Գերմանիայի Հալլե քաղաքի համալսարանում ավելի քան 300 տարի է, հայերեն է դասավանդվում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դագմար Շաբադոսի հետ: Տարոն Մարգարյանը հյուրին համառոտ ներկայացրել է Երևանի պատմությունը, քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:
«Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Հալլե և տեղում նաև փաստաթղթով ամրագրել գործընկերային հարաբերությունների սկիզբը:
Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:
Տարոն Մարգարյանը նշել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի է, հայերեն է դասավանդվում է, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Տարոն Մարգարայանը որպես սկիզբ առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին և ծրագրերին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել