
Քաղծառայողների սոցիալական փաթեթի ուղղությունները կարող են ընդլայնվել
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի ուղղություններն ավելացնել:
Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Գործող օրենքով` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման համար տրամադրվում է սոցիալական փաթեթ:
Կառավարությունն առաջարկում է սոցփաթեթի ուղղություններն ավելացնել` հնարավորություն ընձեռելով օգտվել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև գումարն ուղղել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման: Փոխնախարարն ընդգծեց` փոփոխություններով շահառուների թիվը չի ավելանալու, և որևէ լրացուցիչ բեռ պետական բյուջեի համար չի լինելու, հատկացված գումարի չափը չի փոխվելու (տարեկան 72 հազար դրամ):
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը շահարկումներից խուսափելու համար խնդրեց հստակեցնել, թե ովքեր են սոցիալական փաթեթի շահառուները:
Փոխնախարարն արձագանեց` դեռ կառավարության նիստին նախագծի հաստատման օրը քննարկումները սխալ ուղղությամբ էին ընթանում, ուստի ևս մեկ անգամ հիշեցրեց, որ շահառուների թիվը չի ավելանալու, հիմնական շահառուներն էլ քաղաքացիական ծառայողներն են: Սարգսյանն ընդգծեց` նախագծի շահառու չեն քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, հետևաբար նախարար, փոխնախարար, վարչապետ, փոխվարչապետ, պատգամավոր և նրանց ընտանիքների անդամները չեն կարող օգտվել սոցփաթեթից:
Նախագծի հիմնական նպատակն է, որպեսզի պետական համակարգում աշխատանքը գրավիչ լինի, և կադրերի արտահոսքը նվազեցվի: Նախագծի քննարկումն ավարտվեց, այն քվեարկության կներկայացվի վաղը:
Մեկնաբանել