HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Amazon-ը 8,45 միլիարդ դոլարով ձեռք կբերի Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան

Amazon ընկերությունը 8,45 միլիարդ դոլարով ձեռք կբերի Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոստուդիան։ Այդ մասին գրում է BBC-ն։ Այսուհետ Amazon ընկերությունը, որի ծառայությունների թվում է նաև հեռարձակման ծառայությունը, հասանելիություն կունենա հոլիվուդյան այդ կինոստուդիայի մեծաթիվ ֆիլմերին և հեռուստածրագրերին։

Այս շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Amazon-ը քննարկում է MGM-ի ձեռքբերման հնարավորությունը։ Լրագրողները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում էին, որ կինոստուդիան կարող է վաճառվել 8,5-9 միլիարդ դոլարով։

2017 թվականից ի վեր սա կդառնա Amazon ընկերության ամենախոշոր ձեռքբերումը։ 2017 թվականին ընկերությունը 13,7 միլիարդ դոլարով գնել էր Whole Foods ամերիկյան սուպերմարկետների ցանցը։ Բացի այդ, Amazon-ին է պատկանում նաև Prime Video հեռարձակման ծառայությունը։

MGM-ը հոլիվուդյան վերջին կինոստուդիաներից մեկն էր, որը չէր պատկանում տեխնոլոգիական կոնգլոմերատներից մեկին։ Այն հիմնադրվել է 1924 թվականին։ Ներկայումս կինոստուդիայի կատալոգում առկա է ավելի քան 4000 ֆիլմ և մոտ 17 հազար հեռուստաշոու։ Prime Video-ի և Amazon Studios-ի փոխնախագահ Մայք Հոփքինսը գործարքի հեռանկարներն անվանել է խոստումնալից, որը նոր հնարավորություններ է ստեղծում։ Նա ընդգծել է, որ կինոստուդիան ունի ավելի քան 180 Օսկար մրցանակ և ավելի քան 100 Էմմի։ 

Այս տարվա մայիսի կեսերին Warner Media կորպորացիան, որը պատկանում է AT&T-ին, և Discovery-ն հայտարարեցին միաձուլման մասին։ Վերլուծաբանները կարծում են, որ այդ միավորմանը կհաջորդեն հեռարձակման ընկերությունների, կինոստուդիաների և հեռահաղորդակցման ընկերությունների նոր միավորումներ։

Լուսանկարը՝ economictimes.indiatimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter