HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռ կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ալեքսանդր Սարգայանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 1-ին:

Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը վերջին խոսք ասաց ամբաստանյալ Սարգսյանը՝ նշելով, որ դատարանից ակնկալում է արդարացի դատական ակտ:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին վերագրվում է երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Առաջին հոդվածի վաղեմության ժամկետը դեռևս չի անցել, իսկ զենք-զինամթերքի հոդվածի դեպքում անցել է, այսինքն՝ մեղադրյալի համաձայնության դեպքում նրա նկատմամբ զենք-զինամթերքի հոդվածով քրեական հետապնդումը մեղադրական հիմքով կարող է դադարեցվել, ինչին, սակայն, Հայկ Սարգսյանը դեմ է:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ և այս մասին բարձրաձայնելով՝ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը դեպքի օրն իրենց առանձնատան նկուղային հարկում եղել է Դավիթ Սիմոնյանի և ևս մեկ անձի` Արթուր Սիմոնյանի հետ, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց օգտագործելուց հետո Սարգսյանը քնել է բազմոցին՝ ձեռքին պահելով մարտական վիճակի բերված ատրճանակը: Քիչ անց Դավիթ Սիմոնյանը թմրամիջոցի հետագա օգտագործման չափաբաժնի շուրջ վիճաբանել է Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը, Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության մասին բարձրաձայնելով, կրակել է վերջինիս որովայնին:

Դավիթ Սիմոնյանին վնասվածք պատճառելու դեպքը նախկինում քննության առարկա է դարձել, Սարգսյանին այդ ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, սակայն 2018 թվականին հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, որ մարմնական վնասվածքն իրեն պատճառել է Հայկ Սարգսյանը, և գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել է, Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

Հայկ Սարգսյանը նախաքննության ընթացքում գտնվում էր կալանքի տակ, սակայն գործը քննող դատավորը, այն վարույթ ընդունելիս, անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ 50 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել է կալանքից: Այժմ դատախազը պահանջում է Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ազատազրկման:

Պաշտպան Երեմ Սարգսյանը գործի քննության ընթացքում պնդել է, որ դատարանում քննվող գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Խնդիրն այն է, որ նախկինում քննված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, դրանք ոչնչացվել են, ուստի այս պահին հնարավոր չէ պնդել, որ Դավիթ Սիմոնյանի կողմից հայտնած տեղեկությունը նոր երևան եկած հանգամանք է և նախկինում քննության առարկա չի դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter