HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս էլ կտենանք, նոր տուն կգնանք». պատերազմից փրկված Թամրազյան եղբայրները

«Դրսում քնած էի, գմփոց լսեցի, մի քանի հոգով դիրքը  տագնապ տվինք ու բարձրացանք դիտակետ։ Մեր դիրքից երևում էր Հադրութը, տեսա` ոնց էր ծուխ բարձրանում, և ակնհայտ էր, որ կռիվ ա սկսվում»,-պատմում է Արցախյան 2020 թվականի պատերազմի մասնակից Մհեր Թամրազյանը։

Նա ապրում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, զորակոչվել էր 2019-ի հունվարին, ծառայում էր Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում։ Պատերազմից երեք օր առաջ դիրքեր են բարձրացել։ Եղել են զինամթերքի այն պաշարներով, որոնցով միշտ գնում են․ չեն պատկերացրել, որ կարող է պատերազմ սկսվել։ 

Պատերազմի ընթացքում Մհերն առաջին գումարտակի մարտկոցի կառավարման դասակի հետախույզն էր, եղել է հրամանատարական դիտակետում։ Պատմում է, որ հրամանատարական կազմի հետ լավ են աշխատել, և իրենց հաշվարկների շնորհիվ թշնամու մեծաքանակ զինտեխնիկա է ոչնչացվել։ 

«Մենք մեր դիրքերից տեսնում էինք, թե ինչ իրավիճակ էր առաջնագծում։ Արագ հաշվարկներ էի տալիս, որ վայրկյան առաջ թշնամու առաջխաղացումը կանգնեցնենք, քանի որ նրանց կրակի տակ էին մեր դիրքերը։ Ամեն մի դիպուկ կրակից հետո ավելի էինք ոգևորվում, ու կարծես մեր ուժը կրկնապատկվում էր»,-պատմում է Մհերը։

Դիրքերում է եղել նաև Մհերի հարազատ եղբայրը՝ Հարութը, որը եղբոր հետ միաժամանակ է զորակոչվել։ Պատերազմից մեկ օր առաջ է եղբոր հետ խոսել։ Ընթացքում չի կարողացել հետը կապ հաստատել։ 

«էդ օրը որ խոսեցի, ասեց՝ Մհեր, կարող ա կռիվ սկսվի, ես էլ ասեցի՝ մի մտածի, լավ ա լինելու։ Ու հետո, որ կռիվը սկսվեց, ես էլ լուր չունեի իրենից, ու իմ դիտակետից երևում էր, թե իրենց դիրքերը ոնց են ռմբակոծում, կիլոմետրերով ծուխ էր բարձրանում, հույսս կորցրած, անպաշտպան վիճակում էի։ Չգիտեի՝ ինչ անեմ, նույնիսկ ուզում էի ինձ վնաս տամ։ Բայց հետո սկսեցի աղոթել ու մտածել, որ ախպորս հետ ամեն ինչ լավ ա լինելու, խելքս գլուխս հավաքեցի, որ պայքարեմ։ Ես պետք է արագ հաշվարկներ անեի, քանի որ տանկերից մեկի մեջ էլ ախպերս  էր»,-պատմում է Մհերը։

Այս խոսակցությունը նաև Հարութն է պատմում։ Եղբոր խոսքերն է միշտ հիշում՝ «էս էլ կտենանք, նոր տուն կգնանք»։ Պատերազմի ժամանակ նա եղել է տանկի նշանառու- օպերատոր։ Նրանց տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 5-ին,  հնարավոր է՝ թշնամին հարձակման անցնի, իրենք դիրքերում կանգնած սպասում էին։ Բայց երբ ոչինչ չի սկսվել, Հարութը գնացել է հանգստի, քանի որ իր հանգստի ժամն է եղել: Մտածել է, որ ոչինչ չի սկսվի։ 

«Ուղիղ ժամը 7-ին վեր կացա, և հենց այդ պահին թշնամու անօդաչուն հարվածեց մեր «ՈւԱԶ»-ին, որի մեջ կային բավականին շատ արկեր և հակատանկային զենքեր։ Տանկերով արագ դիրքեր բարձրացանք  ու սպասեցինք հրամանի»,-ասում է Հարութ Թամրազյանը։

Սկզբում դեռ անհանգստություն չկար, չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Դիրքերը ռմբակոծվում էին, արկեր էին ընկնում իրենց շատ մոտ, բայց վախ չկար։ Հետո սկսել է հասկանալ, որ իրավիճակը լավ չէ։ Իսկ այդ ողջ ընթացքում եղբոր մասին է մտածել։ Չգիտեր՝ որտեղ է նա և ինչպես է։

Մհերը հիմա չի պատկերացնում, թե ինչ ուժով է շարունակել պայքարը․ ծանր օրերին, թվում էր, վերջ չկար։ Առանց հանգստի երկու շաբաթ կռվել են, 20 հոգով հայտնվել են շրջափակման մեջ։ Զեկուցել են, որ դիմացից և թիկունքից 3-4 տանկ է  մոտենում ու մոտ 600 հոգանոց թշնամական զորք։ Կռվում են, բայց  հնարավորությունները րոպե առ րոպե նվազում էին։ Մի քանի ժամ հետո դուրս են գալիս շրջափակումից, բայց արդեն՝ վիրավորված ։

«Ականի հարվածի ալիքն ինձ մի քանի մետր ետ էր շպրտել, որի հետևանքով վիրավորումներ ստացա։  Հետո երեք հոգով սողալով գնացինք դեպի Հադրութ, բայց ճանապարհին կորցրի տղերքին»,-հիշում է Մհերը։

Հոկտեմբերի 7-ին Մհերին անգիտակից վիճակում գտնում են Հադրութի անտառներում և տանում Ստեփանակերտ, որից հետո՝ տեղափոխում Երևան։ Մի քանի օր չի կարողանում խոսել, հետո աստիճանաբար խոսքը վերականգնվում է։ 
Զրույցի ընթացքում մի փոքր դադար է առնում, ապա ասում, որ իրեն և եղբորը Աստված է փրկել։ Նրա վիրավորումից մի քանի օր հետո եղբայրն է վիրավորվել։ Արկի հարվածից բեկորային վնասվածքներ էր ստացել։ 

«Մի պահ հոգու խորքում ուրախացա՝ հասկանալով, թե ինչից ա փրկվել»,-ասում է Մհերը։ 

Մհերը Երևանի հոսպիտալում էր, իսկ Հարութը՝ Սիսիանի։ Սակայն, այն փաստը, որ երկուսն էլ ողջ էին, նրանց պայքարելու և  պատերազմի թողած վերքերը հաղթահարելու ուժ էր տալիս։ 

Այժմ եղբայրներն ապաքինվել են, փորձում են շարունակել կյանքը։ Մհերը շուտով ընտանիք կկազմի, վերջերս է նշանվել։ Իսկ Հարութը նպատակ ունի շարունակել ուսումը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի վոլեյբոլի բաժնում, որտեղ սովորում էր մինչ զորակոչվելը։

Անի Թամրազյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, երրորդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter