Դատախազություն. միջոցներ են ձեռնարկվում Վարդենիսի N զորամասի զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ
ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ դատախազությունը տեղեկացնում է, որ 2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժին են հայտնել այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:
Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։
Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ: Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ:
Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ: Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել