HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կապիտան Հրանտ Պետրոսյան. «Էս պատերազմում մեր հարստությունը 18-20 տարեկան տղաներն էին, որ տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը»

Չդադարող սուր ցավն ինչ-որ կերպ մեղմելու համար վիրավոր կապիտանը ծնկել էր մեքենայի մեջ՝ գլուխը հենելով նստարանին: Ճանապարհի խորդուբորդերը հաղթահարող մեքենայի ամեն մի թափահարումից ցավից աղավաղված դեմքի մկաններն ավելի էին պրկվում: Ուղեղում միայն մի միտք էր պտտվում, որ դեռ զավակ չունի, որ իրենից հետո սերունդ չի թողել, որ պետք է անպայման ողջ մնա, շաղվող աչքերի առաջ մոր ու կնոջ պատկերն էր, հայրական տունը Գյումրիում:

32-ամյա Հրանտ Պետրոսյանին Ստեփանակերտի հիվանդանոցում ընդունած բժիշկներն ապշել էին, անգամ չէին թաքցրել զարմանքը, թե ինչպե՞ս է ողջ մնացել: Վնասվել էր սիրտը սնուցող գլխավոր աորտան: Ասում են` նման դեպքերում մահը չի ուշանում, իսկ ահա Հրանտին խնայել էր: «Ուրեմն իմ ժամանակը չէր եկել երկրային կյանքը լքելու, ուրեմն դեռ ինչ-որ գործեր ունեմ անելու, որ Աստված խնայեց կյանքս,-ժպտալով նկատում է Հրանտը,-իրականում միայն աորտան չէր վնասվել, աղիներս էլ էին վնասված: Հետո ինձ բացատրեցին, որ հենց կծկված դիրքն է ինձ փրկել՝ ներքին օրգաններս սեղմվել են, թույլ չեն տվել արյունահոսել: Ստեփանակերտում աորտան արագ կարել էին ու ինձ գիշերով ուղարկել Երեւան: Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում եմ պառկել: Ճիշտն ասած` այնտեղ ռիսկ չէին անում 2-րդ վիրահատությունն անել: Հոկտեմբերի 26-ին կինս եկել ստորագրությամբ համաձայնություն է տվել, որ վիրահատեն»: 

Ընդհանուր առմամբ 5 վիրահատություն է տարել Հրանտը՝ մեկը Ստեփանակերտում եւ 4-ը՝ Երեւանում: Ստեփանակերտի «սպիտակազգեստ հերշտակներին» չի հիշում, սակայն ողջ կյանքում շնորհակալ է լինելու իրեն երկրորդ կյանք պարգեւած բժիշկներին, որոնք իրենց բարձունքին եղան ամենուր: «Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից բժիշկ Հայկին, որ ծնունդով մեր կողմերից է եւ Սուրեն Աղասիչին պարտական եմ կյանք վերադառնալու համար: Հրաշք բժիշկներ են»,-շեշտում է զրուցակիցս:

Հրանտը մասնագիտությամբ բնապահպան է, կոչումով՝ զինվորական: Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, այնուհետեւ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ծառայության առաջին վայրը Կապանն էր, հետո՝ Նոյեմբերյանը, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Անիի հետ: Առողջական խնդիրների պատճառով տարի ու կես թողել է զինվորական ծառայությունն, այնուհետեւ վերականգնվել եւ 2019թ.-ի հոկտեմբերից ծառայության անցել «Մարտունի 2»-ում: «Արցախում ծառայելն իմ նպատակներից մեկն էր ու հատկապես` Մարտունիում, որտեղ ընկերներ ունեի»,-բացատրում է Հրանտը: 

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, ծառայության վայրում էր: Վաղ առավոտյան տագնապով բարձրացել են դիրքեր ու 27 օր մասնակցել մարտական գործողությունների՝ հետ մղելով թշնամու 7 առաջխաղացում: Հրանտն ասում է, որ տպավորված է հատկապես 18-20 տարեկան զինվորների ոգու ամրությամբ, կամքով ու քաջությամբ:

«Նույնիսկ ամենաթույլ զինվորի վարքագիծը փոխվել էր: Առաջին անգամ, որ թշնամուն հետ շպրտեցինք, դուք պիտի տեսնեիք, թե ինչ էր կատարվում տղաների մոտ, ոգիները որքան բարձր էր, անընդհատ հարցնում էին՝ պարո՛ն կապիտան, բա չե՞նք հարձակվելու, բա առաջ չե՞նք գնալու: Ու ինչքան հոգատար էին իրար նկատմամբ ընդամենը 18-19 տարեկան այդ տղաները, եթե ինչ-որ մեկի սաղավարտի բրոշկան պոկված է եղել, էն մյուսը կարող է իրանը հաներ ընկերոջը տար, ասեր՝ ոչինչ, վիճակը լարված է, ես առանց սաղավատի էլ կմնամ,-Հրանտը մի քանի վայրկյան լռում է,-մենք հարուստ էինք էդ երեխեքով, հաստատ հարուստ էինք, ափսոս կորցրեցինք: Ու էս պատերազմից ինձ մնաց իրենց անպատմելի ջերմությունն ու կռիվ տալու ցանկությունը: Կյանք չտեսած էդ տղերքը լավագույնն էին ու տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Ես երբեք չեմ մոռանա եզդի Քալոյան Մուրադին, ում 10 օր էր մնացել զորացրվելու, երբ սկսվեց պատերազմը: Մուրադը իսկական զինվոր էր՝ բառի ամենալայն իմաստով, մարտական ընկեր: Ինքն ու Գեւորգն իմ կողքից էին քայլում, երբ մեզ գնդակոծեցին: Տղաները զոհվեցին, ես վիրավորվեցի: Այդ օրը` հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, 300 հոգանոց գումարտակից 90 զոհ տվեցինք»: 

Հոկտեմբերի 22-ին հրաման էր եղել թողնել Մարտունիում եղած դիրքերն ու շարժվել Վարանդա (Ֆիզուլի): Հրանտն ասում է` որպես զինվորական մինչեւ օրս չի կարողանում հասկանալ ստացած հրամանի տրամաբանությունը: Սակայն օրենքն արգելում է քննարկել հրամանները: Անհամաձայնությունդ կարող ես հայտնել միայն այն կատարելուց հետո: «Ի վերջո, մենք պետական սահման էինք պահում, եւ անհասկանալի էր, թե ինչու մեզ իջեցրեցին դիրքերից ու հրամայեցին շարժվել Ֆիզուլի,-պատմում է Հրանտը,-հրամայված էր գնալ եւ պատնեշ դնել հակառակորդի առաջ: Մենք շարժվել ենք գիշերն ու անմիջապես էլ ընկել հրետակոծություն տակ, հակատանկային մեքենան ամբողջությամբ խոցեցին, շարասյունը կանգնեցրել ենք, անձնակազմին իջեցրել մեքենաներից, մի երեսուն հոգու ես եմ հավաքել, մեր մյուս վաշտի հրամանատարը՝ Մասիսն ասաց` դուք առաջ շարժվեք, ես փորձեմ մնացածին հավաքեմ: Մասիսն ու էլի շատ տղաներ զոհվեցին այդ օրը: Մենք այդպես էլ չհասանք Ֆիզուլի, որովհետեւ չէինք կարող 30-40 հոգով 300-ի գործ անել»:

Հրանտն ասում է, որ թշնամու վարած պատերազմն անհավասար պայմանների մեջ էր դնում հայկական կողմին: «Ի՞նչ էր անում թշնամին. էնքան էր մի կետում հրետակոծում, գնդակոծում, մինչեւ համոզվեր, որ մի 2 տոկոս շնչավոր է մնացել, էն, որ կարող է դա էլ չլինի, դրանից հետո գալիս գրավում էր: Նրանք անընդհատ աշխատում էին օդից: Եթե մարտեր մղվեին դեմ առ դեմ, հարյուր տոկոս կարող եմ ասել, որ հայ զինվորին հաղթել չէր լինի: Բայց փաստն այն է, որ լիքը հատվածներում թշնամու կենդանի զինվոր մերոնք այդպես էլ չեն տեսել»:

ՄՈԲ-ի հետ կապված էլ Հրանտն ունի դիտարկումներ, ասում է՝ պահանջներ էին դրվում, որոնք ավելի շուտ քաղաքացիական կյանքին էին հարիր, որը ռազմական դրությունը սովորաբար չեղարկում է: «Ասենք` դժգոհում էին, որ քնելու տեղը չոր է, որ ամեն օր կերածները փլավ է եւ այլն: Ես էդ դժգոհողներից մի քանիսին հետս բարձրացրել եմ դիրքեր, որ տեսնեն, թե որտեղ է քնում 18 տարեկան զինվորը՝ խրամաճեղքում, որտեղ է հանգստանում՝ հողերի մեջ, իսկ իրենք մնում էին կացարաններում»:

Հրանտին բժշկական հանձնաժողովը որոշել է հաշմանդամության 3-րդ կարգ տալ: 10 տարի մարտական դիրքերում ծառայությունն իրականացրած կապիտանի համար անհասկանալի է, թե ինչու իրեն չեն թոշակավորել որպես զինվորականի: «Իհարկե, ես տված կարգի հետ էլ համաձայն չեմ, բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ վիրավորումներն եղել են պատերազմի դաշտում, ես որպես զինվորական եմ կռվել, հո սեփական տան տանիքից չե՞մ ընկել խաղաղ պայմաններում: Մինչեւ հիմա էլ թոքիս շրջանում բեկոր կա, որ նեղում է պարբերաբար ու հաստատ հետագայում հեռացնելու կարիք է լինելու: Ես ի՞նչ է, բազմաբեկորային վիրավորումը այգում գործ անելու՞ց եմ ստացել, աղիներս վնասվել են փողոցում պատահաբար ընկնելու՞ց: Եվ ես միակը չեմ, որ նման խնդրի առաջ եմ կանգնած»,- նկատում է զրուցակիցս:

Բայց սա միակ պրոբլեմը չէ: Հրանտը չգիտի, թե ինչպես պետք է փակի երկու բանկին ունեցած 6,5 մլն դրամ պարտքը, քանի որ զրկվել է նաեւ աշխատանքից: «Ինձ ոչ պիտանի են հանել զինվորական ծառայության համար ու զորացրել են: Բայց մտածում եմ` մի՞թե մի աշխատանք չէր գտնվի շտաբում: Նախկինում ես 400 հազար դրամ էի ստանում, որով հնարավոր էր էս վարկերը փակել, իսկ հիմա չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, եթե ընտանիքի միակ աշխատողը ես եմ,-նկատում է Հրանտը,-հարցնում եք ապագայի ի՞նչ ծրագրեր ունեմ, ոչինչ էլ չունեմ, առայժմ մտածում եմ առողջությունս վերականգնելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter