HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԺԻ. «Բանակը չպետք է օգտագործվի Հայաստանի սահմաններից ներս»

Ոչ մի բանակ և ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներպետական՝ քաղաքական և քաղաքացիական տարածքում:

Մարդու իրավունքների և ժողովրադավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ս.թ. ապրիլի 13-ին հապճեպորեն ստորագրվեցին ՀՀ նախագահի կողմից, իսկ մինչ այդ նույնպիսի շտապողականությամբ ընդունվեցին ՀՀ Ազգային ժողովում:

Հայոց Բանակի օգտագործումը պետության ներքին գործընթացներում հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հայոց Բանակի գործառույթն է պաշտպանել երկիրը արտաքին հարձակումներից, այլ ոչ թե օգտագործվել որպես սեփական քաղաքացիներին բռնի պատժող ուժ: Այս օրենքը Դեմոկլեսյան սրի նման կախված է լինելու քաղաքացիական հասարակության և հայ ժողովրդի գլխին` վտանգելով քաղաքացիական, իրավական պետության կառուցման ընթացքը:

Կոչ ենք անում հայ ժողովրդին, բոլոր քաղաքացիական ուժերին, կառույցներին, նախաձեռնություններին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, դատապարտել այս հակասահմանադրական օրենքը, պահանջել անհապաղ փոխել այն` ապահովելով Հայոց Բանակի անկախությունն ու չեզոքությունը երկրի ներքին գործերում:

Հույս ունենք, որ մեր ժողովրդի առողջ ուժերը ամենուրեք, այդ թվում հենց Հայոց Բանակի ներսում սաղմում կոչնչացնեն բոլոր ծրագրերն ու փորձերը` ուղղված մարդու իրավունքների, սահմանադրականության, ՀՀ քաղաքացիական և իրավական պետության և հայ ժողովրդի գոյության և գերակա շահերի դեմ:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երևան, 16 ապրիլի, 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter