HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը չկայացավ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր նշանակված էր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ, որը չկայացավ։ Դատարանի աշխատակազմից նիստի հետաձգման պատճառը «Հետք»-ին չհայտնեցին՝ նշելով, որ «Դատալեքս»-ում պատճառը կտեղադրվի։

Նշենք, որ Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչն է։ Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է: Ցուցակը ներկայացրել է Արամ Վարդևանյանը։ Ամենայն հավանականությամբ նիստը հետաձգվել է նաև այս պատճառաբանությամբ, սակայն Վարդևանյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել մարտի 17-ին։ Վերջինս մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի՝ 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին՝ Ազատության հրապարակում ընդդիմության անցկացրած հանրահավաքների ժամանակ, ինչպես նաև փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ է Մանուկյանը իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր արել։ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա իր հանդեպ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։

«Դատալեքս»-ում առկա է տեղեկատվություն նաև այն մասին, որ դեռևս մարտի 24-ին պաշտպան Վարդևանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով Վազգեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, որի քննությունը հետաձգվել է։

Ներկայացված միջնորդության կապակացությամբ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործի քննության նախապատրաստական փուլում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու թույլատրելիություն այն պայմանով, որ դա հնարավոր է առանց դատաքննության: Այսինքն՝ դրանից, ըստ էության, բխում է, որ գործի քննության նախապատրաստական փուլում վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կարող է կայացվել, եթե քրեական հետապնդումը բացառող հիմքերի առկայությունը կասկած չի հարուցում, դրանք ակնհայտ և անվիճելի են: Այլ կերպ՝ դատարանի գնահատմամբ՝ դատավարության համապատասխան փուլում քրեական հետապնդումը կարող է դադարեցվել կամ քրեական գործի վարույթը կարող է կարճվել, եթե դրա հարուցման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտված են և ակնհայտորեն առկա են քրեական վարույթը բացառող հիմքերը: Դատարանը, քննարկելով միջնորդությունը, արձանագրում է, որ տվյալ դեպքում համապատասխան միջնորդության հենքում դրված հիմքի՝ արարքում հանցակազմի բացակայության առկա լինելը ակնհայտ չէ, առկա է դրա կապակցությամբ ապացույցներ հետազոտելու և կողմերի դիրքորոշումները լսելու անհրաժեշտություն, հետևաբար, ներկայացված միջնորդության լուծումը պետք է հետաձգել՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Ապրիլի 9-ին դատարանը գործը նշանակել է դատական քննության, սակայն այդ օրը նշանակված դատական նիստը ևս չի կայացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter