Բժշկուհին Ազգային ժողովին խնդրում է վերանայել վիրավորանքի ապաքրեականացումը
ՀՀ Ազգային ժողովին, բոլոր պատգամավորներին և կուսակցական խմբակցություններին
դիմող Լորա Բաբկենի Մովսիսյան
ԴԻՄՈՒՄ
ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԱՊԱՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես ՝ Լորա Բաբկենի Մովսիսյանս, 1974թ-ից որպես բուժող բժիշկ աշխատում եմ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ում:
2011թ.-ի ապրիլին իմ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էի փաստաբանի: Փաստաբանն իմ աշխատանքային իրավունքների առնչությամբ հարցում էր ուղարկել մեր հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանին:
Այդ հարցման պատճառով 2011թ.-ի մայիսի 12-ին հիվանդանոցի օդակաթիլային բաժանմունքում տեղի ունեցավ միջադեպ, որը հանցագործության մասին իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն մեկ տարի է, քննվում է ՀՀ ոստիկանության հետաքննության, այնուհետև քննչական բաժնում, դատախազությունում և դատարանում:
Գործի էությունն այն էր, որ իմ աշխատանքային իրավունքներին առնչվող փաստաբանական հարցում ստանալով և նյարդայնանալով՝ Ասոյանը՝ որպես գլխավոր բժիշկ, իր ինքնահաստատման պահանջմունքը բավարարելու համար այլ եղանակ չէր գտել, քան հասարակական վայրում` հիվանդանոցի օդակաթիլային բաժնում, աշխատանքային ժամին գոռգոռալը, հարայհրոց բարձրացնելը, ոտքով բժիշկների աշխատասենյակի դուռը բացելը և ջարդելը, հիվանդների և բժշկական անձնակազմի նկատմամբ արհամարհական, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցադրելով՝ ինձ մեկ ժամ շարունակ նսեմացնելը, վիրավորելը, իմ վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ օգտագործելը:
Այդ միջադեպն իմ կողմից ձայնագրվել էր՝ հետագայում իրավունքներիս պաշտպանության համար օգտագործելու նպատակով: Միջադեպի ժամանակ Ասոյանի օգտագործած անպարկեշտ բառերից ու արտահայտություններից, գռեհիկ հայհոյանքներից ձայնագրության սղագրությունից մեջբերում կատարելն անվայել համարելով՝ հայտնում եմ, որ միջադեպի ձայնագրությունը և սղագրությունը 06.09.2011թ.-ին զետեղվել են radiovan.am կայքէջում:
Ես հավատացած էի, որ Ասոյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանության) նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն քրեական հետապնդման մարմինն իր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, դատախազությունը և դատարանը բողոքը մերժելու մասին իրենց որոշումներում միակարծիք էին, որ հասարակական վայրերում հասարակության անդամների ներկայությամբ անձի վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքներ տալը, այլ գռեհիկ, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելը խուլիգանություն չէ:
Իրավապահ մարմինների այս դիրքորոշումից հետևում է, որ եթե խուլիգանություն չէ, ապա վիրավորանք է, որը, ցավոք, ապաքրեականացվել է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսվել է, որ վիրավորանքի դեպքում կարող է պահանջվել մինչև 1 միլիոն դրամի փոխհատուցում: Սա նշանակում է, որ կարելի է 1 միլիոն դրամ վճարել և հայհոյել ում, որտեղ և որքան կամենաս: Համարում եմ, որ այս իրողությունն անհարիր է մեր ազգային բնավորությանը: Մենք հայհոյախոս ազգ չենք, և բոլորիս էլ քաջ հայտնի է, որ հայհոյանքը մեզ մոտ կարող է ամենածանր հանցագործությունների կատարման պատճառ դառնալ:
Հաշվի առնելով հայհոյանքներ չհանդուրժելու վերաբերյալ մեր ազգին յուրահատուկ վերաբերմունքը՝ կարծում եմ, որ անկարելի է թույլ տալ հայհոյախոս մարդկանց, անպատիժ կամ լավագույն դեպքում 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելով, հայհոյել մարդկանց՝ վիրավորելով ու նսեմացնելով նրանց արժանապատվությունը:
Եվ առհասարակ քրեականացումը/ապաքրեականացումը կապված է հանրային վտանգի հետ: Հանցանքն առավել հանրային վտանգ ներկայացնող իրավախախտումն է:
Պնդում եմ, որ սեռական բնույթի հայհոյանքն մեծ հանրային վտանգ ունեցող հանցանք է, քանի որ կարող է կռվի, գույքի ոչնչացման, մարմնական վնասվածքների, այլ իրավախախտումների և անգամ սպանության առիթ դառնալ:
Միաժամանակ, ցավոք, հայհոյախոսությունը մնում է բավականին տարածված երևույթ: Նման պարագայում համարում եմ, որ վիրավորանքի ապաքրեականացումը եղել է վաղակետ:
Հասկանալի է, որ մեզանում տեղ գտած այնպիսի երևույթները, երբ «անգրագետ» անվանելը դարձել էր քրեական հետապնդման առիթ, անհեթեթ էին: Սակայն կարծում եմ, որ պետք չէր մեկ ծայրահեղությունից ընկնել մյուս ծայրահեղության մեջ և ամբողջությամբ ապաքրեականացնել վիրավորանքը, որը կարող է դրսևորվել նաև հանրային վտանգ ներկայացնող սեռական բնույթի հայհոյանքների կամ այլ ծանր վիրավորանքների ձևով:
Համարում եմ, որ հարկավոր էր շտկել վիրավորանքի հանցակազմը և իրավակիրառ պրակտիկան: Ուստի և առաջարկում եմ ՀՀ քրեական օրենսգրքում վերականգնել վիրավորանքի հոդվածը և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վիրավորանքը
1. Վիրավորանքը, որը դրսևորվել է ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով, գռեհիկ արտահայտություններով ստորացնելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի .................................... չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ, պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի ....................................... չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»:
Կանխավ շնորհակալ եմ Ձեր նկատառումների համար
Լորա Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել