HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նիկոլ Փաշինյանը չի կարող կատարել վարչապետի լիազորությունները». ՀԻԿ-ը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի

Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165»  շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) առաջարկում է Մարդու իրավունքներրի պաշտպան Արման Թաթոյանին, որ վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընդունած նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով։

Այս մասին  Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի այսօր՝ մայիսի 22-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից մինչ այսօր վարչապետը ընդունել է 1 նորմատիվ իրավական ակտ մայիսի 10-ին, ինչը նշանակում է, որ ՄԻՊ-ը տեսականորեն կարող է դիմել ՍԴ, և հենց այն հիմքով, որ վարչապետի լիազորությունները չի կարող կատարել Նիկոլ Փաշինյանը, վեճը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Երկուշաբթի նման խնդրանքով կոմիտեն կդիմի ՄԻՊ Արման Թաթոյանին։ 

Ըստ Զոհրաբյանի՝ քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, որովհետև կորցրել է ժողովրդի վստահությունը, այսինքն՝ չունի լեգիտիմություն։

«Պատերազմի արդյունքներով նա վերջակետ դրեց իր հետ կապված վստահության հեքիաթներին։ Սա ամենակարևոր պատճառներից մեկն է, որ նա իրավունք չունի այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրելու, այն էլ՝ գաղտնիության պայմաններում»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։

Իրավական մասին անդրադառնալով՝ նա նշեց, որ Սահմանադրության 149-րդ հոդվածից հետևում է, որ վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում այդ պաշտոնը մնում է թափուր․

«Ըստ բացատրական բառարանի՝ թափուր բառը նշանակում է դատարկ, ազատ, չզբաղեցրած։ Այսինքն՝ վարչապետի հրաժարականի դեպքում վերջինիս պաշտոնը դատարկ է։ Կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը, բայց դա վարչապետին չի կարող վերաբերել։ Ազգային ժողովի նախագահին փոխարինում է տեղակալը, երբ այդ պաշտոնը թափուր է, իսկ նախագահի դեպքում փոխարինում է ԱԺ նախագահը։ Օրենսդրությունը չի ասում՝ նախագահը պետք է ժամանակավոր նախագահի լիազորություն իրականացնի, դա տրամաբանությանը հակասում է»։

Նա նաև օրինակ բերեց Քրեկան օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ իշխանությունը պահելը, Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ 

«Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո շարունակել է լիազորությունների իրականացումը՝ իր լիազորությունների ավարտից հետո։ Այսինքն՝ իմ կարծիքով, կատարել է քրեորեն արգելված արարք։ Ուզում եմ իրազեկենք Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իրականցնել ՀՀ վարչապետի լիազորությունները։ Վարչապետի անունից ստորագրված որևէ փաստաթուղթ այս ընթացքում չի ունենա իրավասություն, քանի որ այդ պաշտոնը թափուր է»։

Արա Զոհրաբյանը կոչ արեց պաշտոնատար անձանց հանցակից չդառնալ քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարքին և հիշեցրեց, որ կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում նաև կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը։ 

Նա նշեց, որ արդեն երկուշաբթի հանցագործության մասին հաղորդում կպատրաստվի և կներկայացվի իրավասու մարմիններին։

«5165» շարման հիմադիր Կարին Տոնոյան էլ հայտնեց, որ դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը Փաշինյանին ներկայացրել է, որ ՌԴ նախագահը պատերազմը կանգնեցնելու առաջարկ է արել հետևյալ պայմաններով՝ Արցախը մնում է Հադրութով և Շուշիով, Շուշիի ադրբեջանցիները հայերի հսկողության տակ վերաբնակեցվելու իրավունք են ստանում, Հայաստանը հանձնում է 5 շրջանները, իսկ 2 շրջանների հարցը լուծվելու է հետագայում։ 

«Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տալիս, սակայն գիշերը վարչապետը գնում է Գենշտաբ և հայտարարում, որ ՌԴ նախագահը հայտնել է, որ չի ստացվում, և հնարավոր չէ դա կազմակերպել։ Սակայն մենք շատ լավ հիշում ենք, որ նոյեմբերի 10-ից հետո ՌԴ նախագահը իր տված հարցազրույցում ասաց՝ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ին առաջարկը չընդունեց Հայասատանի կառավարությունը։ Ես հարց եմ տալիս ձեզ և Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներին՝ պարոնա'յք սպաներ, Դուք գիտեք, որ ես հիմա ճշմարտությունն եմ ասում, մեզ փոխանցել են շատ հավաստի փաստեր։ Ինչ է սա, եթե ոչ դավաճանություն մեր զորքի և ժողովրրդի դեմ։ Այդ ինչպե՞ս է, որ այսպիսի դավաճանություն գործած մարդը այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը, ինքնուրույն որոշելու՝ ինչը պիտի տանք, ինչը չպիտի»,- իր ելույթում նշեց Կարին Տոնոյանը։

Ըստ շարժման մեկ այլ անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրրա սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայոց պետականության համար կործանարար է։

«Նման փաստաթուղթ ստորագրելու դեպքում համաձայնություն ենք տալիս Արցախի՝ Ադրբեջանի անքակտելի մասը դառնալուն։ Այս փաստաթղթով մեր ռազմավարական կոմունիկացիաները հանձնում ենք ադրբեջանական հսկողությանը։ Սահմանագծման ու սահմանազատման այս գաղտնի գործընթացը Հայաստանի տարածքի վրայով Ադրբեջանի և Թուրքիայի միջև միջանցքներ բացելու գործընթացի բաղկացուցիչ մասն է։ Եթե գծում ենք սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ չի ունենում ընդհանուր սահման կամ որ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին հարող ցանկացած միավոր, փաստորեն, Ադրբեջան է»,- ասաց նա։

Ըստ Սողոմոնյանի՝ հայ-ադրբեջանական սահմանների գծումն ու զատումը, որ երբևէ կլինի, պիտի լինի Արցախյան հարցի կարգավորման համատեքստում՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդիի ինքնորոշման իրավունքը և հուսալի աշխարհագրական կապը Հայաստանի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter