Կարեն Անդրեասյանն այցելել է 3 կուսակցության նախընտրական շտաբեր
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պաշտպանի առաջին տեղակալը, արագ արձագանքաման ծառայության ղեկավարը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեմոկրատական, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների շտաբերի ղեկավարների հետ։
Հանդիպման ժամանակ պաշտպանը մանրամասնել է ընտրական գործընթացներում իր խորհրդատվական և դիտորդական հիմնական երկու գործառույթները և ներկայացրել Պաշտպանի 116 թեժ գծի, արագ արձագանքման ծառայության, հանրապետության 6 մարզերում նորաբաց գրասենյակների հնարավորությունները ընտրական գործընթացների շրջանակներում:
Նա վերահաստատել է պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը իրավական աջակցություն տրամադրել խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ նրանց թեկնածուներին և վստահված անձանց:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կուսակցություններին հուզող հարցերն ու խնդիրները' կապված նախընտրական շրջանի զարգացումների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են մեկ բնակարանի հասցեում 100 անձի գրանցման դեպքը և վերջինիս վերաբերյալ ոստիկանության անբավարար արձագանքը։
Դեմոկրատական կուսակցության անդամները ընդգծել են խնդիրներ՝ կապված ընտրակաշառքի բաժանման և կուսակցության պաստառների ոչնչացման հետ։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են որպես ընտրակաշառք սննդի և կենցաղային իրերի բաժանման դեպքերի, ինչպես նաև մարզերում ընտրողների շրջանում վախի մթնոլորտի առկայության մասին:
Պաշտպանը բոլոր ներկաներին և իրենց կուսակիցներին հորդորել է խախտումների մասին այս և այլ տեղեկետվության մանրամասները դիմումների կամ ահազանգերի տեսքով հասցեավորել նաև իրեն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վաղը Կարեն Անդրեասյանն այցելելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել