
«Վէմ» ռադիոկայանը 10 տարեկան է
Ապրիլի 15-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսավորապես նշվեց «Վէմ» ռադիոկայանի 10-ամյա հոբելյանը:
«Վէմ» ռադիոկայանի (FM 101.6, www.vem.am) գործունեությունը նվիրված է մարդկային կյանքի պայծառակերպման, սեփական ինքնության բացահայտման, խորքայինի հայտածման և բարձր մշակույթի քարոզչության սպասավորությանը:
«Վէմ»-ը եթերում է շաբաթը 7 օր, 24 ժամ շարունակ՝ հեռարձակելով հայ և համաշխարհային դասական երաժշտություն, մշակութային և հոգեւոր հաղորդումներ:
Հանդիսությանը ներկա էր շուրջ 300 հյուր՝ հոգևորականներ, արվեստի և մշակույթի գործիչներ, գործարարներ, ռադիոկայանի ընկերներ ու բարերարներ: «Վէմ» ռադիոկայանին իրենց շնորհավորական ուղերձներն էին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիսության համերգային բաժնում «Վէմ»-ին իրենց բարձրակարգ կատարումներով շնորհավորեցին «Վէմ»-ի մշակութային գործընկերները՝ հանրաճանաչ երգչախմբեր ու կատարողներ:
Մեկնաբանել