ՀՔԾ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար:
Ամփոփելով Հատուկ քննչական ծառայության հետ իրականացված համատեղ գործունեության արդյունքները` կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը, նաև քննիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և կարողությունների զարգացման ուղղությամբ, կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել