայի մեջ։ Բացի այդ, կա նաև երկրորդ խնդիրը։ Նրանք հաճախ նշում են, որ չեն ուզում լինել զոհվածի կամ հետապնդվածի սերունդ։ Այս խնդիրը կա ոչ միայն մեր, այլև ցեղասպանություն անցած բոլոր ազգերի մոտ։

Այս հարցը լուծվում է դպրոցական ծրագրերի փոփոխությամբ, դաստիարակության որոշակի փոփոխությամբ, բայց այդ զոհի բարդույթը կա, և մենք խնդիր ենք ունենալու երիտասարդ սերնդի համար Հայոց ցեղասպանության թեման ավելի ճիշտ մատուցելու հարցում։ Ես այն մտքին եմ, որ պետք է ավելի մեծ տեղ հատկացվի ինքնապաշտպանական մարտերին, հայկական դիմադրությանը և վերջիվերջո վերածննդի թեմային։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ցեղասպանության միջազգային ճանաչմանը որպես արտաքին քաղաքականության առաջնային գործոն, և արդյոք սա չի խանգարում առավել ճկուն քաղաքականություն վարելուն՝ գիտեք ուզում եմ հարցին ավելի լայն պատասխանել։ Հայոց ցեղասպանության թեման գլոբալ քաղաքականության մեջ վաղուց ներառված թեմա է, որը շատ դեպքերում ակտիվանում է մեզնից անկախ։ Տեսականորեն պատկերացնենք, որ եթե մի օր հանկարծ Հայաստանի Հանրապետությունը հայտարարի, որ այլևս չի զբաղվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ, ապա թեման շարունակելու է մնալ միջազգային քաղաքականության մեջ։ Թեման գրավիչ է, հատկապես Թուրքիայի վրա ազդեցություն ունենալու համար, և շատ հաճախ, ցավոք, միջազգային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության թեման ավելի մեծ գործոն կարող է համարվել, քան Հայաստանի Հանրապետությունը։

Այս առումով ես կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ է անում, որ ներքաշվում է այս գործընթացի մեջ: Մենք իրավունք չունենք մեր վերահսկողությունից դուրս թողնել այն։ Եվ այս առումով մեր դեսպանատների և համայնքի հետ աշխատանքը շատ կարևոր է՝ ցույց տալու համար, որ Հայոց ցեղասպանության թեման մեր թեման է, մենք մտնում ենք խաղի մեջ և մենք կփորձենք դրանից ստանալ մեզ համար առավել ձեռնտու արդյունքներ։

Ես այն տեսակետին չեմ, որ այն մեզ նվազ ճկուն է դարձնում։ Շատերը երբեմն մեղադրում են, որ մենք Հայոց ցեղասպանության թեման առաջ տանելով չենք կարողանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բայց օրինակ, Սիրիան կամ Կիպրոսը ցեղասպանության թեմա չունեին, որ Թուրքիան մտավ այդ երկրների տարածք և գրավեց սուվերեն երկրի տարածքի մի մասը։ Թուրքիան միշտ շարժվում է իր արտաքին քաղաքական հստակ ծրագրով և իրեն չի հետաքրքրում, թե ինչ է մտածում դիմացի երկիրը։ Ադրբեջանի պարագայում աշխատում է պանթուրքական գաղափարախոսությունը։ Դրանք գաղափարներ են, որոնց օգնությամբ Էրդողանը ցանկանում է շրջանցել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Էրդողանն ամեն ինչ անում է, որ մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության ձևավորման 100-ամյակը, կարողանա հասնել իր քաղաքական նպատակների իրականացմանը։ Կարծում եմ, որ վերջին տարիներին Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը տանում է հենց դրան։

Պարոն Մանուկյան, գանք այսօր միջազգային լրահոսի գլխավոր թեմաներից մեկին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին լարմանը։ Այդ ֆոնին, հաշվի առնելով այն աջակցությունը, որ Թուրքիան տալիս է Պաղեստինին` Իսրայելում դարձյալ սկսել են խոսել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրագործման մասին։ Ավելին, այդ մասին գրառում էր արել նաև վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն։ Արդյո՞ք ընթացիկ պրոցեսները կարող են նպաստել այդ երկրի կողմից ևս Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչմանը։

Յաիր Նեթանյահուն շատ հետևողական է այս հարցում։ Ինքը մշտապես բարձրացնում է այս թեման, ցանկացած սրացման ժամանակ։ Սա առաջին անգամ չէ, և հույս ունեմ, որ նա անկեղծ հավատում է իր գրածին։ Սա հենց այն բանի վառ դրսևորումն է, ինչ ես ասում էի ավելի վաղ. գլոբալ քաղաքականության մեջ օգտագործվող խաղաթուղթ։ Իսրայելը ևս այն միշտ օգտագործում է Թուրքիայի դեմ։ Թե սա արդյոք կտանի նրան, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, չեմ կարծում, նախ որովհետև ինչքան էլ սրվեն այդ երկու երկրների հարաբերությունները, ինչքան էլ Թուրքիան հայտարարի, որ ցանկացած ժամանակ պաղեստինցիներին կօգնի, ինչպես օգնեց ադրբեջանցիներին, այդուհանդերձ այդ երկու երկրների հարաբերությունները, եթե ոչ արտաքուստ, գոնե ներքուստ, բավականին ամուր են։ Ի վերջո Իսրայելը չի մոռանում, որ Թուրքիան մուսուլմանական առաջին պետությունն էր, որը ճանաչեց հրեական պետության անկախությունը, և այս ամբողջ տասնամյակների ընթացքում այդ երկրները միմյանց օգնել են ինչպես ռազմական և քաղաքական առումներով, այնպես էլ՝ տնտեսական։

Կապերը դեռևս շատ խորն են, և հիմա գոնե Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի կողմից իրատեսական չէ։ Թեև չեմ ուզում բացառել այդ հնարավորությունը, որովհետև թուրք-ամերիկյան հարաբերություններն էլ ունեին ավանդույթներ ու ռազմավարական շահեր։

Իսրայելի պարագայում կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել։ Խոսքը Հոլոքոստի եզակիության մասին է։ Հրեա մի շարք ցեղասպանագետներ պնդում են, որ Հոլոքոստը եզակի է և միակն է, որը կարելի է անվանել ցեղասպանություն։ Իսրայելի հասարակության շրջանում այս կարծիքը ևս կա, և ոմանց կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է հավասարեցում Հոլոքոստին։ Սա էլ քարոզչության արդյունք է։ Բնականաբար, ցեղասպանություններից մեկն ամենևին ստվեր չի գցում մյուսի վրա։ Բայց, այնուամենայնիվ, երկար տարիներ սա ներշնչվել է իսրայելական հասարակությանը։

Մենք պետք է կարողանանք օգտվել այս իրավիճակից։ Հիմա տեսնում ենք, որ Իսրայելում կա որոշակի ֆոն, որը կարելի է օգտագործել մեր շահերից ելնելով։ Եվ այդտեղ մեծ դեր պետք է ունենա Իսրայելում Հայաստանի դեսպանությունը։ Անկախությունից տարիներ անց մենք այդ երկրում բացեցինք դեսպանություն, իսկ Իսրայելում Հայաստանի դեսպանը պետք է շատ ճկուն դիվանագետ լինի, որ կարողանա համակարգել այս ողջ գործընթացը։ Մենք Իսրայելից նեղացած դիրք ընդունեցինք վերջին պատերազմի ժամանակ, բայց եթե դու՝ որպես երկիր, տասնամյակներ շարունակ չես աշխատում այդ պետության հետ, գոնե չպետք է ակնկալես, որ կունենաս դաշնակից կամ գոնե գործընկեր երկիր։ Եթե մենք ուզում ենք, որ ցանկացած իրավիճակում այս կամ այն երկրի վերաբերմունքը մեր նկատմամբ փոխվի` գոնե չեզոքի, ապա պետք է աշխատել այդ երկրի ուղղությամբ. ամենօրյա մակարդակով քաղաքական աշխատանք, դեսպանատների կողմից վարվող աշխատանք, հանրային, խորհրդարանական դիվանագիտություն և այլն։ Ուստի նախևառաջ անհրաժեշտ է Իսրայելում լավ դեսպանի առկայությունը։

Եվ վերջում խոսենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին։ Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ է նախատեսում իրականացնել թանգարան-ինստիտուտը։

Թանգարանն ակտիվորեն աշխատում է և, միգուցե, հանրությանը շատ դեպքերում այն չի երևում, բայց իրականացվող աշխատանքը ամենօրյա հագեցած ռեժիմով է։ Ես կնշեմ մի քանի խոշոր նախագծեր, որոնք նախատեսվում են իրականացնել այս տարվա ընթացքում։

Այս տարվա սեպտեմբեր ամսին իրականացվելու է «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում» թեմայով միջազգային մեծ գիտաժողով։ Նման մեծ գիտաժողով վաղուց Հայաստանում տեղի չի ունեցել։ Վերջինը 2015 թվականին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովն էր։

Երկրորդ խոշոր նախագիծը, որն արդեն մեկնարկել է, Հայոց ցեղասպանության թանգարանում հետազոտողների առանձին խմբի ստեղծումն է, որը զբաղվելու է Արցախյան հիմնահարցի, Ադրբեջանի և Նախիջևանի հայության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Խումբն ուսումնասիրելու է XX-XXI դարերում Ադրբեջանի և Նախիջևանի հայաբնակ վայրերում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողությունները։ Նախատեսվում է, որ այս խմբի աշխատանքներին կներգրավվեն նաև միջազգային հայտնի ցեղասպանագետներ։

Երրորդ մեծ նախագիծը, որը իրականացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հուշագրությունների շարքի հրատարակությունն է։ Սա շատ մեծ նախագիծ է, որը սկսվել է երկու տարի առաջ։ Թանգարան-ինստիտուտն ունի Հայոց ցեղասպանությունը վերապրածների հսկայական հուշեր, բազմաթիվ անտիպ օրինակներ։ Մեր արխիվներում առանձին ֆոնդ կա, որը զբաղվում է հենց այս հուշագրություններով։ Հիմա թանգարան-ինստիտուտը ակտիվորեն հրատարակում է դրանք։ Այդ հուշագրություններից շատերը փոխարինում են նույնիսկ փաստաթղթերին։

Վերջերս բացվեց նաև «Հայոց ցեղասպանության վերապրածների ընտանեկան հետքերով» անունը կրող ցուցադրությունը, որը թույլ է տալիս հասկանալ այն մարդաբանական աղետը, որը եղել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ցուցադրությունը հիմնականում ներկայացնում է այն գերդաստաններին, որոնք ոչնչացվել են ամբողջությամբ։

Շատ կարևոր է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում բացել այլ ազգերի ցեղասպանություններին նվիրված բաժին։ Հավանաբար, այն արդեն պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբերին և նվիրված կլինի Հոլոքոստին, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանություններին և այլն։ Ինչու է սա կարևոր, որովհետև մենք ի վերջո պետք է հասկանանք, որ եթե դու ուզում ես, որ աշխարհն իմանա քո ցեղասպանության մասին, դու այն պետք է տեղավորես ցեղասպանության երևույթի մեջ և ինքդ ցույց տաս այլոց ցեղասպանությունները։ Սա նաև նպաստում է ճանաչման քաղաքականության առաջ մղմանը։ Այս ճանապարհով մենք կկարողանանք փոխադարձության սկզբունքով Հայոց ցեղասպանությունը ներկայացնել այլ թանգարաններում։

Լուսանկարը՝ Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter