
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ գրասենյակի վրա հարձակման մասին (վիդեո)
2012 թ. ապրիլի 16-ին՝ առավոտյան ժամը 10:30-11:00-ի սահմաններում, մոտ 200 քաղաքացիներ պաստառներով և դրոշակներով ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մոտեցան կազմակերպության գրասենյակին:
Նրանցից մեծաթիվ խումբ մտավ գրասենյակ և ներկայացրեց պահանջ այն մասին, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման համար:
Կազմակերպության ղեկավարը հայտնեց, որ իրենց պատասխան կտրվի ավելի ուշ, սակայն պահանջ ներկայացնողները և այդ ընթացքում կազմակերպություն ներխուժած այլ քաղաքացիները բացականչություններով, սպառնալիքներով պահանջեցին' պատասխան տրվի անհապաղ և այդ պահին:
Կազմակերպության նախագահը հայտնեց, որ Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը այսօր՝ առավոտյան, հայտարարել է ֆիլմերի ցուցադրության հետաձգման մասին, սակայն նրանք պահանջեցին, որ այդ մասին հրապարակվի հրապարակավ դրսում հավաքվածներին: Կազմակերպության նախագահը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, այդ մասին հայտարարեց խմբի կազմակերպիչների կողմից բերված բարձրախոսով:
Սակայն որոշ ժամանակ անց վերստին քաղաքացիների ներկայացուցիչները մտան գրասենյակ և պահանջեցին, որ ընդհանրապես կազմակերպությունը տարածքը չպետք է տրամադրի ֆիլմերի ցուցադրության համար:
Այդ պահանջի ներկայացմանը զուգահեռ դրսում հավաքվածների կողմից սկսեցին նետվել ձվեր, քարեր, որոնցից երկուսը կոտրեցին գրասենյակի պատուհանների ապակիները, իսկ նրանցից մեկից վնասվեց կազմակերպության աշխատակիցներից մեկը:
Ստեղծված, ուղղորդված և կազմակերպված սպառնալիքներ, հայհոյանքներ էին հասցվում գրասենյակում գտնվող կազմակերպության աշխատակիցների նկատմամբ:
Այդ պահին ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չէին իրականացնում կազմակերպության աշխատակիցների անվտանգության, սպառնալիքների, բռնությունների կոչերի և հասարակական կարգի խախտման կանխարգելման ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության կողմից հեռախոսազանգերի միջոցով ոստիկանությանը հայտնվել էր կազմակերպության և նրա աշխատակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, որը սակայն այդպես էլ չարվեց:
Գնահատելով իրավիճակը՝ կազմակերպության ղեկավարը հետագա անկանխատեսելի հետևանքների կանխման նպատակով ստիպված հրապարակավ հայտարարեց միջոցառման չիրականանալու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը, հարգելով կարծիքի և արտահայտման ազատությունը՝ որպես մարդու հիմնարար ազատություններից մեկը, գտնում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտում, այլ բռնության, սպառնալիքների, գույքի ոչնչացման կիրառմամբ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում, ապօրինի միջամտություն, որը նպատակ է հետապնդել խոչընդոտելու կազմակերպության կողմից իր տարածքը տնօրինելու իրավունքին:
Մինչ այժմ կազմակերպություններից որևէ մեկը թվով 30 ՀԿ-ներից և ԶԼՄ-ներից չի դատապարտել կատարված բռնությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ տեղի է ունեցել իրավապաշտպան գործունեության և այդ գործունեությունը իրականացնողների նկատմամբ կազմակերպված բռնություն ոստիկանության աշխատակիցների անգործության պայմաններում և ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Մեկնաբանել