HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է հայտնել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ, նշելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են վերջիններիս շուտափույթ վերադարձնելու համար:

Անդրադարձ է եղել նաև սահմանային իրավիճակին: Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ իր այցը Մոսկվա կապված է նաև ստեղծված իրավիճակի կարգավորման հետ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, համապատասխան բոլոր մարմինների, հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը մեր զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ պետք է անել նման դեպքերը բացառելու, մեր զինծառայողների և քաղաքացիների անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար:

Նախագահն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները համարում է միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում, որոնք պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանն ու գնահատականին: Համապատասխան քայլեր ձեռնարկելու հետ մեկտեղ նա կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շարունակումը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter