HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ըսեց՝ ես մեռած էլ էղնիմ` հետ գուկամ, չհավատաս հեչ մի բանի»

Սեպտեմբերի 27-ին՝ տնից դուրս գալուց առաջ, գյումրեցի Մարտուն Մկրտչյանի վերջին խոստումն է եղել սա՝ ուղղված կնոջը. «Ես մեռած էլ էղնիմ՝ հետ գուկամ, չհավատաս հեչ մի բանի, Լիլ»: Մարտունը միշտ կատարում էր խոստումներն ու այս անգամ եւս իր խոստման տերն եղավ՝ «վերադարձավ»: «Իհարկե մենք նման վերադարձի չէինք սպասում: Հա, ինքը չկորավ, գերի չընկավ, մենք գոնե մարմինը տեսանք, ու էդ առումով ինքն իր խոստումը կատարեց՝ թեկուզ մեռած, բայց տուն «եկավ»,- նկատում է Մարտունի կինը՝ 34-ամյա Լիլիթ Մելոյանը:

Մարտունի 4 տղաներից հոր բացակայությունն ամենածանրը երրորդ տղայի՝ 9-ամյա Գագիկի համար է: Լիլիթն ասում է, որ հրաժարվում է տանը մնալ, եւ ինքը ստիպված նրան տանում է մորական տատի, պապի մոտ: «Կըսե՝ «ես օր գուկամ պապաս չկա, ես չեմ ուզե տուն գամ, ըդիկ մեր տունը չէ», դրա համար էլ տանում եմ ծնողներիս մոտ: Ինքը չի հաշտվում էն մտքի հետ, որ հայրը չկա, կռվում է բոլորի հետ, ներվայնանում է, համոզված է, որ Մարտունը հետ է գալու, հոր մահվան փաստը չի ընդունում: Դե փոքրս՝ Գոռը, երկու տարեկան է, բան չի հասկանում, մեծերն էլ փորձում են ըմբռնումով մոտենալ»:

16-ամյա Արտյոմն ու 15-ամյա Արմանը քչախոս են, հարցերին պատասխանում են կցկտուր, խնդրում են իրենց չլուսանկարել: Արտյոմը սովորում է Գյումրու արհեստագործական ուսումնարանում՝ ոսկերիչ է դառնալու, Արմանը 9-րդ դասարանում է: Ահա այն ամենը, ինչ որոշեցին անծանոթին փոխանցել տղաները: Մարտունի զոհվելուց հետո ընտանիքի ողջ հոգսը ծանրացել է Լիլիթի փխրուն ուսերին՝ ամուսնու նման հզոր թիկունքը փլվել է, ապագան էլ՝ դարձել մշուշոտ:

Մարտունն ու Լիլիթը ծանոթացել են Գյումրու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում: Մարտունն այնտեղ համեմունքների վաճառքի տաղավար է ունեցել, իսկ Լիլիթի հայրական տունը շուկայի հարեւանությամբ է եղել: Տղան ապագա կողակցին գրավել է իր ուրախ, կատակասեր բնավորությամբ: Ամուսնությանը չի խանգարել նաեւ հանգամանքը, որ Մարտունն առաջին ամուսնությունից երկու փոքրահասակ տղա է ունեցել: «Մարտինին օր կհարցնեին, թե Լիլիթին ուրդից ես գտել, կըսեր՝ շուկայից,- Լիլիթի ձայնի մեջ մի պահ ուրախ ելեւէջներ են հայտնվում,- ես 23 տարեկան էի, որ ամուսնացանք: Շատ երջանիկ եմ եղել, շատ սիրված ու պաշտպանված»:

Լիլիթն ասում է, որ մինչեւ մահ չի մոռանա սեպտեմբերի 27-ի այդ չարագույժ օրն ու ամուսնու հետ վերջին խոսակցությունը: Կիրակի օրվա լուսաբացն ամուսինների համար եղել է սովորական, ինչպես մնացած օրերին: Մարտունը սովորույթի համաձայն՝ առաջինն է դուրս եկել տնից, որոշ ժամանակ անց շուկայի իրենց խանութ է հասել նաեւ Լիլիթը: Այնտեղ էլ իմացել է, որ պատերազմ է սկսվել: «Մարտունը միշտ առեւտրով է զբաղվել, բայց 2012-15թթ-ին պայմանագրային ծառայության է եղել սահմանապահ զորքերում: Ինձ ասաց, որ զինկոմից զանգել են, պիտի գնա, որպես պահեստազոր ներկայանա, թուղթ կա ստորագրելու, ստորագրի ու գա տուն,- պատմում է Լիլիթը,- ես մտածում էի, որ չեն տանի, քանի որ ինքը ապրիլի վերջին հաստ աղիքի վիրահատություն էր տարել, մի երկու ամիս վերականգնման փուլ էր մոտը, եւ նոր-նոր գործի էր ելել: Եկանք տուն, ինքն անգամ հագուստը չփոխեց, երեւի ինձ չմտահոգելու համար, քաղաքացիական հագուստով գնաց, ասաց՝ հետ կգամ: Ընկերներից ասել էին, թե մի գնա, ասել էր՝ ես հո ղզի՞կ չեմ, ես որ չգնամ, բա ո՞վ գնա»:

Հետո արդեն ճանապարհից զանգել էր ու տեղեկացրել, որ իրեն տանում են ռազմաճակատ: Գյումրիից մեկնող կամավորական խմբին սկզբում տարել են Վանաձոր, մեկ օր անց՝ Արցախ: Սկզբում եղել են Աղդամում՝ 4 օր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մարտունը զոհվել է Մատաղիսում, հոկտեմբերի 5-ին՝ արկի բեկորից ստացած վիրավորումից: Զոհվելու լուրն ընտանիքին հայտնել են հոկտեմբերի 8-ին:

