Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող նախաձեռնության դիմում-խնդրանքը Սերժ Սարգսյանին
Մեծարգո Սերժ Սարգսյան, մտահոգիչ փաստ է, որ ՀՀ-ում պատիժ են կրում 104 ցմահ ազատազրկման դատապարտվածներ: Խնդրի առնչությամբ մտահոգություն է հայտնել և ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը, և ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանը: Օրինակ` ՀՀ չափ բնակչություն ունեցող Էստոնիայում ցմահ դատապարտյալների թիվը 6-ն է: Օրինակները շատ են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ չկա, չի կիրառվում նաև ԴՆԹ թեսթը՝ որպես նմանօրինակ գործերի վերաբացման հիմք, (ինչպես արվում է արտերկրի շատ երկրներում), ուստի խնդրում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը իրավիճակը մեղմելու համար: Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Ձեզ մարդասիրական խնդրանքով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնատիպ խնդրանքներով 30 արվեստագետներ և 9 իրավապաշտպան կազմակերպություններ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ դարձյալ դիմել էինք Ձեզ` խնդրանքով կիրառելու ՀՀ Սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված բացառիկ իրավունքը` ներում շնորհելու մեկ անձի սպանության մեջ մեղադրված, առաջին դատվածությամբ և արդեն 15 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալների: Սակայն որևէ պատասխան ՀՀ նախագահի նստավայրից մենք այդպես էլ չստացանք:
Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում նախագահը ներում է շնորհել 200 դատապարտյալի՝ Զատկի տոնի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ մայիսը հայերիս հաղթանակաշատ ամիսն է, ուստի դիմում ենք Ձեզ դարձյալ նույն խնդրանքով:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և խնդրում կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը` ներում շնորհելով 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների թվաքանակի խնդիրը:
Ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել