
Պուտինն ու Բայդենը կհանդիպեն Ժնևում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը հավանաբար կկայանա հունիսի 15-16-ը Ժնևում։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին, հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իր աղբյուրներին։
«Վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ Ժնևը վերջնականորեն ընտրվել է որպես երկու առաջնորդների երկար քննարկվող հանդիպման վայր։ Նախատեսվում է, որ այն կկայանա հունիսի 15-16-ը՝ Բայդենի առաջին օտարերկրյա այցի վերջում»,- նշել է հեռուստաընկերությունը։
Ավելի ուշ, Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է Ժնևում երկու երկրների առաջնորդների հանդիպման լուրը, որը կկայանա հունիսի 16-ին։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենն ու Պուտինը կքննարկեն ռազմավարական կայունությունն ու փոխգործակցությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի կեսերին կգտնվի Եվրոպայում, որտեղ կմասնակցի Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին։ G7-ի հանդիպումը կկայանա հունիսի 11-13-ը Մեծ Բրիտանիայում, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը՝ հունիսի 14-ին, Բրյուսելում։
Վաշինգտոնի նախաձեռնությամբ, նախագահի կարգավիճակում, ապրիլի 13-ին կայացել էր Պուտին-Բայդեն երկրորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱՄՆ նախագահը Պուտինին առաջարկել էր առաջիկա ամիսներին անձամբ հանդիպել երրորդ երկրի տարածքում։
Լուսանկարը՝ Иван Шилов/ИА Regnum
Մեկնաբանել