«Ընկերները կպատմեին, որ ինքը 4 օր չի քնել, ավելի շատ հոգ կտաներ կողքիններին, որոնք կվախենային էդ գիշերային մթությունից, ուժեղ ձայներից: Խմբի առաջին զոհն էլ ինքն է եղել: Դեպքի օրը որոշել է մենակ գնա թշնամու կողմից խփված մեքենայից ուտելիք բերելու: Տղաները չեն թողել, բայց ինքը համառել է, ասել է, եթե պիտի մեռնեմ, թող մենակ ես լինեմ, հետս հեչ մեկին չեմ տանի: Բայց տղեքից մեկը՝ Սարգիսը Վանաձորից, ասել է՝ ես հետդ գուկամ, դու մենակ չես էրթա: Գնացել են, հաց են վերցրել, կոնֆետ ու շատ ջուր, հետ են եկել: Հետո Մարտունը հիշել է, որ 3 օր ինձ չի զանգել, իրա հեռախոսի մեջ զարյադկա չի եղել, ընկերոջ հեռախոսն է ուզել: Զանգելուց էլ իմ համարիս չէր զանգե, տալիս ամուսնուն կզանգեր, կըսեր գերի ընկնել կա, հեռախոս կորցնել կա, բա որ հանկարծ քեզ ադրբեջանցի զանգե, ես ի՞նչ բդի էնեմ,- Լիլիթը հուզվում է:- Մինչեւ հըմի ականջներիս մեջ է իրա ձենը: Շատ ուրախ ձայնով խոսեց, հարցրեց ինչ կա չկա, հետո ասաց, որ տղաներին լավ նայեմ: Ես նեղվեցի, թե էս ինչեր է ասում, հրաժե՞շտ ես տալիս»:

Հեռախոսն անջատվել է, զրույցը՝ կիսատ մնացել, ու հենց այդ ժամանակ էլ արկակոծել են: Ստացած վերքերից Մարտունը տեղում մահացել է: Ընկերները նրա մարմինն անմիջապես հանել են եւ ուղարկել Գորիս: Մարտունի մայրը՝ 69-ամյա Սվետա Մկրտչյանը, պատմում է, որ տղայի մարմինը գտել են արդեն Մեծամորում կայանած սառնարան-մեքենաններից մեկում: «Ախպորս տղեն նկար ուզեց, Մարտունս ժպտալով նկար ուներ, էդ ուղարկեցինք, մորգի աշխատողը տեսել էր, ասել էր, որ հա, մեր մոտ ըսպես դեղին ատամով տղա եղել է, բայց հմի ստեղ չէ մարմինը, ղրկել ենք Արմավիր, գնացեք ընդեղից գտեք,- պատմում է տիկին Սվետան,- մեզի ընկերներից ասել էին, որ բժիշկը Գորիսում թղթի վրա տղուս անուն, ազգանունը գրել, դրել է գրպանը, բայց իրան կոդով են մերոնք գտել, անուն չի եղել»:

Մարտունի մարմինը գտել են հոկտեմբերի 11-ին, Գյումրի են տեղափոխել 14-ին եւ հաջորդ օրը հուղարկավորել: Լիլիթն ասում է, որ ամուսինն անճանաչելիորեն փոխված է եղել: «Տպավորություն էր, որ 60 տարեկան չսափրված, ծերացած անծանոթի կթաղեինք»,- նկատում  է Լիլիթը: Շարքային Մարտուն Մկրտչյանին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ ցուցաբերած խիզախության համար, հետմահու պարգեւատրել են Մարտական ծառայության մեդալով: Պետությունը փոխհատուցել է Մկրտչյաններին՝ նախատեսված 700 հազար դրամ հուղարկավորման ծախսը եւ 5 մլն դրամը: Իսկ նա սպասում էր ամուսնու վերադարձին: Փլուզվեցին այն բոլոր ծրագրերը, որոնք երազում էին միասին իրականացնել: 

«Չնայած դրանցից մեկը, որ ես երբեւէ աշխատեմ իմ մասնագիտությամբ՝ արդեն իրողություն է,- ասում է Լիլիթը,- ինքը միշտ ասում էր, որ շուկան իմ տեղը չէ, որ ես պիտի աշխատեմ որպես բուժքույր: Դեռ պատերազմից առաջ էի դիմել վերապատրաստման համար, իսկ իր մահից հետո մոտս ամրապնդվեց միտքը, որ շուկայի գործը պիտի թողնեմ: Մենք ընտանեկան մեր փոքրիկ բիզնեսն իրար հետ էինք սկսել ու շարունակելն առանց իրար չէի պատկերացնե: Օր գալիս, ապրանք էին ուզում, հիշում էի, որ ամուսինս է դրել դա էդտեղ, ասում էի՝ չէ՛, չունենք: Ինչի որ ձեռք էի տալիս, ինքն էր գալիս աչքիս առաջ ու էդ մաշող սպասումը, թե հիմի կմտնի խանութ, հիմի կերեւա էն դարի վրա»:

Ապրիլի 4-ից Լիլիթն աշխատում է Գյումրու շտապօգնության կայանում: Թեպետ դժվարությամբ, սակայն փորձում են ինչ-որ կերպ սովորական հուն վերադարձնել 8 ամիս առաջ խաթարված կյանքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter