HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյան. Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հրապարակել է նոր հոդված: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այդ թեզի լավագույն ձևակերպումը տրված է «Հայրենիքի փրկության շարժման խորհրդի» անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը,  ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև,  փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն...»:

Այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ, և հայտարարությունը ստորագրած ուժերը խոստովանեին նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին:

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը: Պատկերավոր ասած՝ թվարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ դերակատարությամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսյանի երկու «պատվիրանները».

ա. «Արյունով նվաճված հողը թղթով չեն հանձնում» — այսինքն՝ հանձնում են ավելի մեծ արյունով, ինչը և տեղի ունեցավ:
բ. «Փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» — իսկ հարկադրված լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտուլյացիա, ինչը նույնպես իրականություն դարձավ:

Արդարացի լինելու համար, պարտքս եմ համարում նշել, որ, ի պատիվ իրեն, Վազգենը, թեև ուշացած, զգաց իր սխալը և փորձեց այն ուղղել Կարեն Դեմիրճյանի հետ կնքած դաշինքի միջոցով: Հավատացած եմ, որ այդ դաշինքը, Վազգեն Սարգսյանի կողմից իր սխալի վերագնահատմամբ, զուգակցված Կարեն Դեմիրճյանի իմաստնությամբ, կարող էր ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել իրատեսական հուն: Սակայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վերջ դրեց այդ հուսադրող զարգացմանը:

Ինչ վերաբերում է ժողովրդին, որի անունից են, իբրև թե, հանդես գալիս վերը նշված ուժերը, իսկ վերջինիս կողմից մերժվելու պարագայում կշտամբում նրան անհասկացողության, տգիտության և անտարբերության մեջ, պետք է մեկանգամընդմիշտ հասկանալ՝ ժողովուրդը մեր երկրին բաժին ընկած աղետում ոչ մի մեղք չունի: Ավելին, հենց ինքն է դրա ծանրագույն հետևանքների անմիջական ու միակ կրողը: Ժողովրդի առջև պետք է միայն գլուխ խոնարհել. հանուն Արցախի ազատագրման նա գնաց հսկայական զոհողությունների, անտրտունջ կրեց լիակատար շրջափակման, Հայաստան մտնող գազամուղի և երկաթգծերի պարբերական պայթեցումների պատճառած անտանելի զրկանքները և, ամենակարևորը, զոհաբերեց տասնյակ հազարավոր իր զավակների կյանքը:

Հակառակ թե՛ իշխանական և թե՛ քաղաքական շրջանակներից հնչեցվող անարդարացի քննադատությունների, պարտության մեջ որևէ մեղք չունի նաև մեր բանակը: Իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով նա ստիպված եղավ խիզախաբար մարտնչել թվաքանակով և գերժամանակակից սպառազինությամբ իրեն բազմիցս գերազանցող հակառակորդի դեմ և մինչև վերջ անձնվիրաբար կատարեց իր պարտքը հայրենիքի հանդեպ:

Վերոշարադրյալի ողջ իմաստն այն է, որ մենք իրականում պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ քաղաքական մտքի տհասության պատճառով ինքներս ենք այդ պարտությունը բերել մեր գլխին:

Ինչևիցե, այս ամենն արդեն պատմություն է՝ ենթակա ցանկացած մեկնաբանության, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրը, սակայն այն է, թե ինչպիսի դասեր պետք է քաղել պատմությունից: Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր սպառնալիքներով: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ միտումն, անկասկած, ավելի է ուժգնանալու, ինչը դասեր քաղելու առումով ամենևին հույսեր չի ներշնչում: Իսկ դա նշանակում է, որ մեր ժողովրդին դեռևս սպասում են նորանոր կորուստներ և նորանոր հիասթափություններ:

Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ, Խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու և հարևան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում: Դրանք են՝ առաջին հերթին, անշուշտ, համալսարանական տարիների իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը, իսկ հետագայում՝ անվանի և վաստակաշատ պատմաբաններ Լևոն Խաչիկյանը, Հակոբ Փափազյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչ Բարթիկյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Աշոտ Հարությունյանը, Վահան Բայբուրդյանը, Էդուարդ Զոհրաբյանը և երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը: Վստահ եմ, որ ուրիշները նույնպես իրենց շրջապատում ճանաչել են այսպիսի մտածողություն ունեցող հեղինակավոր անձանց:

Իսկ ավելի վաղ անցյալում, հայ-թուրքական հարաբերություններում զգուշավորություն և խոհեմություն դրսևորելու հորդորներով քաջություն են ունեցել հրապարակավ հանդես գալ միայն հատուկենտ մարդիկ, մասնավորաբար՝ Պոլսո պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ինչի պատճառով 1908 թվականին, հայ հեղափոխականների գրգռությամբ, գահընկեց է արվել: Հաջորդը, թերևս, Հովհաննես Քաջազնունին է, որը, սակայն, անցյալի սխալներին հրապարակավ և ավելի հիմնավոր կերպով անդրադարձել է հետին թվով՝ Առաջին հանրապետության կործանումից հետո, ինչն, այնուամենայնիվ, չի նվազեցնում դրա արժեքը:

Անշուշտ, հայ քաղաքական մտքի սնանկության և դրա ողբերգական հետևանքներն ըմբռնելու առումով անհնար է չգնահատել նաև մեծանուն պատմաբաններ Լեոյի, Դավիթ Անանունի, Լևոն Չորմիսյանի հիմնարար աշխատությունները, իսկ գեղարվեստական գրականության մեջ՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» հանճարեղ, բայց հանիրավի քարկոծված վեպերը:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստները և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1965 թվականի ազգային զարթոնքի սերնդից էին և, ըստ էության, սնված էին այդ շրջանում տիրապետող դարձած հայդատական-պահանջատիրական գաղափարներով, գլխավոր կարգախոս ունենալով «հողերը, հողերը» վանկարկումը: Այդ պատճառով, երբ Վազգեն Մանուկյանը, 1988-ի առաջին հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ», դա ռումբի ազդեցություն գործեց թե՛ ցուցարարների, թե՛ մանավանդ, այսպես կոչված, նոմենկլատուրային մտավորականության շրջանում: Ավելի ցնցող էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածի հրապարակումը: Հաջորդը 1989թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում իմ ունեցած ելույթն էր, իսկ դրանից հետո Կտրիճ Սարդարյանի նույնաբնույթ հրապարակումները:

Հանրությունն աստիճանաբար սկսեց ընկալել իրատեսության, պատրանքներից հրաժարվելու վրա հիմնված այս նոր մտածողությունը, իսկ նոմենկլատուրային մտավորականության շրջանակները՝ Սիլվա Կապուտիկյանի, Լենդրուշ Խուրշուդյանի և Զորի Բալայանի գլխավորությամբ, ընդարձակ հրապարակումներով կատաղի պայքար ծավալեցին դրա դեմ: Նույնպիսին էր նաև Սփյուռքի հայդատական ուժերի արձագանքը: Սակայն «Ղարաբաղ» կոմիտեի վայելած անվերապահ հեղինակության պատճառով այս ամենը որևէ ազդեցություն չգործեց հանրության վրա, ինչի վկայությունն է այն, որ թե՛ Սիլվա Կապուտիկյանը, թե՛ Լենդրուշ Խուրշուդյանը, թե՛ Զորի Բալայանը 1990թ. մայիսին կայացած Գերագույն Խորհրդի ընտրություններում, քվեների հսկայական տարբերությամբ, պարտվեցին Հայոց Համազգային Շարժման թեկնածուներին:

1990-1998 թվականներին պահանջատիրությունը բացարձակապես տեղ չգտավ Հայաստանի իշխանությունների վարած պետական քաղաքականության մեջ: Ամեն ինչ փոխվեց 1998-ի հեղաշրջումից հետո, երբ այն դրվեց հաջորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության հիմքում, ինչի կործանարար հետևանքները ես փորձեցի վերհանել սույն հոդվածի հիմնական մասում:

Ուշագրավը և ուրախալին այն է, սակայն, որ, եթե Ղարաբաղյան շարժման սկզբնավորման շրջանում պահանջատիրությունը մերժվում էր հատուկենտ անձանց կողմից, այսօր այդ գաղափարախոսության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը: Այս երևույթն, անշուշտ, ներկայիս մռայլ իրականության մեջ որոշ հույս և լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ:

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Սարգսյան
ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԲԱՑԻ ԻՐԵՆՑԻՑ Դե իհարկե. Զարմանալի չէ, երբ Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ այսպիսի հայտարարություններով հանդես է գալի: Նա մեկ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, մեկ հայտարարում է, որ Նիկոլինը մեղավոր է ու հարկավոր է նրան տալ անվտանգության երաշխիք ու երրորդ երկրում քաղաքական ապաստանի հնարավորություն, մեկ այս ամենի մեջ մեղադրում է նախկիններին, մեկ ներկաներին, որոնք ընտրել են Նիկոլին և ամենազավեշտալին այն է , որ կարծես թե հայտարարությունների ձեռագիրը նույնն է՝ և Նիկոլը և Տեր Պետրոսյանը ոչ մի մեղադրանք չեն հնչեցնում Թուրքիայի ու Էրդողանի, Ադրբեջանի ու Ալիևի հասցեին: Նրանք երկուսն էլ մեղադրում են նախկիններին ու բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնվում հայկական տարածքները թուրք-ադրբեջանցիներին թողնելու: Իրենց դավադիր գործողությունները արդարացնելու նպատակով, Լ.Տ.Պետրոսյանը հայտարարում է ՝ ,,Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը,, Մեջբերելով բազմաթիվ հեղինակավոր Հայ մտավորականներին, տպավորություն է ստեղծվում, որ հայրենասիրական գաղափարախոսությունը դեռ այն ժամանակվանից հաշտվողական քաղաքականություն է վարել՝ հայկական տարածքները մոռանալու, այդ տարածքների դիմաց խաղաղություն ու հանգիստ ապրելու իրավունք ստանալու համար: Սակայն՝ հարկ է նշել, որ այդ բոլոր հեղինակավոր գործիչների հայտարարություններ, խաղաղ ապրելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու, դիվանագիտական հարաբերություններ կառուցելու, ու նրանց հետ համագործակցելու վերաբերյալ, չեն եղել Հայոց ցեղասպանությունը ուրանալու,Հայ ժողովրդի ստորացման, հազարավոր երիտասարդների արյան, հայաստանի տարածքների հանձնման, Հայի հեղինակությունը զրոյացնելու, ի վերջո հայաստանը նրանց հանձնելու հաշին: Եվ Լ.Տ. Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը հաճախակի խոսում են 30 տարվա ընդացքում հարցը չլուծելու մասին: Լինելով փորձառու քաղաքական գործիչ, Լ.Տ.Պետրոսյանը իհարկե շատ լավ հասկանում էր, որ նման տարածքային վիճելի խնդիրները երկարատև լուծումներ են պահանջում, և քանի որ Լ.Տ. Պետրոսյանը դեռ 90 ականներից հայտարարում էր, որ այդ տարածքները պետք է վերադարձնել, որի համար էլ հեռացվեց իշխանությունից՝ պատրաստեց Նիկոլ Փաշինյանին, որն էլ վերջապես իրականացրեց նրա երազանքը: Որ նախկինները, հարցի լուծման վերաբերյալ, վարելով ճկուն արտաքին քաղաքականություն, որոշակի արդյունքների հասել էին, դա ապացուցում էր տարեց տարի Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումը, որն ապացուցում էր ինքը՝ ադրբեջանի հախագահը: Սակայն կարծես թե դա դուր չէր գալիս Լ.Տ.Պետրոսյանին և Նիկոին իշխանության բերելուց հետո, արվեց ամեն ինչ այդ հաջողությունները զրոյացնեկու: Եվ իհարկե՝ հիմա պետք է հայտարարի ,,Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ: ,, ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԲԱՑԻ ԻՐԵՆՑԻՑ https://www.youtube.com/watch?v=3R4_WBRsTwA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter