HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել Հանրապետության նախագահի և խորհրդարանի լիազորությունները

Երեւանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը: Այսօր կուսակցությունն ընտրելու է կառավարման և քաղաքական նոր խորհուրդ, հաշվիչ հանձանաժողովի նոր կազմ, ապա հաստատելու է կուսակցության ծրագիրը:

Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով:

Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց` այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա, այդ պատճառով իրենք ապավինում են քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստանձնեն պատասխանատվություն ապագայի համար, գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ գաղափարների, այլ` հանուն:

Խորհրդարանական երրորդ խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժն առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները: Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը` ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի, բժիշկների, ուսուցիչների` մարզերում ներգրավվածությունն ավելացնելու համար վերջիններիս համար ապահովել էապես բարձր աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ:

ԼՀԿ-ի առաջարկներից է նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների մեծացումը, այդ թվում` բնակարանային խնդրի լուծումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում պետական համակարգում աշխատանքով ապահովելը: Կուսակցության առաջարկներից է նաև Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորման ստեղծումը:

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամի թեկնածու, Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ելույթում ընդգծեց, որ երբ կուսակցությունը նոր էր ստեղծվում, ակնկալիքներն այլ էին, այժմ երկրի առաջնահերթությունները փոխվել են, երկրի վիճակն՝ է'լ ավելի վատթարացել:

Խաժակյանի խոսքով` քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչ է լինելու ապագայում, ինչ է սպասվում 2020-ի իրադարձություններից հետո: Ըստ նրա` արտահերթ խորհրդարանական ընտրությունները իրավիճակից դուրս գալու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են: Դավիթ Խաժակյանի մոտ ժպիտ են առաջացնում քաղաքացիների ֆեյսբուքյան այն գրառումները, թե չեն լիազորել իշխանություններին փաստաթուղթ ստորագրել: Խաժակյանն ընդգծեց` քաղաքացիները լիազորել էին 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններով, այժմ էլ կարող են լիազորել հունիսի 20-ի ընտրություններով` ընտրելով ինչ-որ քաղաքական ուժի, որը իրավունք կունենա փաստաթուղթ ստորագրել:

Կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն իր ելույթում հիշեցրեց, որ համագումարը պետք է լիներ մեկ շաբաթ առաջ, սակայն, սահմանային իրավիճակով պայմանավորված, այն հետաձգվել է:

«Հետո տեսանք, որ համագումարները համագումարների հետևից տեղի են ունենում, և հասկացանք որ ոչ մի գործընթաց կանգ չի առնում, այլևս ընտրությունների գնացքը շարժվել է և գնում է առաջ»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով` իրենց քաղաքական ուժն առաջինն էր, որ կոչ արեց համախմվել արտաքին թշնամու դեմ, սակայն ճգնաժամը դեռ հաղթահարված չէ: Ըստ Մարուքյանի` տեղեկություններ են ստանում, որ թշնամու զորամիավորումները Հայաստանի սահմանին գնալով շատանում են: ԼՀԿ-ի դիրքորոշումը միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, սահմանային խնդիները պետք է քննարկվեն, սակայն ոչ ուժի ու սպառնալիքի ներքո:

«Ամբողջ աշխարհով մեկ իրազեկում ենք, որ չի կարող լինել իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին քննարկում անենք, դիվանագիտության միջոցով պետք է  դուրս գալ այս վիճակից: Կրակելը վերջին հանգրվանն է, մենք նոր ենք դուրս գալիս շատ ծանր պատերազմից, բայց հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու մեր թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ պետական սահմաններից»,-ասաց Մարուքյանը:

Նա նույնիսկ չբացառեց, որ այդպես էլ չլինեն արտահերթ ընտրություններ, քանի որ սահմանային իրավիճակը չի հանգուցալուծվում:

Լրացված 13:55

ԼՀԿ-ն կոալիցիա չի կազմելու ո'չ նախկին, ո'չ ներկա իշխանությունների հետ

ԼՀԿ ղեկավար, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց` կոալիցիա չեն կազմելու ո'չ գործող իշխանության, ո'չ էլ նախկին իշխանություններից որևէ մեկի հետ: Դիտարկմանը, թե ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ԼՀԿ-ն անցողիկ շեմը չի հաղթահարելու, քանի որ իշխող ուժին հարող արբանյակ ուժ է, Մարուքյանն ասաց, թե գործող իշխանությունների համար ավելի շահեկան է, որ իրենց ընդդիմախոսները լինեն մարդիկ, ում նկատմամբ հարուցված քրեական գործեր կան և ովքեր դոլարային միլիոնատեր են:

Մարուքյանի խոսքով` ըստ նման հարցումների` թե' 2017-ի, թե' 2018-ի ընտրություններում ԼՀԿ-ն խորհրդարան չէր անցնելու, սակայն իրողությունն այլ էր: Մարուքյանն ընդգծեց` ժողովուրդն ընտրատեղամասերում կորոշի, թե ով է ֆավորիտը: Վերջինս նաև համոզմունք հայտնեց, թե ՀՀ-ում բոլոր կարծիքները գեներացվում են գումարով, իսկ ԼՀԿ-ն ինչ-որ մարդկանց գումար չի տալիս, որպեսզի վերջիններս իրենց հարցազրույցներում պնդեն, թե ԼՀԿ-ն ևս ֆավորիտ է:

ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն մանրամասներ չհայտնեց իրենց համամասնական ցուցակի վերաբերյալ` ասելով, որ այն դեռ վերջնական կազմված չէ, ԼՀԿ-ի դռներն էլ բաց են անդամակցել ցանկացողների համար: Մարուքյանը չհերքեց` նոր անուններ կլինեն իրենց ցուցակում, սակայն ոչ այնպիսիք, որոնց մասին մամուլում հրապարակումներ կան, ապա հեգնեց` նախկին դատախազ կամ նախկին նախարար չի լինի իրենց ցուցակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter