HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում կարկուտից տուժել է 18 համայնք

Երեկ՝ մայիսի 23-ին, տեղացած կարկուտն ու ուժգին քամին լուրջ վնասներ են հասցրել Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Կարկուտից տուժել է 18 համայնք՝ մեծ մասամբ Էջմիածնի հատվածում:

Կարկոտից ավելի շատ տուժել են մարզի Դողս, Ամբերդ, Լեռնամերձ, Արաքս, Ջրառատ, Ջրարբի, Լուսագյուղ, Ապագա, Մեծամոր, Մրգաստան, Գրիբոյեդով, Ակնաշեն, Արտիմետ (մի հատվածը), Հայկաշեն, Արտաշար, Աղավնատուն համայնքները:

Արտաշար համայնքի ղեկավար Մանվել Օհանյանն ասաց, որ գյուղում գործում է 2 հակակարկտային կայան: Վերջիններս երեկ աշխատել են, սակայն, կարկուտը շատ ուժեղ է եղել և հարվածել է հակառակ կողմից, ինչն անսպասելի է եղել գյուղացիների համար:

«Առաջին անգամն էր, որ կարկուտն այդ կողմից է հարվածել: Կարելի է ասել՝ կայանները օգուտ չտվեցին, քանի որ շատ ուժեղ էր կարկուտն ու քամին»,-հավելեց Արտաշարի համայնքապետը:

Մանվել Օհանյանի ասելով՝ կարկուտից վնասվել է գյուղացիների բերքի 50-100%-ը: Համայնքի մի հատվածում ավելի ուժեղ է եղել, ինչն էլ դարձել է բերքի 90-100% կորստի պատճառ:

Բացի այդ, քամին վնասել է նաև գյուղի տարածքի ջերմային տնտեսությունները, պատռել պոլիէթիլենային թաղանթները: Քամուց տուժել է նաև գյուղի միջնակարգ դպրոցը. տանիքն ամբողջությամբ վնասվել է:

Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն էլ ասաց, որ գյուղը սեփականաշնորհված հողեր չունի, հիմնականում տնամերձ հողակտորներ են: Մշակաբույսերը 100%-ով կարկտահարվել են: Պաշտպանվել են պոլիէթիլենային թաղանթների տակ գտնվող բույսերը:

«Այս պահին հանձնաժողովն աշխատում է գյուղում: Մասնագետներն այցելում են մարդկանց տներ, որ վնասները հաշվառեն: Քամուց վնասներ են կրել նաև ջերմոցները: Կան դեպքեր, որ ջերմոցն ամբողջությամբ քանդվել է, մետաղյա կոնստրուկցիաները ծռվել են»,- ասաց Ղ. Ղազարյանը:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ  մարզպետարանն աշխատում է տուժած համայնքների հետ, որպեսզի հանձնաժողովներն արձանագրեն փաստերը, լրացնեն սահմանված ձևերն ու ներկայացնեն մարզպետարան: Վերջինս էլ կամփոփի տվյալները և կներկայացնի Կառավարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter